Պետական բյուջեով նախատեսված կապիտալ ծախսերի այս տարվա կատարողականն, ըստ էության, շատ չի շեղվում նախորդ տարվա ցուցանիշից։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադեւոս Ավետիսյանն ասաց, որ այս տարվա սեպտեմբերի 15-ի դրությամբ բյուջեի կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 47 տոկոս, այսինքն՝ 53 տոկոս թերակատարվել է։ «Մասնավորապես, այդ ժամանակահատվածի համար նախատեսված է 411 մլրդ դրամ ծախս, որից ընդամենը կատարվել է 194 մլրդ դրամի ծախս։ Իսկ ավելի կոնկրետ, տնտեսական հարաբերություններ ոլորտում կապիտալ ծախսերի կատարողականը եղել է 36 տոկոս, այսինքն՝ նախատեսված 64 տոկոսը չի կատարվել։ Ինչո՞վ է պայմանավորված շեշտակի ցածր կատարողականը»:
«Սա մեր որոշակի համակարգային խնդիրների շարքին է դասվում, որ մենք առաջին երեք ամիսների ընթացքում ունենք պլանավորվածից ավելի ցածր կատարողական եւ հետո չորրորդ եռամսյակում ունենում ենք ծախսերի զգալի ավելացում։ Դա որոշ առումով բնական է, որովհետեւ տարվա ընթացքում շինարարական աշխատանքներն իրականացվում են, եւ կատարողական ակտերի ստորագրումից հետո է միայն, որ կատարվում են վճարումներ։ Այլ հարց է, որ գուցե այս ամենը պետք է ըստ եռամսյակների ճիշտ պլանավորվի, որպեսզի նման պատկեր տեսանելի չլինի։ Այսինքն՝ մեր գերատեսչությունները պետք է հիմնական ծախսերի մասը պլանավորեն չորրորդ եռամսյակում՝ հասկանալով նաեւ, որ կապիտալ ծախսերը ոչ թե արվում են, այլ ֆինանսավորվում են հիմնականում տարվա վերջում», – պատասխանեց ֆինանսների նախարարը։
«Համաձայն չեմ, որ չորրորդ եռամսյակը կկարողանա այն ծավալի կապիտալ ծախսեր ապահովել, որ ամբողջ տարվա 64 տոկոս թերակատարումը մի եռամսյակով գա լրանա։ Սա նոր երեւույթ չէ։ Պետք է ճիշտ պլանավորվի, որովհետեւ պետական բյուջեի պլանավորումը մոտավոր խնդիր չէ, հստակ ֆինանսներ են»,- արձագանքեց Թադեւոս Ավետիսյանը։
Կարդացեք նաև
Անդրադառնալով տնտեսական աճին եւ դրա հետ կապված ռիսկերին՝ ֆինանսների նախարարն ասաց, որ, այո, կան ռիսկեր։ «Դրանք պայմանավորված են ներքին եւ արտաքին տարբեր գործոններով։ Այդ ռիսկերը մենք տարբեր սցենարներով գնահատում ենք, պլանավորել ենք ունենալ ավելի մեծ չափով պահուստ՝ բարձիկ։ Այսինքն՝ մենք պլանավորել ենք եկամուտներ, սակայն դրանք չենք բաշխել՝ նկատի ունենալով, որ եթե հանկարծ լինեն հարկերի հավաքագրման հետ կապված խնդիրներ, ապա այդ պահուստում դրված գումարներն ուղղակի կնվազեցվեն։ Եվ չի լինի այնպիսի մի իրավիճակ, որ մենք խոստացած կլինենք գումար տրամադրել որեւէ ուղղությամբ, որի փողը մենք չենք ունենա։ Մենք ունենալու ենք 100 մլրդ-ից ավելի պահուստային ֆոնդ», – հավելեց Վահե Հովհաննիսյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ