Լրահոս
Օրվա լրահոսը

Դատավոր Վահե Դոլմազյանը դատախազներին հուշեց՝ արձագանքել Արմեն Աշոտյանի պաշտպաններին

Հոկտեմբեր 30,2023 16:22

«Ձեզ ցուցում են տալիս, ասում են՝ սրան էլ պատասխանեք: Իրենք չե՞ն հասկանում, չե՞ն կարա ասեն: Լավ, գոնե այս մարդկանց ուսադիրները հարգեք»,- այսօր դատարանում, առարկելով դատավոր Վահե Դոլմազյանի գործողությունների դեմ, հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանը:

Պաշտպաններից Ռուբեն Մելիքյանն էլ, դիմելով դատավորին, հավելեց՝«դուք հենց նոր հաստատեցիք մեր դիրքորոշումը»:

Պաշտպանների եւ դատավորի միջեւ ծավալված վեճը վերաբերում էր դատավորին ներկայացված ինքնաբացարկի հիմքերից մեկին: Միջնորդությունը ներկայացնելիս՝ Ռուբեն Մելիքյանն ասել էր, որ դատավորին բացարկ հայտնելու հիմքերից մեկն էլ այն է, որ  դատավորը նաեւ ստանձնել է մեղադրանքի կողմի գործառույթ, ըստ էության, հակափաստարկելով պաշտպանական կողմին: Ըստ նրա՝ սրանով է բացատրվում այն, որ այս վարույթի շրջանակներում մեղադրողները, ըստ էության, անգործության են մատնված, քանի որ իրենց գործառույթը մեկ այլ սուբյեկտ է իրականացնում՝ դատավորը:

Բանն այն է, որ միջնորդության վերաբերյալ դիրքորոշումների ներկայացման փուլում դատավորը մեղադրող դատախազներին հուշեց՝ դիրքորոշում հայտնել նաեւ այս դրվագի հետ:

Հիշեցնենք՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով նախնական դատական լսումները Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել են հոկտեմբերի 9-ին: Արմեն Աշոտյանն արդեն հինգ ամիս է  կալանավորված է, նրա կալանքի ժամկետը եւս երեք ամսով երկարացվել է: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման, փողերի լվացման մեջ:

Մեղադրող դատախազները, բնականաբար, առարկեցին դատավորին բացարկ հայտնելու միջնորդության դեմ՝ դատարանի կողմնակալության հանգամանքը չփաստարկված համարելով: Ավելին, դատախազները կարծում են, որ պաշտպանական կողմն այսպիսով փորձում է պատասխանել դատավորին՝ Արմեն Աշոտյանի նկատմամբ կալանքը երկարացնելու որոշում կայացնելու համար:

Այս դրվագի առիթով արձագանքեց նաեւ Արմեն Աշոտյանը՝ նկատելով, որ բոլոր մեղադրյալների պաշտպանները համերաշխություն հայտնեցին միջնորդության առիթով, դրա հետ անհաշտ էին միան դատախազներն ու դատավորը, ինչն արդեն իսկ ցուցիչ է, իսկ բացարկի միջնորդությունը բնավ կալանքի որոշումից նեղացվածության արդյունք չէ:

Դատարանը սուբյեկտիվ որակեց դատավորի ինքնաբացարկի միջնորդության հիմքում բերված փաստարկները եւ մերժեց այն:

Այլ մանրամասները՝ տեսանյութում:

Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031