«Հաջորդ տարի նախատեսում ենք սկսել Ատոմակայանի գործունեության ժամկետի կրկնակի երկարացման ծրագիրը»,- այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Նա նշեց, որ ծրագրի նպատակն այն է, որ Ատոմակայանի աշխատանքի ժամկետը համապատասխան լիցենզիաներով ու թույլտվություններով երկարացվի մինչեւ 2036 թվականը։ «Հաջորդ տարի այդ նպատակի համար արդեն նախատեսվել է 20,2 մլրդ դրամ»,- ասաց նա։
Գնել Սանոսյանը հիշեցրեց, որ Ատոմակայանի շահագործման ժամկետի երկարացման ծրագիրը ներկայում ընթացքի մեջ է։ «Եվ այդ ծրագիրն արդեն մի քանի տարի է՝ շարունակվում է։ Այդ ծրագրի շրջանակներում հաջորդ տարի 7 մլրդ դրամ է նախատեսված մի շարք աշխատանքներ շարունակելու ու ավարտելու համար։ Այսինքն՝ մենք ժամանակին սկսել էինք եւ հիմա շարունակում ենք ծրագրերի մի ամբողջ փաթեթ, եւ հաջորդ տարի նախատեսում ենք սկսել կրկնակի երկարացման ծրագիրը»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ