Պետական եկամուտների կոմիտեի վարչական շենքը կտեղափոխվի Աշտարակի խճուղի։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը։
ՔՊ խմբակցության պատգամավոր Գեւորգ Պապոյանը հարցրեց․ «ՊԵԿ-ը Աշտարակի խճուղի տեղափոխվելու մասին խոսակցություն կա, ճի՞շտ են այդ տեղեկությունները»։
Ռուստամ Բադասյանը հաստատեց տեղեկությունը։ «Երեւանի ԱՏԳ կենտրոնն է ստեղծվելու, որը բիզնեսի համար առեւտրի դյուրինացման կարեւոր բարեփոխումներից է։ Դա մեզ նաեւ հնարավորություն է տվել, որպեսզի մեր վարչական շենքը նույն տարածք տեղափոխենք։ 2024 թվականին 1,5 մլրդ դրամի ծախս է նախատեսված, որպեսզի այդ կապիտալ ծախսն անենք։ Այսինքն՝ մենք Խորենացու շենքն ինչ-որ փուլում հանձնելու ենք Պետական գույքի կառավարման վարչությանը եւ ՊԵԿ-ը տեղափոխվելու է ձեր նշած հասցեով, որպեսզի եւ վարչական շենքն այնտեղ տեղակայվի, եւ հարեւանությամբ գործի Երեւանի ԱՏԳ կենտրոնը»,- ասաց Բադասյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ