Ընդհանուր առմամբ դոլարացման մակարդակը տարբեր եղանակներով փորձում է գնահատել թե տնտեսությունում գտնվող փողի որ տոկոսն է կազմում արտարժույթ։ Ինչքան այս ցուցանիշը բարձր է այնքան ավելի ցածր է հավատը դեպի տնտեսություն և բանկային համակարգ։
Առաջին դիագրամը ցույց է տալիս Հայաստանում դոլարիզացիայի մակարդակը։ Գծապատկերում ավելի խոսուն է D2-ը ցուցանիշը, որը ռեզիդենտների արտարժութային ավանդների և վարկերի հարաբերակցությունն է ռեզիդենտների ընդհանուր ավանդներին և վարկերին։ Որքան փոքր է այս ցուցանիշը, այնքան մեծ է հավատը Հայաստանի բանկային համակարգի նկատմամբ։ Ըստ այդ ցուցանիշի՝ 2023 թվականի սեպտեմբերին դոլարի մակարդակը կազմում է 41 տոկոս։ Այս ցուցանիշը սկսել է նվազել 2016 թվականից՝ 2010 թվականից մինչ այդ ցուցանիշը 60 տոկոսից բարձր էր։
Գծապատկեր 1. Դոլարայնացման մակարդակը Հայաստանում ըստ փողի զանգվածի
Երկրորդ գծապատկերում ներկայացված է դոլարիզացիայի մակարդակն ըստ ցպահանջ ավանդների և արտարժույթով վարկերի։ Հետաքրքիրն այստեղ այն է, որ արտարժույթի ծավալը ավանդների մեջ (D4) և արտարժույթի ծավալը վարկերի մեջ (D5) մինչև 2022 թվականի մարտ ամիսը գրեթե նույն դինամիկան է ունեցել և շարժվել է նույն ուղղությամբ։
Կարդացեք նաև
2022 թվականի ապրիլից այս ցուցանիշներն ունեցել են հակառակ միտումներ։ Կտրուկ կրճատվել են արտարժույթով ավանդները, ավելացել է վարկերի տոկոսը։ Դա պայմանավորված էր 2022 թվականին Հայաստան արտարժույթի բավականին զգալի ներհոսքով (ավելին՝ Միջազգային դրամական փոխանցումների վերլուծություն): 2022 թվականին մեծ քանակությամբ արտարժույթի ներհոսքը ամրապնդեց դրամը, ինչի արդյունքում ավելացավ դրամով վերցված վարկերի և արտարժույթով ներդրված ավանդների տոկոսը, քանի որ համակարգում դոլարի չափը մեծ էր, և շատերը նախընտրեցին ավանդադրել այն։
Երրորդ գծապատկերը ցույց է տալիս ՀՀ դրամով և արտարժույթով ավանդների հարաբերությունը ՀՆԱ-ին։ ՀՀ դրամով ավանդների մեջ են մտնում ցպահանջ և Ժամկետային ավանդները։ Տվյալները հարաբերած են ՀՆԱ-ի 12-ամսյա գումարային ցուցանիշին, որպեսզի փոփոխության դինամիկան ավելի հստակ երևա։ 2019 թվականի երկրոր կեսից դրամային ավանդների կշիռը սկսեց գերազանցել դոլարային ավանդների կշռին։ 2018 թվականից դոլարային ավանդների կշիռը սկսեց ընկնել։ 2023 թվականի սեպտեմբերի դրությամբ ընդհանուր դրամական ավանդները կազմում են մոտ 2.4 տրլն դրամ կամ ՀՆԱ-ի 26 տոկոսը, իսկ դոլարային ավանդները մոտ 1.7 տրիլիոն դրամ, կամ ՀՆԱ-ի մոտ 18 տոկոսը։
Գծապատկեր 4-ում ներկայացված է դրամայնացման կամ մոնետիզացիայի մակարդակը Հայաստանում, որը փողի զանգվածի և ՀՆԱ-ի հարաբերակցությունն է։ Տնտեսության դրամայնացումը ազգային տնտեսության չափիչ է, որն արտացոլում է նրա հագեցվածությունը իրացվելի ակտիվներով: Դրամայնացման մակարդակը որոշվում է ինչպես ազգային ֆինանսական համակարգի, այնպես էլ ողջ տնտեսության զարգացմամբ։ Տնտեսության դրամայնացումը պայմանավորում է նաև կապիտալի շարժի ազատությունը։ Այստեղ հիմնական ցուցանիշը M2 դրամայնացումն է, որը ներկայումս կազմում է 33 տոկոս։ Ընդհանուր ՀՆԱ-ն հակված է փոփոխության գծային ձևով, մինչդեռ փողի զանգվածը կարող է փոխվել էքսպոնենցիալ: Դրա շնորհիվ դրամայնացման մակարդակը վկայում է տնտեսական զարգացման մասին։ Բոլոր զարգացած տնտեսություններում այս ցուցանիշը կազմում է ավելի քան 60 տոկոս։
Աղասի ԹԱՎԱԴՅԱՆ
Tvyal.com կազմակերպության ղեկավար