Լրահոս
Օրվա լրահոսը

«Իսկ դուք չե՞ք շտապում, որ խաղաղություն լինի, ուզում ենք խաղաղություն լինի, որ արհավիրք չլինի»․ Գնել Սանոսյան

Հոկտեմբեր 31,2023 16:19

ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանից այսօր լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչ քարտեզներով են իրականացվելու Հայաստան-Ադրբեջան սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները։ «Նշվել է, որ պետք է այդ աշխատանքներն իրականացվեն այն քարտեզներով, որոնք ունենք իրավական հիմք։ Ուղղակի վարչական քարտեզն ուրիշ բան է, դասագրքային քարտեզն ուրիշ բան է, իրավական հիմք ունեցող քարտեզն ուրիշ բան է»,- ասաց նա։ Դիտարկմանը, որ Նիկոլ Փաշինյանն ասում է, թե կան այդ քարտեզները, ո՞ր քարտեզների մասին է խոսքը, Սանոսյանը պատասխանեց․ «Դե ավելի լավ, որ կան, բայց մեր նախարարությանը չի առնչվում, որ ես կարողանամ մանրամասներ հայտնել։ Որպես կանոն՝ դա հիմնականում պաշտպանական գերատեսչություններին վերաբերող հարց է»։

Անդրադառնալով հարցին, թե Մեղրիի երկաթուղու ծրագրի վերաբերյալ նոր զարգացումներ կա՞ն, Գնել Սանոսյանը պատասխանեց․ «Իսկ դուք չեք շտապո՞ւմ, որ խաղաղություն լինի՝ որպես Հայաստանի քաղաքացի։ Դուք ո՞ւր եք շտապում»։ Լրագրողի դիտարկմանը, որ երբ իշխանությունն ասում է՝ «խաղաղություն», հակառակն է լինում, արհավիրք է լինում, Արցախն է հայաթափվում, Սանոսյանը պատասխանեց․ «Ուզում ենք խաղաղություն լինի, որ արհավիրք չլինի։ Աշխարհում աշխարհակարգի փոփոխություն է, շատ ավելի մեծ գլոբալ խնդիրներ կան, քան մեզ առնչվող խնդիրներն են»։

Ինչ վերաբերում է երկաթգծին՝ Սանոսյանն ասաց, որ 2020 թվականից հետո կատարվել են առաջին ուսումնասիրությունները։ Դրանից հետո Ճարտարապետաշինարարական համալսարանի կողմից իրականացվել են ուսումնասիրություններ։ «Այսինքն՝ մենք գիտենք այնտեղի վիճակը, պատկերացնում ենք՝ ինչ աշխատանք է պետք անել, մոտավորապես ինչքան ժամկետներում։ Այսինքն՝ որոշակի աշխատանքային նախնական պատկերացում ունենք, թե ինչ է պետք անել, որ երկաթգիծը վերականգնվի։ Բայց ամեն այդ ամենը կարող է տեղի ունենալ, երբ կլինեն քաղաքական, դիվանագիտական եւ այլ գործոններ»,- հավելեց նա։

Գնել Սանոսյանն անդրադարձավ նաեւ հարցին, թե ինչո՞ւ «հայկական խաչմերուկը» փոխեցին եւ անվանեցին «խաղաղության խաչմերուկ», խաղաղություն ասելով՝ խաղաղությո՞ւն են ստանալու։ «Այո, ուզում ենք խաղաղություն ստանալ, դրա համար հարցրեցի՝ ինչո՞ւ դուք ի՞նչ եք ուզում։ Պետք է յուրաքանչյուրը ջանք գործադրի, որ տարածաշրջանում լինի խաղաղություն, տարածաշրջանը կարողանա նորմալ զարգանալ, եղած ենթակառուցվածքներն օգտագործվեն, նոր ենթակառուցվածքներ կառուցելու մասին մտածենք»։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031