Լրահոս
Օրվա լրահոսը

«ԼՂ համար նախատեսված մնացորդային գումարը տանք, որ ի՞նչ լինի, կարող է ինչ-որ մարդիկ աշխատավարձ են ուզում»․ ֆինանսների նախարար

Հոկտեմբեր 31,2023 13:29

Ազգային ժողովում լրագրողների հետ ճեպազրույցում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն անդրադարձավ Հայաստանի կողմից Արցախին տրամադրվող աջակցության գումարին եւ հարցին, որ ըստ տեղեկությունների՝ Արցախի բյուջեն «սառեցված» է։ «Ինձ համար հասկանալի չէ բյուջե սառեցնել հասկացությունը, որովհետեւ ֆինանսների նախարարությունը ԼՂ բյուջեին հասանելիություն չունի։ Դա իրենց բյուջեն է, իրենք են կառավարում իրենց բյուջեն։ Հայաստանի Հանրապետությունը տրամադրել է վարկային միջոցներ»,- ասաց նա։ Նախարարը հավելեց, որ վերջին անգամ Արցախին ֆինանսական միջոցներ հատկացվել է սեպտեմբեր ամսին։ «Չեմ կարող հիմա կոնկրետ թիվ ասել, որովհետեւ այդ գումարը բաժանված է տարբեր տրանշների, ամիսը մի քանի անգամ հատկացումներ ենք ունեցել»,- ասաց նա։

Հարցին, թե Արցախին հատկացված այդ գումարը ինչո՞ւ հնարավոր չէ տրամադրել մարդկանց՝ որպես թոշակ, նպաստ կամ աշխատավարձ, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց․ «Մենք թոշակ չենք տվել որեւէ մեկին, մենք գումարները տվել ենք Լեռնային Ղարաբաղի կառավարությանը, ինքը որոշել է ինչ անի՝ թոշակ տալ, թե՞ այլ ծախսեր անի»։

Հարցին, թե իսկ ինչո՞ւ այսօր այդ գումարները չեն հատկացվում Արցախի կառավարությանը, նա պատասխանեց․ «Որովհետեւ կան բռնի տեղահանված մարդիկ Հայաստանում։ Նախ ձեզ ասեմ, որ համարյա ամբողջ գումարը տրամադրված է, այնտեղ շատ փոքր գումար է մնացել։ Այս տարվա համար նախատեսված ամբողջ գումարը տրամադրվել է արդեն, մի բան էլ ավելի, կարծեմ 6 մլրդ մնացորդ ունենք։ Հիմա մենք այդ գումարները տրամադրում ենք մարդկանց, ովքեր գտնվում են Հայաստանում։ Այդ 100 հազար դրամները, 50 հազար դրամները դրանք շատ ավելի շատ են, քան այն գումարը, որը որպես մնացորդ կար ԼՂ համար»։

Հարցին, թե այսինքն՝ այդ մնացորդը չեն հատկացնելո՞ւ ԼՂ կառավարությանը, Վահե Հովհաննիսյանը պատասխանեց, որ չտալու որոշում չունեն։ «Բայց ես որեւէ պատճառ չեմ տեսնում, թե ինչո՞ւ պետք է տանք։ Տանք, որ ի՞նչ լինի, մենք արդեն մարդկանց վճարում ենք թոշակներին հավասարազոր գումարներ։ Դուք թոշակի մասին եք ասում, ես էլ ասում եմ՝ կարող է ինչ-որ մարդիկ աշխատավարձ էլ են ուզում»։

Ֆինանսների նախարարն ասաց, որ ԼՂ-ից բռնի տեղահանվածները պետք է Հայաստանում թոշակ ստանան՝ հաշվառվելով ՀՀ համակարգում․ «Ես կարծում եմ՝ հիմա էլ նրանք կարող են ստանալ։ Այս պահին մենք այլ ձեւով ենք վճարում, որովեհետեւ այդ մարդիկ առաջնային կարիք ունեն, անկախ նրանց կարգավիճակից, նրանց բոլորին վճարվում է այդ գումարը։ Հետեւաբար, սկզբում որոշել ենք, որ բոլորին պետք է աջակցություն տրամադրենք, հետո արդեն ասել ենք, որ ուսուցիչները կարող են գնալ ուսուցիչ աշխատել, թոշակառուները կարող են գնալ գրանցվել մեր կենսաթոշակային համակարգում»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031