Լրահոս
Օրվա լրահոսը

Խաչանուշ Հակոբյան․ «Ես սովորական հայ կին եմ, որն ունի իր վախերը, սակայն այժմ՝ այսքան տարիներ ի վեր, գնում եմ մամոգրաֆիկ հերթական հետազոտության առանց վախենալու»

Հոկտեմբեր 31,2023 22:00

Հայ-Ամերիկյան առողջության կենտրոնի տնօրեն Խաչանուշ Հակոբյանի հետ զրուցել ենք իրականացված երազանքների և սպասելիքների, սեփական եսը սիրելու, առողջության մասին հոգ տանելու կարևորության մասին՝ չմոռանալով նաև անդրադառնալ կրծքագեղձի քաղցկեղին առնչվող թեմաներին։ 

-Տիկին Խաչանուշ, մինչ հարցազրույցը սկսելը, դուք ձևակերպեցիք այն միտքը, որը շատ հոգեհարազատ է նաև ինձ «Ես ծնվել եմ բժիշկ, բայց բժիշկ չեմ դարձել․․․» մեծ երազանք է, չէ՞, թաքնված այդ մտքի ետևում․․․ ու նաև, կարծում եմ, երազանքին հասնելու պատմություն։

-Հայրս խոստացել էր, որ անպայման բժիշկ եմ դառնալու, և հաճախ ես իրեն հիշեցնում էի այդ մասին, ասում, որ ուզում եմ մարդկանց կյանքեր փրկել, օգտակար լինել նրանց, և սովորում էի այնպես, որ կարողանամ իրականացնել իմ երազանքը․․․ Սակայն հայրս թերևս կյանքում միայն մեկ անգամ դրժեց իր խոստումը, և երբ ես, դպրոցը ոսկե մեդալով ավարտելով, գնում էի իմ գործերը տալու Բժշկական ինստիտուտ, տեղում պարզեցի, որ եկել եմ Պոլիտեխնիկի տնտեսագիտական բաժին ընդունվելու։ Ես, իհարկե, չէի կարող հակաճառել  հայրիկիս, որն արտակարգ մարդ էր, և մինչ օրս ինձ նաև իրենով են ճանաչում․․․ Ընդունվեցի Պոլիտեխնիկ և այնտեղ էլ շատ լավ էի սովորում՝ նաև հորս պատիվը բարձր պահելու համար և երբ ավարտեցի, մնացի ամբիոնում որպես ասիստենտ։ Ես դասավանդում էի հեռակա բաժնում ևս՝ ինձնից տարիքով կրկնակի մեծ մարդկանց։ Իհարկե, սկզբում շատ վախվորած էի, բայց քանի որ մանկավարժների ընտանիքում էի մեծացել և մոտավորապես պատկերացնում էի՝ ինչի մասին է խոսքը, հաղթահարեցի այդ դժվարությունները, և իմ ուսանողներն ինձ սկսեցին շատ սիրել, ես էլ՝ իրենց․․․ Հետո ամուսնացա, երեխաներ ունեցա և կյանքս այնպես դասավորվեց, երևի նորից Աստծո կամոք, ճակատագիրն ինձ բերեց Առողջության կենտրոն, որտեղ ընդամենը 23 հոգի էր աշխատում, և որը միայն մի հարկ էր զբաղեցնում այս շենքի առաջին հարկում։ Սկսեցի այս կենտրոնում աշխատել՝ սկզբում չկամությամբ և չհասկանալով՝ ինչի հետ գործ ունեմ․․․ Հետո, երբ խորացա, զգացի, որ սա իմ առաքելությունն է, որին պետք է նվիրվեմ ու այն ուժով, որ ժամանակին սովորել եմ, նույն ուժով պետք է աշխատեմ այստեղ։ Եվ հիմա՝ երբ խորանում եմ, թե որտեղ եմ ես ինձ հայտնաբերում, հասկանում եմ, որ կյանքեր փրկելու իմ երազանքը, այնուամենայնիվ, որոշ չափով իրականացել է․․․

 -Տիկին Խաչանուշ, հոկտեմբերը կրծքագեղձի քաղցկեղի իրազեկման ամիսն է, և առիթն օգտագործելով, կուզեի նաև այդ թեմայի շուրջ զրուցել գիտեմ, որ դուք մեծ դեր եք ունեցել մեր հասարակությունում ժամանակին փակ համարվող թեմայի մասին բարձրաձայնելու և մարդկանց տեղեկացվածության մակարդակը բարձրացնելու հարցում։

-23 տարի առաջ, երբ նոր էի սկսել աշխատանքս, մեր հասարակությունը բավականին անտեղյակ էր առողջապահական թեմաներից։ Մարդիկ շատ վախվորած էին բժշկի գնալու հարցում և շատ պահպանողական, նույնիսկ եթե մարդն ուներ քաղցկեղ, ապա աշխատում էր այդ մասին չբարձրաձայնել, քանի որ ամոթ կար, վախ, տհաճություն․․․ Շատերն անգամ մտածում էին, որ ավելի լավ է չգնան բժշկի, քան թե իմանան, որ ինչ-որ հիվանդություն ունեն։ Այդ պայմաններում էլ մենք սկսեցինք աշխատել, և մեր գերխնդիրը դարձավ մարդկանց այդ մտքերից ձերբազատելը։ Գուցե անհամեստություն թվա, բայց պետք է ասեմ, որ մենք Հայաստանում ամենամեծ քայլն արեցինք ուռուցքաբանության բնագավառում՝ մարդկանց կրթելով, որ կարևոր է և պետք է կանխարգելել քաղցկեղը, մասնավորապես կրծքագեղձի քաղցկեղը՝ հնարավորինս շուտ հայտնաբերելով այդ հիվանդությունն ամենամյա ստուգումների միջոցով։ Հենց այս գաղափարն էր, որ մենք տվեցինք մեր հասարակությանը, և ես շատ գոհ եմ արդյունքից, քանի որ մենք  26 տարիների ընթացքում 702,122 մարդ ենք սպասարկել մեր կենտրոնում և 15,003 մարդու կյանք կարողացել ենք փրկել, քանի որ իրենք շուտ են դիմել, եկել են կանխարգելելու նպատակով՝ իրենք էլ չիմանալով, որ քաղցկեղ ունեն․․․ Այս մարդիկ են մեր ճիշտ աշխատանքի գրավականը։

-Իսկ դո՞ւք՝ որպես կին, հետևո՞ւմ եք արդյոք այդ կանոններին։

-Իմ առումով, նշեմ, որ ես սովորական հայ կին եմ, որն ունի իր վախերը, իր մտքերը, սակայն այժմ, այսքան տարիներ ի վեր, ես գնում եմ մամոգրաֆիկ հերթական հետազոտության առանց վախենալու։ Հենց հետազոտությունն անում են, ես չեմ էլ սպասում ախտորոշմանը, արագ մտնում եմ բժիշկների սենյակ և ասում․ «Ինձ ոչ մի բան չի լինի, ես գնացի», ու այդպես ամեն անգամ ես ճիշտ եմ դուրս գալիս։ Իհարկե, ունեմ խնդիրներ, ինչպես և իմ տարիքի գրեթե բոլոր կանայք։ Մեծ մասամբ այդ խնդիրները հաղթահարելի են։ Միայն մի դեպք երբեք չեմ մոռանա, երբ հերթական հետազոտությունից հետո ուրախ-ուրախ եկա աշխատասենյակ ու անցա իմ գործին, հանկարծ մեր բաժնի վարիչն այլայլված ներս մտավ և վախվորած ասաց՝ գիտեք, այնպես է ստացվել, որ նկարը լավ չի ստացվել, պետք է կրկնել․․․ Ես, իհարկե, հասկացա, որ չի կարող էնպես լինել, որ «նկարը լավ չստացվի», և գուցե ինչ-որ բան այն չէ։ Ճիշտն ասած, զգացումներս շատ զարմացրեցին ինձ․ ես չափազանց հանգիստ տարա այդ տեղեկությունը․․․ Եվ հետո, երբ ինքս ինձ համար վերլուծում էի, թե ինչու չսարսափեցի, սթրես չտարա՝ ունենալով այդքան վախեր, հասկացա, որ դա այն պատճառով, որ ես վստահ էի, որ 12 ամիս առաջ անցել եմ հետազոտություն, և եթե անգամ ինչ-որ բան էլ ձևավորվել է, ապա դա շատ հեշտ հաղթահարելի խնդիր  է։ Իհարկե, երբ կրկնեցինք հետազոտությունը, պարզվեց, որ տեխնիկական խնդիր էր առաջացել, մաշկն էր պարզապես ծալվել՝ տալով քաղցկեղ հիշեցնող պատկեր․․․ Սա շատ կարևոր միտք է, որն ուզում եմ փոխանցել մեր կանանց՝ ամենամյա հետազոտությունները նրանց համար վստահության ու հանգստության երաշխիք կարող են լինել։

-Տիկին Խաչանուշ, արդյո՞ք պետք է հիվանդին անձամբ ասել, որ իր մոտ քաղցկեղ է զարգացել։

-Երբ նոր էինք սկսել աշխատել, մենք կանանց չէինք ասում, որ խնդիր ունեն և լուրը հայտնում էինք ամուսնուն, հարազատներին, քանի որ մեր կանայք այդ ժամանակ դեռևս պատրաստ չէին նման բան լսելու․ նրանք կանայք էին, որոնք իրենց կյանքում դեռ երբեք ոչ մի անգամ չէին անցել կրծքի հետազոտություն, և նրանց համար դա մահացու գույժ կարող էր լինել։ Բայց տարիների ընթացքում, երբ կանայք գիտակցված մոտեցումով սկսեցին գալ, հետազոտվել, մեր մոտեցումը ևս փոխվեց։ Մենք ընդունեցինք հոգեբան, որն իրենց հետ սկսեց աշխատել, հետո հասկացանք, որ հիվանդն ավելի շատ վստահում է իրեն հետազոտող բժշկին, քան հոգեբանին, և ճիշտ կլինի, որ հենց բժիշկը հայտնի հիվանդին քաղցկեղ ունենալու մասին, և այսօր մեր բժիշկներն այնպիսի նուրբ և պրոֆեսիոնալ մոտեցում են ցուցաբերում, որ այցելուն համարյա չի էլ զգում, թե իրեն ինչ են ասում և քիչ-քիչ տրամադրվում է այդ տեղեկությունն ընդունելուն․․․ Իհարկե, մարդիկ շատ տարբեր են լինում, կան կանայք, որոնք շատ ծանր են տանում այդ լուրը, կան կանայք, որոնք իրենց մեջ ուժ են գտնում ու ասում՝ ոչինչ, մենք կհաղթահարենք, կան կանայք էլ, ովքեր իրենց մեջ են պահում այդ ամենը, և դա իրենց խանգարում է․․․

-Դուք խոսեցիք հիվանդի տրամադրվածության կարևորության մասին, որը երբեմն գիտականորեն դժվար է բացատրել․․․

-Երբ արդեն ունենք ախտորոշում, ամենակարևոր բանը մարդու ճիշտ տրամադրվածությունն ու ամրությունն է, և երբ մարդը որոշում է, որ ինքը հաղթելու է այդ հիվանդությանը, նա հաղթում է, իսկ երբ սկսում է իր վախերին, տառապանքին, ներշնչանքին տուրք տալ, իր ողջ հորմոնալ համակարգը փոխվում է՝ տրամադրելով օրգանիզմին վատ ելքի․․․ Սա փորձված ճշմարտություն է։ Երբ ես նոր էի աշխատում և ինձ այդ մասին ասացին, ես մտածեցի՝ ի՞նչ են խոսում, ինչպե՞ս կարող է մարդն իրեն տրամադրի ու հաղթի էդ դաժան հիվանդությանը, բայց հետո տարիների ընթացքում ես տեսա մարդկանց տիպեր, ովքեր հաղթահարում են անգամ ծանր հիվանդությունը, և նաև նրանց, ովքեր նոր սկսված փոքր խնդրից գնում են վատագույնին։ Ցանկացած հիվանդություն ունի իր լուծումը, և ինչքան շուտ ես գլխից բռնում, այնքան մեծանում է այն հաղթահարելու հնարավորությունը։ Ահա թե ինչու մենք չենք հոգնում կրկնելուց, որ տարին մեկ անգամ հետազոտվելը կյանքեր է փրկում։

-Տիկին Խաչանուշ, մենք խոսում ենք կրծքագեղձի քաղցկեղի կանխարգելման, վաղ հայտնաբերման կարևորության մասին, և եթե ընդհանրացնենք՝ մեր զրույցն, ըստ էության, ինքն իրեն սիրելու, սեփական անձը խնամելու, ավելի առողջ ու գեղեցիկ լինելու մասին է․․․ Ինչպե՞ս կարող ենք մշակել այդ հատկությունը մեր մեջ։

-Աղջիկս, սխալ մարդ ես գտել այդ հարցը տալու համար․․․ Իրականում ես ինքս ինձ այնքան էլ չեմ սիրում ու անում եմ բաներ, որոնք ժամանակակից կինը մեխանիկորեն պետք է անի, քանի որ չեմ կարող աշխատանքի գնալ չխնամված արտաքինով և առողջ կամ հիվանդ մարդկանց հետ շփվել այնպիսի տեսքով, որը նրանց մոտ հուսահատություն կառաջացնի, չէ՞ որ արտաքինն էլ է տրամադրում, վստահություն ներշնչում․․․

Ճիշտն ասած՝ միշտ դժգոհ եմ եղել իմ արտաքինից, բայց ես նաև հասկանում էի, որ պետք է կարողանաս այնպիսին լինել, որ դիմացինդ արտաքինիդ վրա չկենտրոնանա, այլ քո ներքինը տեսնի, գնահատի և սիրի։ Ես կարծում եմ, որ բարությունը, ազնվությունը, նվիրվածությունը, ներելու հատկությունն ու մարդկանց սիրելու կարողությունը մարդու կերպար են ձևավորում, և մարդը դառնում է շատ գեղեցիկ շրջապատի, ընկերների համար։ Ես ունեմ աղջիկներ, որոնք ինձ ստիպում են ինձանով զբաղվել և գոնե մի քիչ ինքս ինձ սիրել, և հատկապես վերջերս դա մի փոքր ստացվում է, համենայն դեպս, օրինակ, սկսել եմ մի քիչ քայլել․․․ Կարծում եմ՝ իմ կյանքում ամենամեծ գեղեցկությունն այն է, որ ես շատ լավ մամա եմ, տատիկ ու զոքանչ, և այն, որ շատ եմ սիրում իմ աշխատանքը, իմ հայրենիքը և վերջում էլ՝ ինձ․․․

-Մեր զրույցի սկզբում խոսեցինք իրականացած երազանքի մասին, ինչի՞ մասին եք երազում այսօր։

-Ես ամեն օր երազում եմ՝ մի օր արթնանամ ու տեսնեմ, որ այս նենգ ու լուռ հիվանդության լուծման բանալին, դեղամիջոցը գտնվել է․․․ Սակայն, ցավոք, այս պահին պայքարի լավագույն միջոցը դեռ կանխարգելումն է՝ այն հնարավորինս վաղ ժամկետում՝ բջջային փուլում հայտնաբերելու միջոցով։  Մենք անընդհատ փնտրտուքների մեջ ենք, և դա տալիս է իր պտուղները։ Օրինակ՝ մի ամիս առաջ ենք մի նոր սարք տեղադրել, որն աշխատում է արհեստական բանականության օգնությամբ, ինչը հետազոտության ժամանակ թույլ է տալիս հայտնաբերել բուն խնդրի տեղակայումը բջջային փուլում՝ օգնելով բժշկին կենտրոնանալ պրոբլեմատիկ հատվածի վրա՝ ապահովելով ավելի մեծ ճշգրտություն և ժամանակի խնայողություն։ Իսկ շատ վաղ փուլում հայտնաբերված քաղցկեղային բջիջները կարելի է հեռացնել առանց վիրահատության՝ վակում բիոպսիայի միջոցով։

Այս նորությունները մեզ հույսեր են ներշնչում, որ թեև քաղցկեղը բուժում չունի, բայց կան այնպիսի հնարավորություններ, որոնք թույլ կտան հաղթահարել խնդիրն առանց մեծ հոգեկան և ֆիզիկական տրավմաների։

Ահա թե ինչու ես երբեք չեմ հոգնում ու ծուլանում ասելուց, որ մարդիկ, հատկապես կանայք պարբերաբար հետազոտվեն՝ թեկուզ և իրենց երեխաների, ընտանիքների, ամուսինների համար, իրենց ապագա լավ ընտանիքի, կյանքի լավ որակի համար՝ հիշելով, որ կրծքագեղձը որքան էլ գեղեցիկ է, բայց և ամենավտանգավոր օրգանն է կնոջ կյանքի համար և արժանի է հատուկ ուշադրության․․․

Զրուցեց Մարինե ԱԼԵՔՍԱՆՅԱՆԸ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (1)

Պատասխանել

  1. Gohar says:

    Rita Palian -ի՝ կենտրոնի հիմնադիր ,Հայ գերազնիվ տիկնոջ մասին եվ ոչ մեկ խոսք։
    https://a1plus.am/en/article/172345

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031