«Հովհ. Թումանյանի թանգարան» ՊՈԱԿ-ի նախկին տնօրեն Անի Եղիազարյանը 2023 թ. սեպտեմբերի 5-ի գրությամբ դիմել է ՀՀ ԿԳՄՍ նախարարություն՝ 2023 թ. սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 11-ը Ուրուգվայի Հանրապետություն և Արգենտինայի Հանրապետություն մեկնելու թույլտվության խնդրանքով՝ գիտաժողովների մասնակցելու նպատակով։
2023 թ. սեպտեմբերի 9-ի գրությամբ ԿԳՄՍ նախարարությունը նրան պատասխանել է, որ նպատակահարմար չի գտնում թանգարանի սուղ ֆինանսական միջոցների հաշվին 2023 թ. սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 11-ը (23 օր) թանգարանի տնօրենի գործուղումը կազմակերպել Ուրուգվայի Հանրապետություն և Արգենտինայի Հանրապետություն՝ հաշվի առնելով նաև թանգարանի կապիտալ վերանորոգման աշխատանքները: Բացի գրավոր պատասխանից՝ Անի Եղիազարյանին աշխատանքային կարգով մեկ անգամ ևս տեղեկացվել է նախարարության դիրքորոշման մասին՝ առաջարկելով կրճատել ժամկետները։
Սակայն 2023 թ. սեպտեմբերի 16-ին (ոչ աշխատանքային օրով) նախկին տնօրենը նույն ժամանակահատվածի համար (սեպտեմբերի 19-ից հոկտեմբերի 11-ը) մեկնելու թույլտվության խնդրանքով կրկին դիմել է ԿԳՄՍՆ: Չսպասելով նախարարության պատասխանին (դրական և/կամ բացասական) եւ առանց համապատասխան հրամանի ու թույլտվության՝ նա ինքնակամ մեկնել է երկրից՝ թողնելով թանգարանն առանց կառավարման և կոպտորեն խախտելով ՀՀ աշխատանքային օրենսդրությունը։ Հաշվի առնելով վերոգրյալը՝ օրենքով սահմանված կարգով նրա նկատմամբ կիրառվել է կարգապահական տույժ»,- Aravot.am-ին հայտնեցին գերատեսչության հասարակայնության հետ կապերի եւ տեղեկատվության վարչությունից:
Նախարարության գրավոր պատասխանի վերջում նշված է. «Միաժամանակ հավելենք, որ պետական քաղաքականության առաջնահերթություններից է հայկական մշակույթի հանրահռչակումն արտերկրում»։
Կարդացեք նաև
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ