Լրահոս
Մի կտրեք եղեւնի…
Օրվա լրահոսը

«ԼՂ-ից տարհանված բնակիչների մոտ մեծ քանակությամբ ե՛ւ օրինական, ե՛ւ անօրինական զենք-զինամթերք կա»․ Վահե Ղազարյան

Հոկտեմբեր 30,2023 16:44

«Լեռնային Ղարաբաղից տարհանված բնակիչների մոտ իրոք կա բավական մեծ քանակությամբ ե՛ւ օրինական, ե՛ւ անօրինական զենք-զինամթերք»,- այսօր Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանը։ Նրա խոսքով՝ կան որոշակի օպերատիվ տեղեկություններ, որոնք մշակման փուլում են։ «Կառավարություն-ԱԺ անցած հարց ու պատասխանի ժամանակ ես հորդորեցի մեր քույրերին ու եղբայրներին, որ կամավոր բերեն ներկայացնեն։ Բազան չկա, միանշանակ չունենք որեւէ տեղեկություն։ Հիմա աշխատում ենք ԼՂ ոստիկանության աշխատողների հետ՝ որոշակի պատկերացում ունենալու համար։ Օգտվելով առիթից՝ կոչ եմ անում բերեն կամավոր հանձնեն»,- ասաց նա։ Վահե Ղազարյանը հավելեց, որ խնդիր կա նաեւ պարգեւատրված զենքերի հետ կապված։ Ըստ նրա՝ ոստիկանությունը տեղեկություն ունի այն զենքերի վերաբերյալ, որոնք ՀՀ-ում են ձեռք բերել կամ պարգեւատրել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիներին։ Իսկ զենքով պարգեւատրված ԼՂ քաղաքացի անձանց վերաբերյալ որեւէ տեղեկություն չունեն։

«Կարո՞ղ ենք արձանագրել, որ դրանք գոյություն չունեն, եթե տեղեկությունը բացակայում է»,- հարցրեց ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը։ Վահե Ղազարյանը կրկնեց, որ տեղեկություն չունեն։

ՔՊ խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանն առաջարկեց Վահե Ղազարյանին․ «Ես գտնում եմ, որ այս հարցի վերաբերյալ Ազգային ժողովի հետ միասին աշխատենք եւ որոշում կայացնենք, ինչ-որ պահի բոլորին ասենք, որ գան այդ զենքերը հանձնեն, կամ այդ փաստաթղթերը կդադարեն օրենքի ուժ ունենալ եւ կհամարվեն անօրինական»։ Վահե Ղազարյանի համար այս առաջարկն ընդունելի էր, նա ասաց, որ պատրաստ է համագործակցել ԱԺ հետ։

Պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը հարցրեց Հայկ Սարգսյանին․ «Պարոն Սարգսյան, ձեր ասածից հետեւում է, որ դուք ենթադրում եք, որ բռնի տեղահանման ժամանակ մեծ քանակությամբ զե՞նք է տեղափոխվել»։ Հայկ Սարգսյանն ասաց, որ պատերազմի ժամանակ եւ պատերազմից հետո ԼՂ բազմաթիվ քաղաքացիներ ստացել են զենք կրելու իրավունք եւ դա նաեւ օգտագործում են ՀՀ-ում։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031