Լրահոս
Օրվա լրահոսը

Միայն արցախցիները չեն հայրենազրկվել: Բոլո՛րս ենք հայրենազրկվել, որովհետև Արցախը բոլորիս համար է Հայրենիք. «Փաստ»

Հոկտեմբեր 31,2023 11:40

Այնպիսի խորացող տպավորություն է, որ մեր ժողովրդի, մեր հասարակության մի որոշակի մասը չունի այն, ինչը կոչում են «Հայրենիքի զգացողություն»: Այդ երևույթի դրսևորումները դիտարկելու առիթներ էլ են եղել: Մասնավորապես, երբ վտանգ է սպառնում կամ, ասենք, հարձակում է տեղի ունենում Վայոց ձորի սահմանին, Աշոցքում կամ Երևանում չի զգացվում, որ մարդիկ անհանգստացած են դրանից կամ տագնապած: Շատերը նույնիսկ կարծում են, թե՝ «դե, դա հեռու է…», պատկերավոր ասած՝ «դեռ մեր տներին չեն հասել…»: Ու ընկնում են թունավոր ինքնախաբեության մեջ, թե՝ ոչինչ արտառոց չի կատարվում, թե՝ կարելի է շարունակել ապրել առաջվա պես: Ամենից կարևորը ընկալման շեղումն է, այսինքն՝ այն ընկալման բացակայությունը, որ «ինչ-որ տեղ, սահմանին» սպառնացող վտանգն ուղիղ սպառնալիք է այդ սահմանից տասնյակ կիլոմետր հեռու գտնվող յուրաքանչյուրիս համար:

Տեսե՛ք, վերջին մեկ-մեկուկես ամսվա ընթացքում քանի՞ անգամ եք լսել հետևյալ արտահայտությունը. «Արցախի հայերը հայրենազրկման են ենթարկվել» կամ պարզապես՝ «հայրենազրկվել են»: Ցավն այն չէ միայն, որ օրվա իշխանության վարած «քաղաքականության» հետևանքը ներկայիս շարունակական մղձավանջն է, Արցախի հայաթափումը և պետականության կորստի շոշափելի սպառնալիքը: Ցավը նաև այն է, որ ասում ենք, թե արցախցինե՛րն են հայրենազրկվել: Այ, այստեղ է նաև կատարված աղետի, դրա ընթացքը կասեցնել չփորձելու «գաղտնիքը»:

Ո՜չ, ժողովուրդ ջան, միայն արցախցիները չեն հայրենազրկվել: Բոլո՛րս ենք հայրենազրկվել, որովհետև Արցախը բոլորիս համար է Հայրենիք, այդ Հայրենիք ասվածի, Հայրենիք եղածի մի բաղկացուցիչ մասն է: Բայց քանի դեռ չկա դրա տիրապետող ընկալումը, որ Խուստուփը միայն սյունեցու լեռը չէ, այլ բոլորի՛ս հայրենիքի կարևոր ու խորհրդանշական բարձունքներից մեկն է, որ Սև լիճը պարզապես բարձունքի վրա եղած մի լճակ չէ, այլ բոլորի՛ս հայրենիքի մի կարևոր հատվածն է, մենք շարունակելու ենք կորցնել, մեր Հայրենիքը շարունակելու են կռկել, շարունակելու են տձևել, կտրտել, մինչև… չգոյություն:

Արցախցին իր բնօրրանից է բռնագաղթել: Բայց հայրենազրկվել ենք բոլորս՝ հայերով ու ՀՀ քաղաքացիներով: Եվ, եթե չկա դրա ընկալումը, կրկնենք ավելի պարզ՝ շարունակելու ենք զրկվել:

Այ, ասում են, արցախցիները փախստական են կամ փախստականի կարգավիճակ պիտի ունենան: Մարդը ո՞նց կարող է սեփական հայրենիքում փախստականի կարգավիճակով լինել: Եվ ո՞ւմ է առհասարակ պետք այն իշխանությունը, որը մարդուն սեփական հայրենիքում փախստական ու տնազուրկ է դարձնում…

Արմեն ՀԱԿՈԲՅԱՆ

Հոդվածն ամբողջությամբ՝ «Փաստ» թերթի այսօրվա համարում։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031