Լրահոս
Օրվա լրահոսը

«Մարգարայի անցակետում կահավորման աշխատանք է կատարվում, չեմ կարող ասել, թե հայ-թուրքական սահմանը երբ կբացվի»․ ՏԿԵ նախարար

Հոկտեմբեր 31,2023 16:35

«Ընդհանրապես ցանկացած ենթակառուցվածք բացելն ու օգտագործելն այդ ենթակառուցվածքն ունեցող երկրներին բերում է դրական ու օգտակար արդյունք»,- այս մասին խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը՝ անդրադառնալով հայ-թուրքական սահմանի հնարավոր բացմանը երրորդ երկրների քաղաքացիների համար։

Նիկոլ Փաշինյանը երեկ խորհրդարանում հայտարարել էր․ «Առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, որը վերաբերում է հետևյալին՝ Հայաստան-Թուրքիա սահմանն այս փուլում բացվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար: Նաև պետք է ասեմ, որ բացի քաղաքական պայմանավորվածությունից, նաեւ ենթակառուցվածքային էական աշխատանք է արվել, մասնավորապես, մենք վերազինման, վերականգնման ուղղությամբ աշխատել ենք Մարգարայի անցակետում, և այս առումով, ըստ էության, արդեն պատրաստ ենք նման զարգացումների. հույս ունենք՝ այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն»։

Գնել Սանոսյանն ասաց․ «Ինչ վերաբերում է Մարգարային, ապա այնտեղ հիմա որոշակի շինարարական ու կահավորման աշխատանք է տեղի ունենում, որն իրականացնում են ՊԵԿ-ի եւ Քաղաքաշինության կոմիտեի գործընկերները։ Իսկ թե կոնկրետ երբ կսկսի անցակետն աշխատել, չեմ կարող ասել, այդ մասով բանակցողներն են զբաղվում»։

ՏԿԵ նախարարը նաեւ ասաց, որ ինքը Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակության կազմում մեկնել էր Վրաստան, որտեղ ներկայացրել են տարածաշրջանում խաղաղության հասնելու իրենց տեսլականը։ «Եղել եմ այն դահլիճում, որտեղ ներկայացվել է «խաղաղության խաչմերուկ» հայեցակարգը եւ կարող եմ փաստել, որ եւ դահլիճում, եւ այնուհետեւ տարբեր գործընկերների հետ ուղղակի քննարկումների ընթացքում բավական դրական է ընկալվել ելույթը, հայեցակարգը, առաջարկները։ Եվ կարծում եմ՝ դա որոշակի դրական ազդեցություն ու հետեւանքներ կունենա»,- հավելեց նա։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031