Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը այսօր «Հայելի» ակումբում անդրադառնալով ԱՄՆ դեսպանի հայտարարությանը, թե Հայաստանը մնում է ժողովրդավարության փարոս Հարավային Կովկասում, ասաց․ «Դա Սյունիքում է ասել։ Ես էլ եմ դեսպան եղել։ Դեսպանի կարգավիճակում մարդու ամեն մի խոսքը երբեք չի կարող դիտվել որպես մասնավոր տեսակետ։ Դա դիտվում է որպես պետության, կառավարության տեսակետ։ Ես հիմա ուզում եմ հասկանալ, թե ինչ է կատարվում Միացյալ Նահանգներում ըստ իրենց դեսպանի հայտարարությունների։ Աշխարհում ժողովրդավարական արժեքների առաջամարտիկներից մեկը համարվող երկրներից մեկում ինչ է կատարվում ժողովրդավարական արժեքների եւ դրանց ընկալումների իմաստով։
Մինչ այժմ՝ ադրբեջանա-թուրքական հեղափոխությունը, Հայաստանը շատ սերտ եւ արդյունավետ համագործակցություն է ունեցել Միացյալ Նահանգների հետ։ Եվ այդ համագործակցության մի կարեւոր ուղղությունը եղել է Միացյալ Նահանգների աջակցությունը Հայաստանում ժողովրդավարական ինստիտուտների զարգացմանը՝ կուսակցությունների, հասարակական կազմակերպությունների, ընտրական համակարգերի, տեղական ինքնակառավարման, մասնակցային ժողովրդավարության։ Այսինքն, մեր երկրում այդ ինստիտուտների զարգացումը էապես պայմանավորված է նաեւ հայ-ամերիկյան հարաբերություններով, Միացյալ Նահանգների կառավարության՝ Հայաստանին ցուցաբերած աջակցությամբ։
Հիմա չգիտես ինչի Միացյալ Նահանգները Հայաստանին օգնում է ոստիկանության համակարգի բարեփոխումներով եւ ոստիկանության տեխնիկական զինվածության ապահովմամբ։ Ասենք, պարեկների համար ավտոմեքենաներ եւ տեխնիկական միջոցներ ձեռք բերելու իմաստով։ Ժողովրդավարական ինստիտուտները դրել են մի կողմ ու հիմա անցել են այդ ժողովրդավարական ինստիտուտներին ոստիկանական մեխանիզմներով ճնշելու գործընթացին աջակցելուն։
Հիմա ուզում եմ իմանալ․ Միացյալ Նահանգներում ժողովրդավարությունը արդյո՞ք այն է, որ բոլոր ընտրությունները լինում են արտահերթ եւ այդ բոլոր արտահերթ ընտրություններում միշտ հաղթում են իշխանության ներկայացուցիչները։ Հայաստանում միայն դա է եղել ադրբեջանա-թուրքական հեղափոխությունից հետո։ Որ ԱՄՆ դեսպանը Հայաստանը համարում է ժողովրդավարության փարոս տարածաշրջանում, նկատի ունի, որ վարչապետը խորհրդարանական երկրում, որտեղ միակ համապետական ընտրությունը ազգային ժողովի ընտրությունն է, միանձնյա որոշում է, թե որ օրը պետք է լինի ընտրությունը՞։ Ինքը մասնակցում է այդ ընտրությանը եւ ստանում 80 տոկոս ձա՞յն եւ այդ ընտրության հետեւանքով պառլամենտում ընդդիմադիր ոչ մի քաղաքական ուժ չի հայտնվո՞ւմ։ Ամերիկյան ժողովրդավարության արժեքներով դա է՞ համարվում ժողովրդավարություն։ Արդյո՞ք ժողովրդավարությունն այն է, որ Ազգային ժողովի քառօրյա նիստերի օրակարգը սպառվում է մի քանի ժամում, օրենքներ են ընդունվում ըստ էության առանց քննարկումների։ Երբ սահմանադրության մեջ փոփոխություն է կատարվում չորս ժամում եւ այդ սահմանադրական փոփոխությունը Սահմանադրական դատարանում չի քննարկվում, ինչը սահմանադրական պահանջ է։ Այսինքն, սահմանադրության եւ օրենքների խախտումով, առանց պառլամենտում ընդդիմության մասնակցության երկրում կատարվում է սահմանադրական փոփոխություն եւ դա համարվում է ժողովրդավարության փարո՞ս։ Ամերիկայում այդպես սահմանադրություն է՞ փոխվել։ Ամերիկայում Մովսես Խորենացու անվան համալսարանի հեռակա բակալավրիատի ուսանող Վահագն Հովակիմյանը հեղինակել է Ամերիկայի սահմանադրական փոփոխությունների նախագիծ, որը չորս ժամում ընդունվել է առանց ընդդիմության մասնակցության եւ առանց Սահմանադրական դատարանի եզրակացությա՞ն։
Կարդացեք նաև
Սա է՞ Ամերիկայի ժողովրդավարությունը։ Արդյո՞ք Ամերիկայում ժողովրդավարությունն այն է, երբ որ համայնքների խոշորացումը իրականացվում է լայնածավալ՝ ամբողջ երկրում, առանց մեկ համայնքում մեկ տեղական հանրաքվե անցկացնելո՞ւ, առանց այդ համայնքի բնակիչների կարծիքը լսելո՞ւ։ Արդյո՞ք ժողովրդավարություն այն է, որ երկու տարի չի գործում սահմանադրական ինստիտուտ համարվող Հանրային խորհուրդը։ Ժողովրդավարությո՞ւն է, որ փակվում են ընդդիմադիր լրատվամիջոցները, եթերազրկվում են ընդդիմադիր հեռուստաալիքները, ձերբակալվում ընդդիմադիր մեդիայի տնօրենը։ Որ յութուբն ու ֆեյսբուքն էլ թողնվում են նրա համար, որ մենք խոսենք, մեզ ձերբակալեն»։
Պարոն Ղազարյանը վերջում ԱՄՆ դեսպանին կոչ արեց՝ գնալ եւ մասնակցել քաղբանտարկյալ, Արմեն Աշոտյանի դատավարությանը։ Որ տեսնի, թե նա ի՞նչ հանցանք է գործել, որ հանրապետությունում առանցքային քաղաքական ուժերից մեկի փոխնախագահը դատվում է ու արդեն մի քանի ամիս ապօրինի կերպով մնում է կալանքի տակ։ ու որպես օրինակ հիշեցրեց, որ Եվրամիության հատուկ դեսպան Պյոտր Սվիտալսկին ժամանակին Հայաստանում մասնակցում էր դատավարությունների։
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ