Լրահոս
Օրվա լրահոսը

«Հասկանալի չէ, թե ո՞րն է մեր նպատակը՝ արցախցի բնակչության վերադարձը Արցախ` միջազգային երաշխիքների ներքո՞, թե այդ մարդկանց ընդունել ՀՀ-ում, ինտեգրելը և հարցը փակելն ու մոռանալը»․ Սուրեն Մանուկյան

Հոկտեմբեր 30,2023 18:46

«Եթե Հայաստանը որոշի այս թեմայով զբաղվել, դրա հիման վրա նորից դիմի ՄԱԿ-ին և պահանջի առաքելություն, դա կարող է օգտագործվել՝ որպես աջակցող, Հայաստանի կարծիքը հաստատող հայտարարություն։ Միջազգային փորձագիտական գնահատականները մեր նախաձեռնությանը կշիռ տվող երևույթ են, բայց առանձին վերցված՝ ընդամենը փորձագիտական կարծիք»,- Aravot.am-ի հարցին՝ ինչպե՞ս կարելի է օգտագործել Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտի հայտարարությունը՝ հոկտեմբերի 1-ին Արցախում ՄԱԿ-ի առաքելության վերաբերյալ, այսպես պատասխանեց ցեղասպանագետ Սուրեն Մանուկյանը։

Նա ասաց՝ այսպիսի հայտարարություններ շատ են եղել, դրանք ունեն խորհրդատվական բնույթ․ «Եթե մենք ինչ-որ դիրքորոշում ենք հայտնում՝ դրանց վրա հղում կատարելով, ուղղակի կարողանում ենք ավելի ուժեղացնել մեր ասելիքը, մեր կարծիքը։ Որովհետև մի բան է, երբ մե՛նք ենք խոսում՝ որպես շահագրգիռ կողմ, կողմ, որն ուղղակի հետաքրքրված է Արցախում տեղի ունեցող զարգացումներով, և լրիվ այլ բան է, երբ դա անում է  միջազգային կազմակերպություն, որն այս հարցում շահեր չունի, խնդիրներ չունի: Երկրորդը, որովհետև այդ մարդիկ, որոնք այս կազմակերպությունում են՝ և′ Լեմկինի ինստիտուտում, և′ Ցեղասպանագետների միջազգային ընկերակցությունում, որը նույնպես հայտարարություն է ընդունել, նրանք մասնագետներ են։ Այսինքն՝ իրենք քաղաքական դեմքեր չեն, չեն տալիս իրենց կարծիքները կամ ախտորոշումը՝ քաղաքական նպատակահարմարությունից ելնելով կամ  քաղաքական հաշվարկներից ելնելով։ Իրենց կարծիքը զուտ պրոֆեսիոնալ փորձագիտական կարծիք է։ Նույնիսկ կարելի է ասել՝ փորձաքննություն անցած կարծիք։ Այս առումով այս կարծիքները շատ արժեքավոր են, բայց իրենք առանձին՝ առանց քաղաքական կամքի, առանց քաղաքականության, առանձնապես ոչ մի բան հողի վրա չեն փոխի»։

Հստակեցմանը՝ ՀՀ-ն կարող է դիմել ՄԱԿ-ին, որպեսզի նորի՞ց առաքելություն ուղարկվի, Սուրեն Մանուկյանը պատասխանեց․ «Որպես ՄԱԿ-ի անդամ պետություն՝ ՀՀ-ն դա կարող է անել։ Բայց որ ասեմ՝ տեսնում եմ տեսանելի ինչ-որ ցանկություն ՀՀ-ի կողմից, չեմ տեսնում։ Միգուցե կա ինչ-որ բան, ուղղակի մեզ տեսանելի չէ, և ինչ-որ աշխատանք տարվում է այդ առումով։ Որպես ՄԱԿ-ի անդամ պետություն՝ կարող է այդպես լինել, ուղղակի ՀՀ-ն պետք է ինքն իր համար հասկանա, ՀՀ-ի իշխանությունները կամ այն մարդիկ, որոնք այսօր ռեալ քաղաքականության մեջ են, պիտի հասկանան՝ փաստացի ի՞նչն է ի վերջո նպատակը։ Արդյոք մեր նպատակը հենց նա է, որպեսզի արցախցի բնակչությունը վերադառնա Արցախ՝ միջազգային երաշխիքների ներքո՞։ Եթե դա է, ուրեմն առաջին քայլը պետք է լինի անկախ, անաչառ ՄԱԿ-ի հանձնաժողովի ուղարկում, որը տեղում կգնահատի իրավիճակը։ Բայց եթե մեր նպատակն այդ մարդկանց ընդունելն է Հայաստանում, ինտեգրելը և այդ հարցը փակելն ու մոռանալը, բնականաբար, ՄԱԿ-ի դիտորդները գնան՝ ի՞նչ անեն,  գետնի վրա ի՞նչ զեկուցեն»։

Սուրեն Մանուկյանն ասաց, որ կա 2005-ին ընդունված, այսպես կոչված, «պաշտպանելու պարտավորություն» դրույթը։ ՄԱԿ-ի բոլոր պետություններն էլ պարտավորվեցին, որ իրենք հարգելու են այդ դրույթը․ «Դա ասում է, որ ցանկացած երկրում, որտեղ տեղի են ունենում մարդկանց նկատմամբ բռնություններ և զանգվածային ոչնչացումներ, այլ երկրներ իրավունք ունեն միջամտել և պահանջել, որ մարդկանց խախտված իրավունքները վերականգնվեն։ Եթե նույնիսկ ՀՀ-ն Արցախը չի ճանաչում, եթե, ասենք, ՀՀ իշխանությունների հայտարարությունները նայենք՝ Արցախի ճանաչումը Ադրբեջանի մաս, նույնիսկ այդ պարագայում, եթե արցախահայությունը բռնության հետևանքով լքել է այդ տարածքները, իր հայրենիքը, ապա ՀՀ-ն լրիվ իրավունք ունի դիմելու ՄԱԿ-ին այդ մարդկանց իրավունքները վերականգնելու համար։ Որպեսզի պարզ դառնա՝ ասեմ, որ կապ չունի նաև ազգությունը․ կարող է աշխարհի ցանկացած պետություն նման նախաձեռնությամբ հանդես գալ։ Նույնիսկ Ֆրանսիան կարող է նման նախաձեռնությամբ հանդես գալ, Հունաստանը։ Կամ Հայաստանը կարող է հանդես գալ Սուդանում կամ Եմենում տեղի ունեցած իրադարձությունների վերաբերյալ։ Բոլորովին կարևոր չէ, որ անմիջականորեն կապված լինի այդ հակամարտության հետ, և ՄԱԿ-ի անդամությունն այդ իրավունքը տալիս է։ Բայց չգիտեմ՝ ես չեմ տեսնում մշակված քաղաքականություն։ Մեր երկիրը չի հայտարարել, թե ո՞ր նպատակն է վերջնականը։ Իրականում մենք  չեք հասկանում՝ արցախցիների ճակատագիրն ինչպես է ՀՀ-ն պատկերացնում։ Եվ եթե ինքը պատկերացնում է, որ այդ մարդիկ պիտի վերադառնան Արցախ՝ միջազգային հովանու, պաշտպանության ներքո, պետք է որոշ քայլեր ձեռնարկի, եթե դա չի տեսնում, այլ ուղղակի տեսնում է այդ մարդկանց ՀՀ-ում ինտեգրելը և հարցը փակելը, դա ուրիշ հարց է։ Երկուսն էլ մոտեցում են, բայց ՀՀ-ն դեռ չի հայտարարել, որ մենք այդ հարցի լուծման այս կամ այն տարբերակի կողմնակիցն ենք»։

Տաթև ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031