«Հայաստանում այսօր կան տասնյակ, եթե չասեմ՝ հարյուրավոր ոստիկաններ, որոնք ենթարկվում են թրաֆիքինգի։ Ես նկատի ունեմ այն հարյուրավոր ոստիկաններին, որոնց բողոքի ցույցերի ժամանակ տարբեր դեպքերով ստիպում են կեղծ ցուցմունք տալ։ Տասնյակներով դեպքեր կան, երբ դատարանում այնքան անհարմար վիճակի մեջ է հայտնվում այդ ոստիկանը, որ նույնիսկ դատավորն է վրան ծիծաղում»,- այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովների նիստում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը։ Նա հարցրեց՝ քանի որ Հայաստանում թրաֆիքինգի զանգվածային դեպքեր են գրանցվում, հաջորդ տարվա բյուջեով դրա դեմ պայքարի ուղղությամբ հատկացումներն ավելանալո՞ւ են։
Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանն ասաց, որ ոստիկանությունը նման ծանրաբեռնվածությամբ ու գրագետ երբեւիցե չի աշխատել։ «Ես երկար տարիներ աշխատել եմ ոստիկանությունում, ես համակարգը պատկերացնում եմ։ Եվ ամենակարեւորը, ուզում եմ վստահեցնել՝ իհարկե, իմ պաշտոնը քաղաքական պաշտոն է, բայց ես միշտ փորձել եմ մեր կառույցը քաղաքականությունից զերծ պահել։ Երեւի տեսել եք, թե շատ երկրներում ոնց են ոստիկանները ցույցեր սպասարկում։ Նման բարձր մակարդակով, նման համբերատար ծառայություն երեւի շատ քիչ երկրներում կարող եք նկատել»,- հավելեց Ղազարյանը։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ