Լրահոս
Օրվա լրահոսը

«Դուք հաշվարկներ արե՞լ եք՝ այդ «խաղաղության խաչմերուկը» Հայաստանին ի՞նչ տնտեսական բարիքներ կպարգեւի»․ Արթուր Խաչատրյանի հարցը Վահան Քերոբյանին

Հոկտեմբեր 31,2023 14:05

ԱԺ մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ  «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը դիմեց էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանին։ Նա նշեց, որ նախորդ տարի Հայաստանը գլոբալ ինովացիոն ինդեքսով հասել է պատմական մինիմումի՝ 69-րդ տեղում էր։ «Այս տարի մենք այդ պատմական մինիմումը թարմացրեցինք, 72-րդն ենք։ Համեմատության համար ասեմ, որ Մոնղոլիան 71-րդն է։ Ներդրումների մասին եք խոսում, այս տարի առաջին վեց ամսվա ընթացքում ուղղակի ներդրումները կազմել են 77,7 մլրդ դրամ, անցյալ տարի 181 մլրդ է եղել։ Մենք ունենք հոսքերի նվազում։ Ընդ որում, մեր տնտեսության մեջ ամենամեծ ներդրումներն ստացել է հանքարդյունաբերության ոլորտը եւ զարմանալիորեն օդային տրանսպորտի գործունեություն։ Խոսել, տեսլական ունենալ՝ բարձր տեխնոլոգիական արդյունաբերություն, ինովացիոն արդյունաբերություն, բայց ունենալ փաստացի անկում, դա նշանակում է, որ ջանքերն առնվազն արդյունավետ չեն բարձր տեխնոլոգիական արդյունաբերությունը խթանելու համար»,- ասաց Արթուր Խաչատրյանը։ Նա նաեւ հարցրեց․ «Դուք հաշվարկներ արե՞լ եք՝ այդ «խաղաղության խաչմերուկը» Հայաստանին ինչ տնտեսական բարիքներ կպարգեւի»։

Վահան Քերոբյանն ի պատասխան ասաց, որ ինովացիոն ինդեքսի առումով գոհ չեն այն դիրքերից, որում Հայաստանը գտնվում է։ «Բայց պետք է նշեմ, որ նախորդ տարի մեր տեղը եղել է 80-րդը, հիմա մենք 72-րդ տեղում ենք։ Մենք շատ անելիք ունենք, որպեսզի կարողանանք մեր տնտեսությունը որեւէ կերպ համարել գիտելիքահեն։ Նախորդ 30 տարվա ընթացքում որեւէ աշխատանք չի արվել այդ ուղղությամբ, եւ մենք փորձում ենք տարբեր ծրագրերով համոզել, խրախուսել, խթանել, որպեսզի ընկերություններն սկսեն ավելի շատ գիտություն օգտագործել իրենց բիզնեսում»,- ասաց նա։

Անդրադառնալով ներդրումներին՝ Քերոբյանն ասաց, որ Արաբական Միացյալ Էմիրությունները հանդիսանում են Հայաստանում ներդրում իրականացնող համար մեկ երկիրը։ «Կիսամյակային տվյալներով ուղղակի ներդրումները զուտ հոսքով աճել են։ Չնայած աճին՝ մենք չենք համարում, որ հասել ենք մեր ուզած նպատակին»,- հավելեց նա։

Ինչ վերաբերում է «խաղաղության խաչմերուկի» վերաբերյալ տնտեսական հաշվարկներին՝ էկոնոմիկայի նախարարն ասաց․ «Այո, մենք ունենք թարմ տվյալներ, ես ձեզ խոստանում եմ, որ կուղարկենք»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031