Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Անցյալ տարի ձեր կառավարությունը դարձյալ արտաքին պարտք վերցրեց, սիրուն բանտիկը ինչո՞ւ էիք կապել այդ վարկի վրա»․ Արթուր Խաչատրյան

Հոկտեմբեր 31,2023 11:08

«Անցյալ տարի ձեր կառավարությունը դարձյալ արտաքին պարտք վերցրեց, եւ այդ պարտքը կոչվում էր բյուջետային եւ ֆինանսական շուկաների զարգացման։ Ես ուզում եմ հասկանալ՝ կոնկրետ այս մի տարվա ընթացքում ֆինանսական շուկաներն ինչո՞վ են զարգացել»,- այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Վահե Հովհաննիսյանն ի պատասխան ասաց․ «Դուք հավանաբար տեղյակ եք, որ բյուջետային աջակցության վարկերը չեն ծախսվում կոնկրետ ուղղություններով, իրենք նպատակ ունեն ֆինանսավորելու բյուջեի դեֆիցիտը։ Այդ ծրագիրն ունենում է նախապայմանների մատրիցա, որտեղ կան տարբեր միջոցառումներ, որոնք ուղղված են տարբեր ոլորտների օրենսդրական կամ ինստիտուցիոնալ շրջանակի բարելավմանը, որն իր հերթին պետք է բերի շուկայի զարգացմանը։ Իհարկե, դժվար է ակնկալել, որ անցած տարվա ընթացքում ընդունված որոշումներն անմիջապես կբերեին կապիտալի շուկայի շեշտակի զարգացման, սակայն մենք տեսնում ենք, որ կապիտալի շուկան բավական ակտիվ զարգանում է»։ Նախարարն ասաց, որ իրենց քաղաքականության արդյունքում ունեն պետական պարտատոմսերի պահանջարկի շեշտակի բարձրացում, մեծ հետաքրքրություն պետական պարտատոմսերի նկատմամբ, ինչն իր հերթին բերում է տոկոսադրույքների նվազման։ Ըստ նրա՝ կառավարության այս ուղղությամբ վարած քաղաքականությունը նպաստում է ՀՀ միջազգային վարկանիշի բարելավմանը։

Արթուր Խաչատրյանն արձագանքեց․ «Առաջին տպավորությունն այն է, որ սթրեսն այս տարվանից տանում եք մյուս տարվա, մյուս տարվա սթրեսը տանելու եք էն մյուս տարի, հետո կամ էշը կմեռնի, կամ էշատերը։ Այսինքն՝ սթրեսը ոչ թե վերացնում եք, այլ սահուն հետ եք տանում։ Կա բյուջետային աջակցության ծրագիր, դա հասկանում եմ՝ ուղղակի դեֆիցիտի ֆինանսավորումն է, բայց այդ դեպքում այդ սիրուն բանտիկը՝ ֆինանսական շուկաների զարգացման, ինչի՞ էիք կապել այդ վարկի վրա»։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031