Լրահոս
Օրվա լրահոսը

Դարձյալ՝ պայմանագրի շուրջ

Հոկտեմբեր 31,2023 10:00

Վարչապետ Փաշինյանը երեկ հայտարարել է, որ պատրաստ է Ադրբեջանի հետ խաղաղության եւ հարաբերությունների հաստատման պայմանագիր ստորագրել երեք սկզբունքների հիման վրա. 1/տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչում, 2/ տարածաշրջանային կոմունիկացիաների բացում, 3/ դելիմիտացիա 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա:

Պետք է ենթադրել,  վարչապետը կարդացել է այդ հռչակագիրը եւ այնտեղ հայտնաբերել է սկզբունքներ, որոնց հիման վրա Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ պետք է սահմանազատում անցկացվի: Բազմիցս արդեն ասվել է այն մասին, որ այդ փաստաթուղթը որեւէ կերպ հնարավոր չէ մեկնաբանել որպես Արցախն Ադրբեջանին հանձնելու հիմնավորում: Եթե Ալմա-Աթայի հռչակագիրը Ղարաբաղի հարցը փակել էր, այսպես ասած, «հոգուտ Ադրբեջանի», ապա ի՞նչ իմաստ կար ստեղծելու ԵԱՀԿ Մինսկի խումբը, որի համանախագահների հովանու ներքո երկար ու ձիգ տարիներ բանակցություններ են տարվել զանազան հարցերի, այդ թվում՝ Արցախի կարգավիճակի շուրջ:

Բայց ամբողջ ցավն այն է, որ նախ՝  այդ երեք սկզբունքների տակ կարելի է հասկանալ հազար ու մի բան: Օրինակ, «կոմունիկացիաների բացման» տակ ռուս-ադրբեջանա-թուրքական ալյանսը մի բան է հասկանում, մենք՝ միանգամայն ուրիշ բան:  Կամ՝ որպես «սահմանազատում» Ադրբեջանը մատուցում է «իր» ինչ-որ գյուղերի «վերադարձ»: Ի դեպ, զարմանալի է, որ դրա մասին խոսել է նաեւ ԱԺ  նախագահ Ալեն Սիմոնյանը: Դիվանագիտությունը հարցաքննության կամ դատական վեճի նման մի բան է. այստեղ պետք է լռել հակառակ կողմին ձեռնտու փաստարկների մասին:

Բայց իրականում ակնհայտ է, որ Ալիեւը պահանջներ ունի այդ երեք սկզբունքներից դուրս՝ անկախ նրանից, թե ինչպես ենք մենք կամ նրանք այդ սկզբունքները մեկնաբանում: Օրինակ, «վնասների փոխհատուցում» կամ «հայկական բանակի կարողությունների սահմանափակում»:

Սակայն ամենասարսափելին նույնիսկ դա չէ: Անգամ ամենաիդեալական պայմանագրի ստորագրումից հետ Բաքուն, անկասկած, այն խախտելու է, եւ ոչ ոք չի կարողանա Ադրբեջանին «կարգի հրավիրել»:

Արամ ԱԲՐԱՀԱՄՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Սարգիս Զեյթունյան says:

    «…զարմանալի է, որ դրա մասին խոսել է նաեւ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը»:
    Ավելի զարմանալի չէ, քան երբ թութակը կրկնում է տիրոջ արտաբերածը:

  2. Հ.Շ. says:

    Ազգային ինքնութեամբ հայերի յետին հաշիւն ալ այն է, որ՝ Փաշինյանի ստորագրած որեւէ պայմանագիր, խախտելու է Հայաստանի հետագայ իշխանութիւն մը: Որպէս չեղեալ պայմանագիր:

    Բոլոր հայերը, չեն գիտեր այս: Սակայն թուրքերը շատ լաւ գիտեն: Եւ հենց դրա համար է որ չեն ուզեր առկախել իրենց ընթացիկ ռազմական յարձակումն ու ներխուժումը:

    Մ. Հայդուկ Շամլեան

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031