Լրահոս
Օրվա լրահոսը

COP28 համաժողովին ընդառաջ Հայաստանն ամփոփել է տարեկան սահմանված գործողությունների իրականացման առաջընթացը

Հոկտեմբեր 30,2023 19:07

Փարիզյան համաձայնագրի ներքո ստանձնած հանձնառության կատարման ճանապարհին կարևորելով կառավարության, մասնավոր և հանրային հատվածի, դոնոր և աջակցող գործընկերների հետ պարբերական աշխատաժողովները և խորհրդակցությունները, այսօր տեղի է ունեցել Ազգային մակարդակով սահմանված գործողությունների իրականացման առաջընթացի տարեկան ամփոփում:

Այս աշխատաժողովի անցկացումը պատեհաժամ է, քանի որ այն տեղի է ունենում 2023 թվականի նոյեմբերի 30-ից դեկտեմբերի 12-ը Միացյալ Արաբական Էմիրությունների կառավարության կողմից կազմակերպված ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայի (ԿՓՇԿ) Կողմերի 28-րդ համաժողովին (COP-28) ընդառաջ, որտեղ աշխարհն ամփոփելու է Փարիզյան համաձայնագրի իրականացման ուղղությամբ գրանցած առաջընթացը: Առաջին գլոբալ հաշվառումը (Global Stocktake) միտված է նպաստելու կլիմայական գործողությունների և ջանքերի համակարգմանը, ներառյալ՝ ձեռնարկելու միջոցներ առաջընթացի բացերը լրացնելու ուղղությամբ:

Աշխատաժողովին մասնակցել են Շրջակա միջավայրի նախարար Հակոբ Սիմիդյանը, Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային, Հայաստանում ՄԱԶԾ մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին, կլիմայական քաղաքականության շրջանակում որոշում կայացնողներ, ներաառյալ Կառավարության, միջազգային և հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ, լրագրողներ։

Ելույթի իր խոսքում նախարար Հակոբ Սիմիդյանը կարևորել է կլիմայական առաջնահերթությունների օրակարգում երկրի ստանձնած հանձնառությունները և դրանցից բխող միջոցառումների ու ծրագրերի պատշաճ իրականացումը․

«Մեր երկիրը կարևորում է Փարիզյան համաձայնագրի ներքո ստանձնած պարտավորությունների պատշաճ իրականացումը, քանզի այն հիմնված է կանաչ տնտեսության սկզբունքների վրա ու համատեղելի է երկրի սոցիալական և տնտեսական զարգացման նպատակների հետ։ Կառավարությունը կարևորում է միջազգային գործընկերների հետ կլիմայական ազգային առաջնահերթությունների ու կարիքների շուրջ պարբերական խորհրդակցությունները։ Այս ձևաչափով անցկացվող շահագրգիռ քննարկումները նպաստում են համատեղ գործողությունների և ծրագրերի համակարգված և արդյունավետ իրականացմանը»,-նշել է նախարարը։

«Կլիմայի փոփոխությունը գլոբալ մարտահրավեր է, որը հատում է սահմանները և գերազանցում է քաղաքականությանը։ Այն լոկ պատասխանատվություն չէ, որը կարող է կրել միայն մեկ ազգ կամ ազգերի խումբ: Հետևաբար, մեր ընդհանուր նպատակին հասնելու համար գլոբալ ընթացքի ուղղության շտկումը հրամայական է։ Ուստի «COP28 ԱՄԷ»-ն, որպես մեր հավաքական ճանապարհորդության հաջորդ քայլ, կոչ է անում աշխարհին «Միավորվել, գործել, ի կատար ածել»,-իր խոսքում նշել է Հայաստանի Հանրապետությունում Արաբական Միացյալ Էմիրությունների (ԱՄԷ) արտակարգ և լիազոր դեսպան Նարիման Ալ-Մուլլային։

Հայաստանում ՄԱԶԾ գրասենյակի Մշտական ներկայացուցիչ Նաթիա Նացվլիշվիլին բարձր է գնահատել ՄԱԶԾ-ի և ՀՀ կառավարության երկար տարիների համագործակցությունը՝ միտված Հայաստանի առաջնահերթ ոլորտների զարգացմանը․

«Նախքան Կողմերի 28-րդ համաժողովը կազմակերպված այս միջոցառումը լավ հնարավորություն է վերանայելու երկրում կատարված աշխատանքը կլիմայական օրակարգի իրականացման ուղղությամբ և գործընկերների հետ քննարկել քաղաքականությունների բարելավման և ծրագրային մակարդակում արդյունավետության բարձրացման հնարավորությունները։ Քանի որ Կողմերի 28-րդ համաժողովին առաջին Գլոբալ հաշվառումը կտրամադրի Փարիզյան համաձայնագրի իրականացման առաջընթացի վերաբերյալ համապարփակ տեղեկատվությունը, շատ կարևոր է հասկանալ, թե որտեղ ենք մենք, և ինչ գործողություններ են անհրաժեշտ եղած բացերը լրացնելու ուղղությամբ»։

Աշխատաժողովն անցկացվել է 4 թեմատիկ ուղղությունների շուրջ, որոնք սահմանվել են ՄԱԿ-ի ԿՓՇԿ-ի կողմից COP28-ի համար․ դրանք են՝ «Մեղմում», «Հարմարվողականություն», «Իրականացման և աջակցության միջոցներ» և «Ինտեգրված և ամբողջական մոտեցում»:

Նման կառուցվածքը նպատակաուղղված է շահագրգիռ կողմերի իրազեկվածության բարձրացմանն այն մասին, թե ինչպես է Հայաստանը նպաստում գլոբալ ջանքերին գլոբալ տաքացումը զսպելու ուղղությամբ, հարմարվում կլիմայի փոփոխության ազդեցությանը, կիրառում գործիքներ և ներգրավում աջակցություն անհրաժեշտ իրավական, տնտեսական, տեխնիկական և ինստիտուցիոնալ նախադրյալների ստեղծման համար և իրականացնում քաղաքականություն ու գործողություններ, որոնք արդյունավետորեն նպաստում են պետական և ոչ պետական դերակատարների կարողությունների զարգացմանը։

 

Շրջակա միջավայրի նախարարություն

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031