2021 թվականի օգոստոսի 19-ի գիշերը Կոռնիձորի դիրքում երեք զինծառայողի սպանության գործով դատաքննությունը ապացույցների հետազոտման փուլում է: Վերջին դատական նիստին հետազոտվել է տեսագրությունը, ըստ որի մեղադրյալը ցույց էր տալիս տեղանքը ու պատմում՝ ինչպես է իրականացրել այդ գործողությունները: Այս մասին Aravot.am-ին պատմեց սպանված զինծառայողներից Մուրադ Մուրադյանի ներկայացուցիչ, փաստաբան Հայարփի Սարգսյանը:
Հիշեցնենք, որ պանության համար մեղադրվում է մահացածների համածառայակից Ա․Հ․-ն։ Նրան մեղադրանք է առաջադրվել ՔՕ 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով (երկու կամ ավելի անձանց սպանություն)։ Այս գործով մեղադրանք է առաջադրված նաև դիրքի ավագին՝ «ապօրինաբար դիտավորությամբ զինծառայողներին կյանքից զրկելուն դրդելու համար: Ավելի վաղ նա մեղադրվում էր նաեւ ծառայակցի (սպանության մեջ մեղադրվողի) նկատմամբ «սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելու» մեջ: Սպանության համար մեղադրվող զինծառայողը, ըստ վարույթ իրականացնող մարմնի, պատմել է, թե երեք համածառայակցին սպանել է դիրքի ավագի կողմից սեռական բռնության ենթարկվելուց հետո:
«Մինչեւ հիմա ինձ որեւէ մեկը չկարողացավ ապացուցել, որ այն վարկածը, որով գործն ուղարկվել է դատարան, իրական է: Նախորդ դատական նիստի ժամանակ տեսագրություններ ուսումնասիրեցինք, ինչից պարզ է դառնում, որ իրականում այդ վարկածը կեղծ է: Նորից եմ ասում, որ մեկ անձը չէր կարող փոքրիկ տնակում երեք քնած զինծառայողի սպանել, յուրաքանչյուրի վրա 3-4 , մեկի վրա էլ մեկից երկու կրակոց արձակելու արդյունքում հրազենային մահացու վիրավորումներ պատճառել այնպես, որ գոնե մեկ կրակոցից հետո զինծառայողները չարթնանային, սա աբսուրդի ժանրից է:
Հատկապես, որ յուրաքանչյուր կրակոցից հետո լիցքաթափել է զենքը ըստ իրեն: Բացի այդ՝ ներքնակները եւս խոսում են այն մասին, որ դեպքը տնակում չի եղել, որովհետեւ եթե զինծառայողները զոհվեին այդ տնակում, առնվազն սպանվելուց հետո, ըստ նախաքննական մարմնի վարկածի, նրանք տեւական ժամանակ գտնվել են ներքնակների վրա պառկած, ապա այն արյան հետքը, որ սպասելի կլիներ նման վնասվածքից հետո բացակայում է… ակնհայտ է, որ խմբակային հանցագործություն է, այդ տղաների սպանությունը տեղի է ունեցել առնվազն երկուսից ավելի անձանցով»,- ասաց փաստաբանը:
Կարդացեք նաև
Նա նաեւ նկատեց, որ սպանվածների վրա եղել են նաեւ պայքարի հետքեր. «Եթե միայն հրազենով պատճառված լիներ մահը, ապա ինչպես ստացվեց, որ դեպքի օրվան համընկնող վնասվածքներ են եղել բութ, կոշտ առարկաների ներգործության արդյունքում… մենք չունենք նաեւ դեպքի վայրի լուսանկարներ, նախաքննության ժամանակ քննիչը տարածում էր տեղեկություն, թե շուտով նախաքննությունը կավարտվի, դատաքննություն կլինի եւ դուք կտեսնեք լուսանկարներ, որտեղ երեւում են տղաների դիերը, բայց այդ լուսանկարները բացակայում են գործից, հետեւաբար, հանրությանը այդ մոլորեցնելու գործընթացն էլ ավարտվեց»:
Հայարփի Սարգսյանը նշեց նաեւ, որ դեռ նախաքննության ժամանակ երեք սպանված տղաների դատաբժիշկների հարցաքննության ժամանակ, վերջիններս հերքել են, թե տղաների վրա ոչ հրազենային վնասվածքները բութ, կոշտ գործիքներով, կարող էին ընկնելու հետեւանքով առաջանալ:
Զենքերի փորձաքննությունների արդյունքներին փաստաբանը չցանկացավ անդրադառնալ՝ ասելով, որ դատաքննության ժամանակ դեռ չեն հասել այդ ապացույցների հետազոտմանը:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ