Եթե մենք չկարողանանք ներքին պահանջարկի ավելացմանը զուգահեռ ստեղծել պայմաններ, որպեսզի Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցներն ինտեգրվեն Հայաստանի աշխատուժի շուկայում, մեր ամենօրյա կյանքում, առաջարկի տեսանկյունից կունենանք որոշակի անփոփոխ կամ սահմանափակ վիճակ, այսինքն՝ ՀՆԱ-ի պոտենցիալ աճի վրա ազդեցությունը կլինի սահմանափակ, այն պարագայում, երբ լինելու է ընդլայնված պահանջարկ, սա կարող է հանգեցնել գնաճի։ Այս մասին այսօր Կենտրոնական բանկում հրավիրված ասուլիսում հայտարարեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը։
Այսինքն, ըստ Գալստյանի, կարճաժամկետում կառավարությունը ֆինանսական աջակցություն է տրամադրում բռնի տեղահանված արցախցիներին, օժանդակությունը շարունակվելու է, եւ դա կարճաժամկետ հատվածում ազդելու է ներքին պահանջարկի ավելացմանը, ուստի, եթե արցախցիները հնարվորինս շուտ չինտերգրվեն ՀՀ կյանքում, տնտեսությունում, դա կհանգեցնի գնաճի։
Դա կանխելու համար, ինչպես ներկայացրեց Գալստյանը, նախ պետք է անել ամենակարեւորը՝ արցախցիների ինտերգրումը կազմակերպել այնպես, որ նրանք արտադրողական սեկտորում ներգրավվեն եւ ստեղծեն բարիք, իսկ կարճաժամկետում փորձել նրանց բեռը թեթեւացնել։
ԿԲ նախագահի խոսքով՝ այս տարի թերակատարվում են կապիտալ ծախսերը․«Գործադիրը հավաստում է, որ հիմնական ծախսերը 4-րդ եռամսյակում են լինելու, որը կմեղմի իրավիճակը, բայց քանի որ մյուս տարվա համար կապիտալ ծախսերը չափազանց ամբիցիոզ են, կարեւոր է ճիշտ կազմակերպումը։ Աշխատուժի շուկայում փոփոխություններ են լինում, կարեւոր է, որ այդ մարդկանց պոտենցիալն օգտագործվի հենց այդ կապիտալ ներդրումների ծրագրային իրականացման ծրագրերում»։
Կարդացեք նաև
Հարցին՝ ԱԺ-ում ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը հայտարարել էր, որ Արցախի կառավարությունը հայաստանյան բանկերին պարտք է 200 մլրդ դրամ, այս ուղղությամբ ի՞նչ է նախատեսվում անել, Գալստյանը պատասխանեց․«Հայաստանի ֆինանսական համակարգի կայունությանն այս պահին ոչինչ չի սպառնում։ Կա որոշակի գործընթաց, որն ընթացքում մենք կառավարության, ԱԺ-ի եւ բանկային համակարգի մեր գործընկերների հետ պետք է քննարկենք եւ հասկանանք՝ որն է խելամիտ լուծումը, որը թույլ կտա ստեղծված իրավիճակից ստանալ լավագույն լուծում։ Այս պահին վերջնական քննարկում չի եղել, որպեսզի ստույգ բան ասեմ»։
Ամերիաբանկի բաժնեմասի վաճառքի մասին էլ ԿԲ նախագահն ասաց՝ նման գործարք չկա։
Նշենք, որ Կենտրոնական բանկի խորհուրդն այսօր որոշում է կայացրել վերաֆինանսավորման տոկոսադրույքն իջեցնել 0,25%-ով եւ սահմանել 9,5%։
Մարտին Գալստյանի խոսքով՝ վերջին ամիսներին Հայաստանում դիտվում է սպասվածից բարձր տնտեսական ակտիվություն, որին շարունակում է նպաստել շինարարության ու ծառայության ոլորտների բարձր աճը․«Մյուս տարի շատ լավ տնտեսական աճ է լինելու՝ ըստ մեր կանխատեսումների։ 5.6%՝ շատ նորմալ թիվ է»։
Նելլի ԲԱԲԱՅԱՆ