Լրահոս
Օրվա լրահոսը

Էդգար Ղազարյան. «Բոլոր այն մարդիկ, ովքեր հոկտեմբերի 27-ի ժամանակաշրջանում ունեցել են ակտիվ դերակատարում, շատ հաջող դիրքավորված են այս իշխանության ներսում»

Հոկտեմբեր 30,2023 17:21

Քաղաքական-հասարակական գործիչ Էդգար Ղազարյանը «Հայելի» ակումբի ուղիղ եթերում այսօր անդրադարձավ հոկտեմբերի 27-ի ողբերգական իրադարձությունների 24-րդ տարելիցի առիթով այսօրվա իշխանության բարձրաստիճան պաշտոնյաների հայտարարություններին: Նա, մասնավորապես, ասաց, որ հոկտեմբերի 27-ի բացահայտման պատասխանատու պաշտոնյաները բացի նրանից, որ անպիտան են եղել, փորձում են դեպքերն անազնվորեն շահարկել:

Նա հիշեցրեց իրադարձություններ, որոնք տեղի են ունեցել հոկտեմբերի 27-ի ողբերգությունից անմիջապես հետո եւ նշեց կոնկրետ անուններ: «Եվ եթե հիմա մենք նայում ենք, ապա պարզվում է, որ բոլոր այն մարդիկ, ովքեր հոկտեմբերի 27-ի ողբերգությունից հետո կամ ի հայտ են եկել, կամ հենց այդ ժամանակաշրջանում ունեցել են ակտիվ դերակատարում, շատ հաջող կերպով դիրքավորված են այս իշխանության ներսում, պաշտոններ են զբաղեցնում, համագործակցում են»,-ասաց բանախոսը:

Խոսելով Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հարցազրույցից ստացած տպավորությունների մասին՝ Էդգար Ղազարյանն առանձնացրեց մի քանի դիտարկումներ: «Նախ, որ, չնայած իր ցանկությանը, նա չի հրավիրվել  Հայաստանի հանրային հեռուստաընկերություն հարցազրույցի: Սա նշանակում է, որ Հայաստանի իշխանությունները Հանրային հեռուստաընկերության միջոցով  նրան այլեւս որպես Արցախ նախագահ չեն ճանաչում, եւ չեն ցանկանում այդ կարգավիճակում նրան եթեր տրամադրել: Սա մաքուր ադրբեջանական մոտեցում է: Մյուս կարեւոր արձանագրումն այն է, որ Շահրամանյանը հայտնել է, որ Հայաստանում, այսինքն վարչապետը, ամբողջությամբ տեղեկացված է եղել բոլոր այն փաստաթղթերի ստորագրումից, դրանց բովանդակությունից եւ գործընթացներից, որոնք այդ պահին տեղի են ունեցել Արցախում: Իսկ փաստաթուղթը ստորագրվել է սեպտեմբերի 19-ին: Ամսաթվերը շեշտում եմ, որովհետեւ Հայաստանի խնդրանքով ՄԱԿ-ի ԱԽ արտահերթ նիստը հրավիրվել էր սեպտեմբերի 22-ին, դրանից 3 օր հետո: Եվ փաստորեն իմանալով այդ հրամանագրի գոյության, ստորագրման հանգամանքների մասին, որովհետեւ Շահրամանյանն ասում է, որ իրենք ստորագրել են ուղղակի Արցախի ժողովրդին ցեղասպանությունից փրկելու նպատակով, Նիկոլ Փաշինյանն այդ օրը կառավարության նիստում հայտարարեց, որ Արցախի ժողովրդին բնաջնջման վտանգ չի սպառնում, որ նրանք կարող են խաղաղ, հանգիստ ապրել Արցախում: Դրանով նա տեղեկատվությամբ սնուցեց Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովին, որը ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի նիստում Արարատ Միրզոյանին հակադարձում էր Նիկոլ Փաշինյանին հղում անելով:

Շատ կարեւոր էր պատերազմի մասին տեղեկությունը, որովհետեւ մեր հայ հասարակության մեջ հատկապես ՔՊ ներկայացուցիչների կողմից փորձում էին մանիպուլյատիվ կերպով ներկայացնել, որ Արցախի վրա ռազմական ներխուժումը եղել է նախագահի ընտրության հանգամանքով պայմանավորված: Իսկ Շահրամանյանը հստակ, այդ պահին նաեւ որպես ԱԽ քարտուղար, նախկինում ԱԱԾ տնօրեն, հայտարարեց, որ իրենք ունեցել են հստակ տեղեկություններ՝ սպասվող ադրբեջանական ագրեսիայի մասին՝ նույնիսկ մինչեւ Արայիկ Հարությունյանի հրաժարականը եւ մինչեւ Արցախի նախագահի նտրությունը»:

Էդգար Ղազարյանը այդ հարցազրույցում շատ կարեւորեց  նաեւ Սամվել Բաբայանի կողմից արված հայտարարությունների անհիմն եւ անբովանդակ լինելու բացահայտումը: Մասնավորապես, որ Սամվել Բաբայանը Ադրբեջանի կողմից նախընտրելի թեկնածու չի եղել բանակցությունների համար, ինչի մասին Շահրամանյանը ասաց, որ ադրբեջանցիները  նրա հետ շփումների որեւէ ցանկություն չեն հայտնել: Եվ պարզ էր, որ ադրբեջանցիների հետ չէր կարող լինել բանակցային որրեւէ այլ բովանդակություն, քան այն, ինչ մինչ այդ հայտարարել էր Իլհամ Ալիեւը: Իսկ վերջինը դեռ 2021 թվականից հայտարարում էր, որ Լեռնային Ղարաբաղ վարչատարածքային միավոր գոյություն չունի: Եվ եթե հայերը որոշում կայացնեն՝ մնալ, ապրել Լեռնային Ղարաբաղում, ապա որպես ազգային փոքրամասնություն նրանք չեն ունենալու որեւէ այլ կարգավիճակ, քան այն կարգավիճակը, որն ունեն Ադրբեջանում ապրող մյուս ազգային փոքրամասնությունները: «Հետեւաբար, Սամվել Բաբայանի պնդումները ինչ-որ ինքնավար մարզի, հայերի՝ այնտեղ ապրելու արտոնության մասին, ակնհայտ դատարկախոսության դրսեւորումներ են»,- ասաց Էդգար Ղազարյանը:

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031