«Բոլոր նրանց, ովքեր ուզում են ասել, թե ինչու արցախցիները հերոսություն չեն ցուցաբերել, չեն կոտորվել, այլ դուրս են եկել, ինչպես ասաց Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանը, որ բանակցությունները փաստորեն ընթանում էին մարդկանց կյանքերը փրկելու շուրջ, ես այդ մարդկանց խորհուրդ եմ տալիս պատմել հասարակությանը, թե իրենք ինչ ճիգեր են գործադրել: ԱԺ ՔՊ-ական պատգամավորները նստել են սպիտակ ձիու վրա ու գնացել են այնտեղ օգնելո՞ւ, այդ ինն ամիսը օր ու գիշեր աշխատել են, որ իրենց իսկ ասած, Ադրբեջանի այդ անքակտելի մասը ապաշրջափակվի՞: Բոլոր նրանք, ովքեր շատ ազնվորեն եւ սրտանց նեղվում են, թե ինչպես են դուրս եկել, ինչու են զինաթափել բանակը եւ այլն, թող սկզբից իրենք իրենց հարց տան, թե անձամբ իրենք ինչ են արել, լինի դա իշխանություն, լինեն այլ մարդիկ: Ինչ են իրենք արել, որ կարողանան այդ վիճակը թույլ չտալ»,- ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում:
«Ուզում եմ հստակեցնել. ինչ տեղի է ունեցել Արցախի Հանրապետության հետ, պատասխանատուն նախ եւ առաջ Հայաստանի Հանրապետության վարչակազմն է: Դա նման է մի բանի, ինչ եղել է 2020 թվականին: Այսօր այլեւս գաղտնիք չէ, որ 44-օրյա կոչված պատերազմի համար նախապես պայմաններ են ստեղծվել օրվա իշխանությունների կողմից, որ Ադրբեջանը գործի այդ ագրեսիան, որ Թուրքիան մասնակցի, մինչեւ անգամ, կազմակերպի եւ ղեկավարի այդ ագրեսիան՝ ընդգրկելով միջազգային ահաբեկիչներին: Ու մնա անպատիժ: Ես ասել եմ 2020 թվականի նոյեմբերի 10-ին. եթե այս ամենի մեջ այս իշխանությունները տեսնում են, թե ինչ արհավիրք են բերել երկրի վրա, հասկանում են, որ դա արհավիրք է իրենց ղեկավարության ժամանակ, ուրեմն պետք է իրենք հրաժարական տային: Եթե հրաժարական չեն տվել, նշանակում է իրենք մասնակցել են Հայաստանի համար աղետալի ագրեսիայի ավարտով ակտիվ գործողություններին:
Եվ եթե ճշմարիտը խոսենք, տեսնում ենք, որ այդ ագրեսիան ժամանակակից հիբրիդային պատերազմի բոլոր մեթոդներով շարունակվում է Այս ամենի պատասխանատուն, շատ հեռու մի գնացեք, հենց օրվա իշխանությունն է իր առաջնորդի հետ, նրա առաջնորդությամբ: Եվ այսօր Հայաստանից որեւէ մեկը բարոյական իրավունք չունի ընդհանրապես արտահայտվել, թե ինչու այսպես եղավ, մինչեւ անգամ՝ դատապարտել տվյալ դեպքում Արցախի Նախագահ Սամվել Շահրամանյանին:
Կա՞ր այլ հնարավորություն: Բա այդ ժամանակ այդ խելոքները ո՞ւր էին: Զենք ու զրահով Հայաստանից գնացել ու փրկո՞ւմ էին հայության մի մասին մեր Արցախում: Չեք արել:
Կարդացեք նաև
Ես կցանկանայի, որ Հայաստանի ժողովրդի դատողությունը տարբերվեր Ադրբեջանի եւ Թուրքիայի քաղաքացիների գնահատականներից: Իրոք, զարմանալի, զարհուրելի են այն գնահատականները, որոնք տարածվում են կեղծ հայրենասիրությամբ լցված զայրույթով: Ձեր կեղծիքը առաջին հերթին բնութագրում է ձեզ: Որեւէ առումով դա ստվեր չի կարող գցել Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մեծ մասի քար լռությամբ տեղի ունեցած շրջափակման, հետո փաստորեն պաշարման մեջ հայտնված արցախցու վրա»,-ասաց տիկին Ալավերդյանը:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ