Aravot.am-ը ԿԳՄՍ նախարարությունից հետաքրքրվեց՝ ի վերջո ի՞նչ ճակատագիր է սպասվում Ստեփանակերտի Վահրամ Փափազյանի անվան դրամատիկական թատրոնին, արդյոք տարածք հատկացվելո՞ւ է, թատրոնը որպես այդպիսին պահպանվելո՞ւ է:
ԿԳՄՍ նախարարությունից ստացել ենք հետեւյալ պատասխանը. «ՀՀ ԿԳՄՍ նախարարությունը ներկայում զբաղվում է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մշակութային կազմակերպությունների աշխատակիցներին՝ հայաստանյան մշակութային կազմակերպություններում աշխատանքի տեղավորման խնդիրներով։ Առանձին հաստատությունների գործունեության հարց չի քննարկվում»:
Նշենք, որ Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը միության դահլիճը տրամադրել է Ստեփանակերտի թատրոնին՝ փորձեր անցկացնելու համար: Ներկայումս թատրոնը հյուրախաղերով ԱՄՆ-ում է՝ «Երկնքից երեք խնձոր ընկավ» ներկայացմամբ, որի հեղինակն է Նարինե Աբգարյանը, իսկ սցենարի հեղինակը եւ ռեժիսորը նյույորքաբնակ ռեժիսոր Կարինե Քոչարյանը։ Ներկայացումները նախատեսված են Նյու Յորքում, Նյու Ջերսիում, Ֆիլադելֆիայում, Վաշինգտոնում եւ Լոս Անջելեսում։
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ