Բռնի տեղահանված արցախցիները դիմել են ԿԽՄԿ-ին՝ իրենց հարազատներին վերահուղարկավորելու հարցով։ Տեղեկությունը «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին ԿԽՄԿ-ից։
Արցախցի լրագրող Մարութ Վանյանը հայտնել է, որ շատերը կարծում են, որ ադրբեջանցիները ոչնչացնելու են Լեռնային Ղարաբաղի զինվորական հուշահամալիրներ, այդ պատճառով բռնի տեղահանված արցախցիները դիմել են Կարմիր խաչի միջազգային կոմիտեի հայաստանյան գրասենյակ՝ իրենց հարազատներին վերահուղարկավորելու հարցով։
ԿԽՄԿ-ից «Փաստինֆո»-ի հետ զրույցում հաստատեցին, որ նախօրեին այդ հարցով հանդիպում է եղել։
«Մարդիկ եկել էին իրենց հարցով։ Մարդիկ գալիս են իրենց կարիքներով, խնդիրներով և մենք ընդունում ենք, բայց այս պահին դեռ վաղ է խոսել այս ուղղությամբ մեր գործողությունների մասին»,- նշեցին ԿԽՄԿ-ից։
Կարդացեք նաև
Հարազատների վերահուղարկավորման համար դիմել են հիմնականում այն անձինք, որոնց հարազատները զոհվել են վերջին էսկալացիաների ընթացքում՝ 2020թ․ հետո, բայց ԿԽՄԿ-ից նշում են՝ դռները բաց են բոլոր նրանց առջև, որոնք տուժել են հակամարտության առնչությամբ։
«Մենք, լսելով նրանց խնդիրը, նաև պայմանավորվել ենք, որ շարունակաբար կլինենք կապի մեջ՝ այդ հարցի շուրջ և, հաշվի առնելով կարիքը, որպես չեզոք միջնորդ, կփորձենք այդ հարցը շարունակաբար ուշադրության կենտրոնում պահել նաև համապատասխան իշխանության մոտ, բայց այս պահին մի փոքր վաղ է խոսել կոնկրետ քայլերի շուրջ»,- նշեցին ԿԽՄԿ-ից։