Ներքին գործերի նախարար Վահե Ղազարյանի հավաստմամբ՝ 2024 թվականին Հայաստանում պլաստիկ քարտերի խնդիր չի լինի։ Նշենք, որ պլաստիկ քարտերի խնդրի պատճառով Հայաստանում տեւական ժամանակ նույնականացման քարտեր (ID), վարորդական վկայականներ եւ մեքենաների տեխանձնագրեր չեն հատկացվել։
Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ այսօր պատգամավոր Հայկ Սարգսյանը հարցրեց, թե ի՞նչ քայլեր են ձեռնարկվում, որպեսզի 2024 թվականին պլաստիկ քարտերի հարցը փակված լինի։
ՆԳ նախարար Վահե Ղազարյանն ասաց․ «Վստահեցնում եմ, որ չի լինի պլաստիկ քարտերի ոչ մի խնդիր, նաեւ վարորդական իրավունքի վկայականի։ Այն ժամանակ կար ինչ-որ խնդիր, դրա հետ կապված կա հարուցված քրեական գործ։ Կեղծված էին այդ պլաստիկ քարտերը։ Ես հիմա վստահեցնում եմ, որ չկա նման բան։ Ունենք մեծ խմբաքանակ ձեռք բերած։ Եվ ինձ թվում է, որ մինչեւ 2024 թվականի առաջին կիսամյակը բավարար է դա»։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ