Լրահոս
Օրվա լրահոսը

«Արցախից բռնի տեղահանվածների համար բնակարանաշինություն իրականացնելու քննարկումներ կան»․ Գնել Սանոսյան

Հոկտեմբեր 31,2023 16:59

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ հարցին, թե Արցախից բռնի տեղահանված անձանց համար Հայաստանում բնակարանաշինության ծրագիր կիրականացվի՞։

Նա նշեց, որ կարճաժամկետ ծրագրով ֆինանսական աջակցություն են ցուցաբերում բռնի տեղահանվածներին, իսկ երկարաժամկետ ծրագիրը քննարկվում է։ «Ընդ որում, կան տարբեր քննարկումներ, ինչ որ ասում եմ, վերջնական չհամարեք։ Կան քննարկումներ սերտիֆիկատների հետ կապված, կան քննարկումներ բնակարանաշինություն իրականացնելու եւ տրամադրելու վերաբերյալ։ Որտե՞ղ իրականացնել, ի՞նչ պայմաններով, ի՞նչ գոտիավորում ունենալ, ի՞նչ մեթոդով հատկացնել՝ սեփականության իրավունքով, թե՞ որոշակի ժամկետով, որպեսզի այնտեղ ապրի, նոր դառնա այդ մարդու սեփականությունը, այսինքն՝ բազմաթիվ այսպիսի քննարկումներ կան»,- ասաց Սանոսյանը։ Նա նշեց, որ գրեթե ամեն օր կառավարությունում ստեղծված աշխատանքային խումբը քննարկում է այս հարցերը։ Արցախի իշխանություններից ներկայացուցիչ չկա ներգրավված աշխատանքային խմբում, բայց տարբեր անձանց հետ քննարկումներ տեղի են ունենում։

ՏԿԵ նախարարը նաեւ նշեց, որ այն գումարները, որոնք Հայաստանի կառավարությունը ծախսում է Արցախից բռնի տեղահանված անձանց կարիքների համար, մի  քանի անգամ ավելին են, քան միջազգային կառույցների հատկացրած աջակցությունը։ «Մինչեւ այս պահը՝ սկսած առաջին պահից, երբ Կոռնիձորում, Գորիսում, Վայքում մենք ընդունել ենք մեր հայրենակիցներին, այդ պահից սկսած արվել են տարբեր ծախսեր, որոնց համար մոտ 3 մլրդ 942 մլն դրամ հատկացվել է 10 մարզերին։ Մարզերն էլ իրականացրել են հյուրանոցների հետ կապված պարտավորությունների մարում, սննդային կամ այլ կարիքների համար վճարել են»,- հավելեց նա։ Սանոսյանն ասաց, որ իրականում կարիք չկա, որ անհատները տարբեր նախաձեռնություններով աջակցության ծրագրեր իրականացնեն արցախցիների համար։ «Թող դիմեն մեզ, եւ մենք՝ որպես կառավարություն, բոլոր կարիքները կհոգանք, խնդիր չկա։ Բայց հիմա, եթե կան անհատներ, խմբեր, ովքեր ցանկանում են օգնել, մեծ հաշվով նորմալ է»,- ընդգծեց նա։

Հարցին, որ, օրինակ, Կոտայքի մարզում բնակություն հաստատած արցախցիներից շատերը բնակարանի, կենցաղային իրերի կարիք ունեն, իսկ համայնքների ղեկավարները չեն կարողանում դա ապահովել, դիմում են քաղաքացիներին, որպեսզի օգնեն իրենց այդ հարցում, ինչպե՞ս է ինքն ասում, թե քաղաքացիների աջակցության կարիքը չկա, ՏԿԵ նախարարը պատասխանեց․ «Հարգելիներս, Կոտայքի մարզում 25 հազար մարդ կա, ձեզ թվում է՝ 25 հազար մարդու համար բնակարաններ մարզպե՞տն ուներ, թե՞ համայնքապետը։ Մենք 100 հազար մարդ ընդունեցինք, ի՞նչ խնդիր կա։ Երբ նշում եք բնակարանների բարձր վարձերի մասին, ցավոք, այդպիսի բան կա, բայց եկեք չմոռանանք, որ մենք հանրապետությունում ունենք բնակավայրեր, որտեղ տասնյակներով տներ են հատկացված բռնի տեղահանված մեր հայրենակիցներին, եւ ոչինչ չեն վճարում։ Այսինքն՝ եթե ունենք հայրենակից, ով 100 հազար դրամանոց տունը 200 հազար դրամով է վարձով տալիս, մենք ունենք նաեւ շատ հայրենակիցներ, որոնք առանց որեւէ վճարի դիմաց տրամադրել են»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031