Զբոսաշրջության բյուջեն վերջին 3 տարում ավելացել է մոտ 6.5 անգամ, 2 մլրդ-ից աճել է եւ 2024-ի համար նախատեսված է 13 մլրդ 188 մլն դրամ: Այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը։
«Այս տարվա առաջին ինն ամիսների դրությամբ Հայաստան է եկել 1 մլն 850 հազար զբոսաշրջիկ: Մենք Հայաստանի սահմանային կետերում իրականացնում ենք անընդհատ ուսումնասիրություն, եւ մեր հաշվարկներով ու նախնական տվյալներով՝ մեկ զբոսաշրջիկը Հայաստանում այժմ ծախսում է մոտ 1200 դոլար: Մեր տնտեսական վերլուծությունների կենտրոնի հաշվարկներով՝ մեկ զբոսաշրջիկից Հայաստանի բյուջե է մտնում մոտ 44 հազար դրամ: Այսինքն՝ մենք խոսում ենք այն մասին, որ ներգնա զբոսաշրջությունից Հայաստանի Հանրապետության բյուջե մտնում է մոտ 100 մլրդ դրամ», – նշեց Քերոբյանը:
Նախարարն ասաց, որ 2024 թվականին սկսում են զբոսաշրջային ենթակառուցվածքների զարգացման նոր ծրագիր, որի շրջանակներում պլանավորվում է իրականացնել կառավարության ծրագրում նշված զբոսաշրջային 20 կլաստերների զարգացման ծրագիրը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ