Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ անդրադարձավ հարցին, որ ճանապարհատրանսպորտային պատահարները Հայաստանում աճել են։
Նա ասաց, որ ճանապարհային նշանների ու գծանշանների բացակայությունն իրոք խնդիր է, 2022-2023 թվականներից դրանով զբաղվում են համայնքները։ Եվ դա պատճառներից մեկն է, որ արձանագրվում է ճանապարհատրանսպորտային պատահարների աճ։ «Նաեւ ես ուզում եմ ներողություն խնդրել շատ-շատ վարորդներից, բայց մեր վարորդներն այսօր վարելու տարրական կուլտուրա չունեն, զիջելու որեւէ բան չունեն։ Բարեփոխումների շրջանակներում մենք նաեւ հասարակական կարգի ապահովման գլխավոր վարչությունում ուզում ենք ստեղծել հատուկ բաժին, որը կզբաղվի կոնկրետ մոնիտորինգով, վեր կհանի բոլոր այն վայրերը, որտեղ հաճախակի են լինում ճանապարհատրանսպորտային պատահարներ։ Եվ հուսով եմ, որ մենք կփորձենք 2024 թվականին նվազեցնել ՃՏՊ-ների թիվը»,- ասաց նա։
Վահե Ղազարյանը հավելեց, որ հաջորդ տարի որոշել են հայտարարել ճանապարհատրանսպորտային պատահարների դեմ պայքարի տարի։
ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանն ասաց․ «Պարոն Ղազարյան, ամենակարեւոր բանն ասացիք՝ մենք զիջել չգիտենք։ Աշխարհի որ երկիր էլ գնաք, դուք այսքան վթար չեք տեսնի։ Խփում են, զիջել չգիտեն, հեռախոսից չեն հրաժարվում։ Գիտեմ, որ դուք շատ խստացրել եք քննությունների պրոցեսը, հովանավորչությունը պետք է գլխատվի, արդեն այդ փուլում է։ Ոչ մեկը չի կարող ասել, որ՝ ես չեմ գնալու շաբլոն հանձնեմ։ Թող հանձնեն, բայց կտրվելն էլ պետք է 3000 դրամ չլինի։ Ամենակարեւորը՝ զիջելու ունակությունը պետք է դառնա կարեւոր նորմ բոլորիս մոտ։ Օրինակ, շատ դեպքերում ձայնային ազդանշան տալու պատաճառով մարդ է մահացել։ Ո՞նց, դու կարաս սիգնալ տա՞ս, կողքովս արա՞գ անցնես»։
Կարդացեք նաև
Վահե Ղազարյանը հավելեց, որ անգամ շտապ օգնության մեքենային չեն զիջում։ Նա ասաց, որ նախատեսում են շտապ օգնության մեքենաների մեջ տեսախցիկներ տեղադրել, որպեսզի չզիջող վարորդները վարչական պատասխանատվության ենթարկվեն։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ