Վարչապետի ելույթն ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2024 թ. պետական բյուջեի նախագծի քննարկմանը
Ազգային ժողովի մեծարգո նախագահ,
Հարգելի փոխնախագահներ,
Կառավարության հարգելի անդամներ,
Հարգելի պատգամավորներ,
Սկսում ենք Հայաստանի Հանրապետության 2024 թվականի պետական բյուջեի նախագծի խորհրդարանական քննարկումները:
Այս քննարկումը նույնպես նախորդ տարիների նման տեղի է ունենում տարածաշրջանային և միջազգային լարված միջավայրում: Մեզ համար սա նոր չէ, և վերջին երեք տարիներին, իհարկե, տարբեր աստիճանի, բայց լարվածության պայմաններում ենք քննարկել գալիք տարվա բյուջեի նախագիծը:
Վերջին երկու տարում էականորեն սրվել է միջազգային իրադրությունը: Միջուկային պատերազմի հավանականությունը դարձել է փորձագետների և քաղաքական գործիչների քննարկման լրջագույն առարկա: Մենք ապրում ենք Սառը պատերազմի ավարտից ի վեր երկրագնդի վրա հաստատված աշխարհակարգի փլուզման պայմաններում:
Այս իրավիճակը Հայաստանի Հանրապետության համար ստեղծում է լրջագույն սպառնալիքներ: Բայց այդ սպառնալիքների գրագետ կառավարումը կարող է նույնքան լրջագույն հնարավորություններ ստեղծել մեր պետության համար:
Կարդացեք նաև
Կարևոր եմ համարում ընդգծել, որ սպառնալիքների կառավարման համար մեզ հարկավոր է նախ իրականացնել մտավոր, հայեցակարգային աշխատանք, որի առանցքային նպատակն ինքնահայեցումն է, 32 տարվա մեր պետականության, պետական կյանքի առանցքային կողմերի վերլուծությունը:
Ի՞նչ է մեզ համար անկախությունը: Ո՞րն է ինքնիշխանության և անկախության մասին մեր հավաքական պատկերացումը: Ի՞նչ գործիք է մեզ համար պետականությունը և ի՞նչ նպատակի ծառայեցնելու համար է այն մեզ անհրաժեշտ: Սրանք հարցեր են, որոնց քաղաքական, փորձագիտական, հանրային քննարկումն ազգային անվտանգության օրակարգ է: Մեր պետականության հայեցակարգային հիմունքները ճշգրտելն առանցքային է փոփոխվող աշխարհում մեր մրցունակությունն ու կենսունակությունն ապահովելու համար:
Սա, իհարկե, կառավարության և անձամբ վարչապետի աշխատանքի կարևորագույն մասերից է: Իմ վարչապետության՝ հանրային երջանկություններով ու ողբերգություններով լեցուն հնգամյա փորձն ինձ հանգեցրել է հետևյալ հայեցակարգային ձևակերպման, որն ուզում եմ առաջարկել որպես պետական հայեցակարգային ուղենիշ: Այդ ուղենիշը հետևյալն է՝ «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես Հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ»: Կրկնեմ, ձեր թույլտվությամբ, ևս մեկ անգամ՝ «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես Հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ»: Այս ձևակերպումը կամ կարգախոսը բխում է այն թեզից, գուցե՝ գիտակցումից կամ ընկալումից, որ մեր անկախության 32 տարվա ընթացքում մեր առանցքային հիմնախնդիրը եղել է պետության և Հայրենիքի շահերի միջև առկա և շարունակաբար մեծացող, պայմանականորեն ասած՝ լարումը, Հայրենիքի և պետության ձգողականության երբեմն հարկադիր ուղղությունները, պետության և Հայրենիքի միջև ընտրություն կատարելու անհնարինությունը:
Բայց որքան էլ անհնարին լինի ընտրությունը, այն պետք է կատարվի, և այդ ընտրությունը կատարելու պահին է գալիս ամենակարևոր գիտակցությունը և գիտակցումը, որ պետությունը միակ և անփոխարինելի Հայրենիքն է ու պետությունն ու նրա անկախությունը, ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինստիտուտները կայացնելն ու զարգացնելը, այդ գործին նպաստելը՝ հայրենասիրության գերադրական աստիճան: Սա հասունացման ճանապարհ է, և այդ ճանապարհն ենք անցնում բոլորով՝ կառավարություն, խորհրդարան, փորձագիտական հանրություն և ընդհանրապես՝ հանրություն ու ժողովուրդ:
Ահա, այդ հասունացման առանցքային շատ խորհրդանշական պահերից մեկը Հայաստանի Հանրապետության տարածքը 29 800 քառակուսի կիլոմետր լինելու մասին Ազգային ժողովի ամբիոնից իմ արած հայտարարությանը հետևած բազմահազարանոց ցույցն էր, ինչից ակնհայտ դարձավ, որ մենք՝ որպես հանրություն, մեր պետության միջազգայնորեն ճանաչված տարածքի չափի մասին այնքան էլ լավ պատկերացում չունենք, ինչը ոչ այնքան իմացության խնդիր է, որքան մեր կրած բոլոր անհաջողությունների և ձախողությունների, ըստ էության, անկյունաքար:
Այս ամենից մեր հետևությունը պետք է լինի միանշանակ՝ փլուզվող աշխարհակարգում մեր անվտանգության ապահովման միակ գործիքը Հայրենիքի նույնականացումն է պետության, նրա տարածքի, միջազգայնորեն ճանաչված նրա սահմանների, նրա տարածքային ամբողջականության հետ: Եվ այս նպատակին է ծառայում վերն առաջարկված կարգախոսը՝ «Հայրենիքը պետությունն է: Սիրո՞ւմ ես Հայրենիքդ՝ ուժեղացրու պետությունդ»:
Հարգելի ներկաներ,
Այս ընկալումից բխող առանցքային գործնական խնդիրը, որքան էլ տարօրինակ հնչի, պետության աշխարհագրական տեղադիրքի գիտակցումն է: Կարևոր եմ համարում արևելք-արևմուտք, հյուսիս-հարավ գլոբալ քննարկումից առաջ գիտակցել, որ մենք գտնվում ենք Հարավկովկասյան տարածաշրջանում, ունենք չորս հարևաններ, և նրանց հետ հարաբերությունների մեջ են թաքնված այն բոլոր հիմնական սպառնալիքներն ու հնարավորությունները, որ մենք կարող ենք ունենալ:
Այս առումով կարևոր է Վրաստանի և Իրանի Իսլամական Հանրապետության հետ մեր հարաբերությունների բարեկամական, համագործակցային բնույթի հետագա զարգացումը և հարաբերությունների կարգավորումն Ադրբեջանի ու Թուրքիայի հետ:
Պիտի ևս մեկ անգամ արձանագրեմ, որ մեր պլանների մեջ է Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորումը, որքան էլ գիտակցում ենք, որ դա հեշտ չի լինելու: Բայց նման ծրագրով առաջ շարժվելը բխում է Հայաստանի Հանրապետության պետական շահերից:
Հիմա, այս համատեքստում բնական հարց է առաջանում՝ ինչքանո՞վ է իրատեսական Ադրբեջանի հետ խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագիր ստորագրելը հատկապես այն տրամաբանությամբ, որի մասին խոսել ենք, ասել ենք, որ մենք փորձում ենք, ամեն ինչ կանենք առաջիկա ամիսներին նման արդյունքի հասնելու համար:
Ըստ էության, պիտի արձանագրեմ, որ Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման և խաղաղության երեք հիմնական սկզբունքները համաձայնեցված են, և եթե կողմերը մնում են հավատարիմ այդ համաձայնեցված սկզբունքներին, խաղաղության և հարաբերությունների կարգավորման պայմանագրի ստորագրումը դառնում է իրատեսական: Էլի եմ ասում, եթե կողմերը հավատարիմ են մնում արդեն իսկ պայմանավորված սկզբունքներին:
Ուզում եմ հիշեցնել, թե որոնք են այդ սկզբունքները: Առաջինը՝ Հայաստանի Հանրապետությունը և Ադրբեջանական Հանրապետությունը փոխադարձաբար ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն այն ըմբռնմամբ, որ Հայաստանի Հանրապետության տարածքը 29 800 քառակուսի կիլոմետր է, Ադրբեջանի տարածքը՝ 86 600 քառակուսի կիլոմետր:
Ի դեպ, ուզում եմ ասել, որ մեր հայացքից չի վրիպել, որ այս թվերի, այսպես ասած, ճշգրտությունը նաև քննադատությունների առարկա և թիրախ է դառնում, որովհետև շատերն ասում են, թե դա ի՞նչ թիվ է՝ 29 800 քառակուսի կիլոմետր: Այսինքն՝ կլոր թվերի նկատմամբ ավանդական անվստահությունն այստեղ էլ է աշխատում: Ես ուզում եմ մի շատ կարևոր արձանագրում անենք, որպեսզի թեման ամբողջապես պարզ լինի, որովհետև պայմանավորվածությունը ձեռք է բերվել քաղաքական մակարդակում, և հիմնական գաղափարը եղել է հղում անել կողմերի ազդեցությունից դուրս գտնվող ինչ-որ մի աղբյուրի, և հիմք վերցնել այդ թիվը՝ հասկանալով, որ հետագա քննարկումների և համաձայնությունների ընթացքում տեղի է ունենալու դեմարկացիա, դելիմիտացիա և այդպես շարունակ:
Ըստ էության, պիտի ասեմ, որ այս թվերը վերցված են Խորհրդային Միության վերջին հանրագիտարաններում արձանագրվածից, որտեղ արձանագրվել են Հայկական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության և Ադրբեջանական Խորհրդային Սոցիալիստական Հանրապետության տարածքի մասին արձանագրումներ. այնտեղ գրված է Հայաստանի Հանրապետություն 29 800, Ադրբեջանական Հանրապետություն 86 600: Ես այստեղ գալուց առաջ ևս մեկ անգամ նայեցի, օրինակ, դա արձանագրված է Հանրագիտարանի 1977 թվականի հրատարակություններում, նաև հետագա, ես վստահ էլ չեմ հաջորդ հրատարակությունները երբ են եղել և այդպես շարունակ:
Ահա, այս պրոցեսի քաղաքական բնույթից գործնականացնելու համար է նաև երկրորդ սկզբունքն արձանագրվել, որ կողմերը համաձայնվում են դելիմիտացիա իրականացնել Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա: Ի՞նչ է նշանակում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա իրականացնել դելիմիտացիա: Դա նշանակում է, ըստ էության, ելնել այն իրողությունից, որ Խորհրդային Միության ժամանակ Հայաստանի և Ադրբեջանի միջև գոյություն ունեցած ադմինիստրատիվ սահմանները դարձել են պետական սահմաններ, որոնց անխախտելիությունը կողմերը ճանաչել են և ճանաչում են Ալմա-Աթայի հռչակագրով:
Իհարկե, դելիմիտացիայի գործընթացում առանցքային նշանակություն ունի նաև Ալմա-Աթայի հռչակագրի ստորագրման, ընդունման պահի դրությամբ առկա իրադրությունն արձանագրող քարտեզների առկայությունը: Պիտի ասեմ, որ կա շատ կարևոր հանգամանք, որ, ըստ էության, կողմերի տիրապետության տակ կան քարտեզներ, որոնք արտահայտում են այդ իրողությունները: Հետևաբար՝ կողմերի քաղաքական կամքի առկայության դեպքում, այս գործընթացով նույնպես բավականին արագ և արդյունավետ կարելի է առաջ գնալ:
Երրորդ սկզբունքը, որն ըստ էության, նախորդ երկու սկզբունքների մեջ ներառված է, հետևյալն է, որ բացվում են տարածաշրջանային կոմունիկացիաները կողմերի ինքնիշխանության, իրավազորության հիման վրա և տարածաշրջանային կոմունիկացիաները գործելու են փոխադարձության և հավասարության հիմունքներով:
Սա էլ երրորդ սկզբունքն է: Եվ այս սկզբունքի վերաբերյալ մեր դիրքորոշումները մենք վերջերս ամփոփեցինք՝ «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ամբողջական և հայեցակարգային տեսք տալով: Այս մասին ես արդեն հասցրել եմ ձեզ պատմել: Ինչո՞ւ էր անհրաժեշտ սա անել: Սա կարևոր հանգամանք է, որովհետև ամենատարբեր և ձեզ հայտնի հանգամանքների բերումով այս թեմայի շրջանակներում տեղի էին ունենում կամ կարող էին տեղի ունենալ բազմաթիվ տարընթերցումներ, բազմաթիվ հակադիր մեկնաբանություններ, և առանցքային խնդիր է ճշգրտել սկզբունքները, այդ թվում՝ տարածաշրջանային կոմունիկացիաների բացման և աշխատանքի, որը մենք ամփոփել ենք «Խաղաղության խաչմերուկ» նախագծի բովանդակության մեջ:
Ընդ որում՝ այդ սկզբունքների մեջ ոչ մի նորություն չկա, և պիտի արձանագրեմ, որ, ըստ էության, դրանք նույնպես որոշակի, արդեն իսկ տեղի ունեցած պայմանավորվածությունների, ընկալումների, ըմբռնումների հիման վրա ձևավորված սկզբունքներ են: Այլ բան, որ մենք անհրաժեշտ համարեցինք դրանք մի տեղում հավաքելը:
Այս թեմայի վերաբերյալ ուզում եմ ընդգծել մի կարևոր առանձնահատկություն, որ «Խաղաղության խաչմերուկի» նախագծում մենք, նորից տարընթերցումներից խուսափելու համար, արձանագրում ենք հետևյալը, որ կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում, իր սահմանին ապահովում է սահմանային մաքսային հսկողություն, և բացի այդ, կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է, ընդհանուր առմամբ, կոմունիկացիաների անվտանգությունը: Խոսքը վերաբերում է ճանապարհներին, ավտոճանապարհներին, երկաթուղիներին, ավիահաղորդակցության ուղիներին, խողովակաշարերին, մալուխներին, էլեկտրահաղորդման գծերին: Կողմերից յուրաքանչյուրն իր տարածքում ապահովում է կոմունիկացիաների անվտանգությունը, և բացի այդ՝ այդ կոմունիկացիաներով մարդկանց, տրանսպորտային միջոցների, բեռների անվտանգ անցումը: Այսինքն, իր տարածքում ապահովում է յուրաքանչյուր կողմ, ընդհանուր առմամբ, ենթակառուցվածքների անվտանգությունն՝ ակնհայտորեն, և իր տարածքով՝ կոմունիկացիաներով, մարդկանց, տրանսպորտային միջոցների, բեռների: Բեռ ասելով՝ ապրանքների անցման անվտանգությունը, ապրանք ասելով՝ պետք է նկատի ունենալ նաև էլեկտրական հոսանք, հնարավոր խողովակաշարերով ռեսուրսներ, ինտերնետային հաղորդակցություն և այլն:
Կարևոր եմ համարում ընդգծել, որ Հայաստանի Հանրապետությունում տեղի են ունեցել և տեղի են ունենում կարևորագույն ինստիտուցիոնալ բարեփոխումներ, որոնք, այդ թվում՝ միտված են այս նպատակին: Ես արդեն առիթ ունեցել եմ հայտարարելու, որ մենք հիմա, ըստ էության, մի գործընթացի մեջ ենք, երբ Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունում ստեղծվում է հատուկ ստորաբաժանում, որի նպատակը նշված կոմունիկացիաների անվտանգությունն ապահովելն է լինելու: Եվ բացի այս՝ ընդամենը շաբաթ օրը մենք արդեն Հանրապետության ամբողջ տարածքով գործարկեցինք Պարեկային ոստիկանության աշխատանքը, որի կարևորագույն խնդիրների մեջ, իհարկե, մտնում է նաև կոմունիկացիաների, անձանց, բեռների, ապրանքների, տրանսպորտային միջոցների անցումը Հայաստանի Հանրապետության տարածքով:
Հարգելի գործընկերներ,
Ուզում եմ նորից արձանագրել, որ այս երեք սկզբունքը և գումարած, իհարկե, ևս մեկ հիմնարար հանգամանք, որ այս հարաբերությունների ընթացքում կողմերը հրաժարվում են ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից, և այս արձանագրումները, բոլոր պայմանավորվածությունները տարբեր փաստաթղթերում արձանագրված են, ինչ-որ ես թվարկեցի՝ ամեն ինչ, մասնավորապես, 2023թ. մայիսի 14-ի և հուլիսի 15-ի Բրյուսելում եռակողմ հայտարարությունների արդյունքներով ընդունված հայտարարության մեջ:
Անդրադառնալով Հայաստան-Թուրքիա հարաբերություններին՝ ուզում եմ նաև հույս հայտնել, որ առաջիկայում մենք կունենանք հատուկ ներկայացուցիչների քննարկումների, բանակցությունների արդյունքում ձեռք բերված պայմանավորվածությունների իրագործում, որը վերաբերվում է հետևյալին՝ Հայաստան-Թուրքիա սահմանն այս փուլում բացվում է երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար: Նաև պետք է ասեմ, որ բացի քաղաքական պայմանավորվածությունից, նաև ենթակառուցվածքային էական աշխատանք է արվել, մասնավորապես, մենք վերազինման, վերականգնման ուղղությամբ աշխատել ենք Մարգարայի անցակետում, և այս առումով, ըստ էության, արդեն պատրաստ ենք նման զարգացումների. հույս ունենք՝ այդ պայմանավորվածությունները կյանքի կկոչվեն:
Հարգելի գործընկերներ,
Իհարկե, նորից եմ ասում, ես նաև արտաքին քաղաքական հատվածով, և մնացած հատվածներով էլ, ամբողջական անդրադարձ հասկանալիորեն այսօր չեմ ունենա: Ուղղակի ուզում եմ անել մի քանի ընդգծումներ:
Այդ ընդգծումներից հաջորդը, որ ուզում եմ անել, հետևյալն է. մեր կարևորագույն ձեռքբերումներից մեկը սպառնալիքների և անվտանգային մարտահրավերների միջավայրում մակրոտնտեսական կայունությունն է, որն ակնհայտորեն կարողացանք պահպանել և՛ պատերազմի, և՛ ներքաղաքական անկայունությունների, և՛ համավարակի ընթացքում, և Հայաստանը շարունակում է մնալ բարձր տնտեսական աճի միջավայրում արդեն երկրորդ տարին անընդմեջ: Մենք այս տարի սպասում ենք առնվազն 7 տոկոս տնտեսական աճ, գնաճի միջավայրը կայուն է, առաջին 9 ամիսների արդյունքներով ունենք 2,8 տոկոս գնաճի ցուցանիշ:
Կարևոր է արձանագրել, որ 2023թ. սեպտեմբերին մենք արձանագրել ենք Հայաստանում գրանցված աշխատատեղերի նոր ռեկորդ: Ըստ այդմ՝ սեպտեմբերին գրանցվել է 726.056 աշխատատեղ, որը 2018թ. մայիսի համեմատությամբ ավել է 178.067-ով: Այսինքն՝ սա նշանակում է, որ մեր Կառավարությունն իր գործունեության ընթացքում ՀՀ-ում ստեղծել է 178 հազար աշխատատեղ: Եվ նաև հետևյալն եմ ուզում ասել, որ մակրոտնտեսական կայունությունն, իհարկե, մեր բոլոր մարտահրավերները, սպառնալիքները կառավարելու, ինչպես նաև հնարավորություններն օգտագործելու ամենակարևոր գործիքը և ցուցանիշն է: Պիտի ևս մեկ անգամ արձանագրեմ, որ ի հեճուկս բոլոր սպառնալիքների, մեզ հաջողվել է մակրոտնտեսական կայունությունն ապահովել, այդ թվում՝ Հայաստանի Հանրապետությունում կոռուպցիայի դեմ սկզբունքային և համակարգված պայքար տանելու շնորհիվ: Դրա մասին շատ ենք խոսել՝ մենաշնորհների հաղթահարում, տնտեսական գործունեության լիարժեք ազատություն և այլն:
Եվ ուզում եմ նաև արձանագրել, և այսօր այդ արձանագրումն անելը չափազանց կարևոր է, որ ինքս մակրոտնտեսական կայունության համար ամենամեծ սպառնալիքներից մեկը համարում եմ կոռուպցիայի հնարավոր վերաակտիվացումը: Մենք պետք է մեր սկզբունքային պայքարն ավելի խորացնենք կոռուպցիայի դեմ: Պիտի արձանագրեմ նաև, որ մտահոգված ենք այն տեղեկություններով, որ ամենատարբեր տեղերում, ամենատարբեր մակարդակներով՝ կաշառքներով, կոռուպցիոն եղանակներով Հայաստանի Հանրապետությունում դեռևս հնարավոր է հարցեր լուծել, և ուզում եմ վերահաստատել ու առանձնահատուկ ընդգծել մեր քաղաքական կամքը. որևէ ճգնաժամ, որևէ ցնցում, որևէ դժվարություն չի կարող մեզ մեր պայքարը՝ հակակոռուպցիոն պայքարը, որևէ կերպ թուլացնել: Սա, ինչպես արդեն նկատեցիք, ազգային անվտանգության, ընդհանրապես երկրի, պետության շահերի հարց է, և նաև ես, վերջերս, Հակակոռուպցիոն կոմիտեում ու Կոռուպցիայի կանխարգելման խորհրդում ունեցած քննարկումների ժամանակ ընդգծել եմ հետևյալը՝ այսօր կոռուպցիայի դեմ պայքարը Հայաստանի Հանրապետությունում նույնքան կարևոր է, նույնքան հրատապ է, ինչքան 2018 կամ 2019 թվականներին: Եվ մենք մտահոգված ենք խորապես այն ընկալմամբ, որ Հայաստանի Հանրապետությունում, նորից եմ ասում, տարբեր տեղերում հնարավոր է փողով, կաշառքով և այլն, տարբեր հարցեր լուծել: Եվ եկեք պայմանավորվենք, որ այստեղ, ինչպես և նախկինում, ինչպես ժողովրդական լեզվով ասվում է՝ ներում-բեկում չի լինելու, որևէ նմանատիպ դեպք, անկախ նրանից՝ դա տեղի կունենա նախկին, ներկա, որևէ իշխանության օղակի կողմից, դա պիտի արժանանա հստակ, ուժեղ, հատուկ և իհարկե, օրինական գնահատականի:
Հարգելի գործընկերներ,
Այդ թվում մակրոտնտեսական կայունության շնորհիվ է, որ մենք ի վիճակի եղանք մեկ շաբաթվա ընթացքում 100 հազարից ավելի փախստականներ ընդունել Լեռնային Ղարաբաղից: Եվ այս արձանագրումը ես արել եմ Կառավարության նիստում, և ուզում եմ նաև խորհրդարանական միջավայրում էլ անել. մեր Կառավարությանն ուղղված ամենասուր բողոքներից կամ քննադատություններից մեկը 2018թ.-ից ի վեր եղել է այն, որ մենք կառավարման որակի և կարողությունների բացթողումներ ունենք, պրոբլեմներ ունենք, կամ նույնիսկ ավելի սուր գնահատականներ, և սրա հետ մենք երբեք չենք համաձայնվել: Փորձ էր արվում շահարկել այն փաստը, որ իշխանության հասնելը մի խնդիր է, բայց պետական կառավարումը մի խնդիր: Կարծում եմ՝ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված մեր հայրենակիցներին ընդունելու գործընթացը դարձավ անառարկելի ապացույցն այն բանի, որ Հայաստանի Հանրապետության կառավարությունը և կառավարող մեծամասնությունը ՀՀ-ում բավականին արդյունավետ կառավարում են իրավիճակը:
Եվս մեկ անգամ ուզում եմ շնորհակալություն հայտնել մեր բոլոր այն գործընկերներին, այդ թվում՝ հասարակական կազմակերպություններին, կամավորներին, ովքեր այս իրավիճակը կառավարելու գործում աջակցություն են ցուցաբերել: Նաև ուզում եմ արձանագրել, որ այս պահի դրությամբ շուրջ 100.000 բռնի տեղահանված արդեն իսկ ստացել է մեր խոստացած 100.000 դրամ աջակցությունը, 100 հազարական դրամ յուրաքանչյուրին, որից՝ այդ ստացածների թվից ավելի քան 25 հազարը երեխաներ են: Հիշեցնեմ՝ այդ 100.000 միանվագ աջակցությունը ստանում են բոլոր մարդիկ՝ անկախ տարիքից, և նաև արձանագրեմ, որ 40+10 հազար դրամ կեցության աջակցության գումարն այս պահի դրությամբ ստացել են 41610 մարդ, ծրագրի շահառու հանդիսացող 39340 մարդ ևս ստացել են 40+10 հազար, իսկ 2270 մարդ միայն 10 հազարական դրամները, որովհետև նրանք ՀՀ-ում ունեն բնակարան:
Առաջիկայում նախատեսվում է նաև սկսել 50+50 հազար դրամ հատկացումներն առաջնահերթ սպառման ծախսերի աջակցության ծրագրով: Եվ կրկին ուզում եմ ընդգծել՝ մինչև այս պահը ոչ բոլորն են ստացել 100 հազարական դրամները: Այսինքն՝ մեր թիվը 100 հազարից ավելի է, բայց դրա միակ պատճառը հետևյալն է, որ եթե մեր քույրերը, եղբայրները դեռևս չեն ստացել այդ գումարը, նշանակում է, որ նրանց տվյալների մշակման հետ կապված ինչ-որ խնդիրներ կան, որոնք ընթացքի մեջ են, և հնարավորինս արագ ժամկետում բոլորը բոլոր գումարները կստանան: Ուզում եմ արձանագրել, որ, իհարկե, այս ծրագրերի մի մասը որոշակի արտահայտություն պետք է գտնի նաև 2024 թվականի բյուջեում, որովհետև մենք արդեն իսկ այս պահին կայացրած որոշումներով շուրջ 54 մլրդ դրամի հատկացում ենք արել ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին, բայց այդ գումարից այս պահի դրությամբ ծախսվել է 16 մլրդ դրամը: Հասկանալիորեն դրա մի մասը ծախսվելու է 2024 թվականի պետական բյուջեով: Օրինակ՝ կեցության աջակցության ծրագիրը 6 ամսյա ծրագիր է, և 6 ամիս այդ ծրագիրը դեռ պետք է շարունակվի:
Մենք նաև հստակ արձանագրում և ասում ենք, և աշխատում ենք միջազգային գործընկերների հետ, որ հումանիտար այս իրավիճակը կառավարելու հարցում ունենք միջազգային մեր գործընկերների աջակցության կարիքը: Եվ ուզում եմ ձեր ուշադրությունը հրավիրել մի շատ կարևոր հանգամանքի վրա, որը կարևոր է թե՛ ներքին և թե՛ արտաքին առումով: Ըստ էության, ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին հատկացվող գումարը համարյա ամբողջությամբ, և հընթացս կլինի լիարժեք ամբողջությամբ, տրամադրվում է, բաշխվում է բանկային համակարգի միջոցով: Այսինքն՝ բանկային քարտերի միջոցով: Սա ինչո՞վ է կարևոր: Ես խոսեցի կոռուպցիայի մասին. Մենք գիտենք, որ սովորաբար կոռուպցիան և կոռուպցիոն երևույթները նաև հումանիտար իրավիճակներում ակտիվանալու սովորություն ունեն: Մեր այսօրվա իրավիճակի առանձնահատկությունն այն է, որ, ըստ էության, բաշխվող գումարները բոլորը հետագծելի են: Այսինքն՝ երբևէ, որևէ տեղ, խորհրդարանական, հանրային և այլ մակարդակներում, եթե հարց կառաջանա, թե գումարներն ինչի վրա են ծախսվել, ովքեր են ստացել այդ գումարները, մենք լումայի և անձի ճշտությամբ կարող ենք ասել՝ նույնիսկ օրով, ժամով, ով, երբ է ստացել գումարը, որ օրն է կանխիկացրել և այլն:
Սա կարևոր է նաև միջազգային գործընկերներին մեր ուղերձը ճիշտ և հստակ ձևակերպելու առումով: Մենք ասում ենք՝ ովքեր ուզում են օգնել մեզ հումանիտար այս իրավիճակը կառավարելու հարցում, մեր ակնկալիքն այն է, որ նրանք դա կանեն բյուջետային աջակցության գործիքով: Այսինքն՝ գումարները կտան ՀՀ կառավարությանը, ՀՀ կառավարությունն այս մեխանիզմի, այս ցանցի միջոցով գումարները կբաշխի:
Ուզում եմ ևս մի նրբության մասին ասել՝ մեզ համար շատ կարևոր է եղել, որ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերին և եղբայրներին հասնող աջակցությունը լինի հրատապ և արժանապատիվ: Ես կրկին ուզում եմ ասել, մենք մի քանի անգամ տարբեր կազմերով քննարկել ենք այս հարցը և մեր առաջնային մոտեցումն է՝ բոլորիս հայտնի հումանիտար օգնությունների այն գործելակերպերը, երբ մարդկանց օգտագործված հագուստ, օգտագործված գույք և այլն, հավաքել և բաշխելը համարվում է հիմնական անելիք, մենք ամեն ինչ անում ենք այս ուղղությունը նվազագույնի հասցնելու համար: Մենք ասում ենք՝ մարդկանց տանք իրենց առաջնային կարիքների համար գումարներ, թող իրենք որոշեն ինչ են ուզում հագնել: Իհարկե, հասկանալի է, որ գնային որոշակի սահմանափակում կա, որոնք բոլորն էլ ունեն՝ ՀՀ բազմաթիվ քաղաքացիները սոցիալական վիճակից կախված, բայց նախընտրելի է, որ մենք գումարը տանք մարդկանց և իրենք որոշեն իրենց առաջնային կարիքները և հոգան, մենք չորոշենք իրենց բաճկո՞ն է պետք, թե՞ կոշիկ: Եվ սա կարևոր է ոչ միայն զուտ ԼՂ-ից բռնի տեղահանված մեր քույրերի և եղբայրների արժանապատվության առումով, սա քաղաքական հայեցակարգային և նույնիսկ քաղաքակրթական մոտեցում է: Եվ նաև այս մոտեցումն է պատճառը, որ մենք իսկապես դեռևս գոնե այս պահի դրությամբ բավականին հաջողությամբ կարողանում ենք կառավարել այս հումանիտար իրավիճակը:
Հարգելի գործընկերներ, անդրադառնալով 2024 թվականի պետական բյուջեի ֆինանսական ցուցանիշներին, պետք է անեմ մի քանի շատ կարևոր արձանագրում: Առաջին այդպիսի արձանագրումը հետևյալն է, որ 2024 թվականի ՀՀ բյուջեն եկամտային մասով 2018 թվականի համեմատ ավելի քան կրկնապատկվում է: Եվ ուզում եմ արձանագրել, որ 2024 թվականին պլանավորվող բյուջեի եկամտային մասը 1 տրիլիոն 367 միլիարդ 800 միլիոն դրամով կամ 105 տոկոսով ավելի է, քան 2018 թվականի պլանավորված բյուջեն: Ավելին ասեմ՝ ավելացող մասը 60 մլրդ դրամով ավելին է, քան 2018 թվականին նախատեսված ամբողջ բյուջեն:
Եվ նաև ուզում եմ արձանագրել, որ մենք էական ավելացումներ ունենք մի շարք առանցքային ուղղություններով: Մասնավորապես, կրթության մասով մեր հատկացումները 2018 թվականի համեմատ աճում են 130 տոկոսով: Այսինքն՝ ավելի քան կրկնապատկվում են: 2024 թվականի ավելացող մասը կրթության հատկացումների 165 մլրդ դրամ է, ինչը 2018 թվականի հատկացված բյուջեից մոտավորապես 37 մլրդ դրամով ավելի է: Այսինքն՝ միայն մեր այս տարվա ավելացումը 2018 թվականի ամբողջ բյուջեից ավելի է մոտավորապես 35 մլրդ դրամով:
Շատ կարևոր է, որ ռազմավարական մեր ուղղություններով շոշափելի քայլեր ենք անում: 300 դպրոցների և 500 մանկապարտեզների կառուցման, հիմնանորոգման, վերանորոգման և գույքով ապահովման նպատակով 2024 թ. բյուջեով նախատեսվել է 111,6 մլրդ դրամ, որը 2023 թ.- ի 38,7 մլրդ դրամի համեմատ ավելի է 72 մլրդ դրամով կամ 188 տոկոսով: Այսինքն՝ մենք դպրոցների և մանկապարտեզների շինարարության և գույքով ապահովության համար 188 տոկոսով ավելի գումար ենք տալիս 2023 թվականի համեմատ:
Պետք է նաև արձանագրենք, որ 300 դպրոցների մասով այս պահին ավարտված է 26 դպրոցների կառուցումը, 2023 թվականին կավարտվեն ևս 8 դպրոցներ, տարեվերջին ավարտված դպրոցների քանակը կկազմի 34: 2024 թ. սկզբի դրությամբ շինարարության ընթացքի մեջ կլինեն 41 դպրոցներ, որոնցից 21-ի շինարարությունը կավարտվի 2024 թ-ին: 2024 թ. դեկտեմբերին ավարտվածների քանակը կլինի 55 դպրոց: Այժմ կառուցման ընթացքում գտնվող ևս 20 դպրոցների շինարարությունը կավարտվի 2025-2026 թթ.-երին: Նախագծման ավարտի և շինարարության մրցույթի նախապատրաստական փուլում են ավելի քան 200 դպրոցներ, այդ թվում՝ 75 կրթահամալիրներ: Դրանց շինարարության մրցույթները կմեկնարկեն նոյեմբերից: Նշվածների մեջ ներառված չեն այն դպրոցները, որտեղ կառուցվում կամ վերակառուցվում են միայն մարզադահլիճները: Այս պահին ավարտված է 500 մանկապարտեզներից 122 մանկապարտեզների կառուցումը կամ նորոգումը կամ հիմնանորոգումը: 142-ում դեռևս իրականացվում են շինարարական աշխատանքներ: 2024 թվականին շինարարական աշխատանքներ կտարվեն 283 հաստատություններում, որոնցից մոտ 100-ի աշխատանքները կավարտվեն մինչև տարեվերջ՝ 2024 թվականին: Այսինքն՝ այս թվերը ներկայացնում եմ ցույց տալու համար, որ մենք բավականին լավ տեմպով իրականացնում ենք 300 դպրոց, 500 մանկապարտեզների շինարարության աշխատանքները:
Ես ձեզ հետ ուզում եմ կիսվել մեր հիմնական մտահոգությամբ: Ըստ էության, ծրագիրն ամբողջ ծավալով մտնում է շինարարական փուլ, և մեր հիմնական մտավախությունը հետևյալն ՝ արդյոք ՀՀ-ում գործող շինարարական ընկերություններն ի վիճակի կլինեն կառուցել այդքան դպրոց և մանկապարտեզ: Այսինքն, որպեսզի նաև մեր հանրությունը պատկերացնի մեխանիզմը, Կառավարության խնդիրը հետևյալն է՝ նախատեսել, որ կոնկրետ վայրերում մեզ անհրաժեշտ է դպրոց, դրա համար հատկացնել ֆինանսական միջոցներ, պատվիրել նախագիծ, որից հետո հայտարարել մրցույթ, որտեղ մրցակցային պայմաններում շինարարական ընկերությունը մասնակցում է մրցույթների, իհարկե, շահույթի ակնկալիքով:
Հիմա, խնդիրն այն է, որ հասել ենք մի կետի, երբ Հայաստանի Հանրապետությունում գործող, ըստ էության, բոլոր շինարարական կազմակերպությունները բեռնված են կամ գերբեռնված։ Ընդ որում, ուզում եմ ասել՝ այդ թեման էլ փակվեց, որ ասում են, թե այ այս մրցույթում ինչ-որ մեկի բարեկամի հետ կապ ունեցող ընկերությունն է հաղթել։ Հիմա բոլորի բոլոր բարեկամները բոլոր մրցույթներում հաղթում են, այսինքն` ոչ մեկ, ոչ ընդդիմությունից, ոչ իշխանությունից մարդ չկա, որ այսօր համապատասխան մրցույթներում չի շահել։ Ընդհակառակը, մենք ենք հետևներից ընկած խնդրում, ասում՝ եկեք այս մրցույթներին մասնակցեք, որովհետև իրավիճակներ ունենք, շատ կարևոր շինարարական պրոյեկտներ՝ դրանք կամուրջներ են, ճանապարհներ և այլ ենթակառուցվածքներ, որտեղ մրցույթներ ենք հայտարարում և մասնակցող չի լինում։
Երբ ընկերություններին հարցնում ենք՝ ինչո՞ւ չեք մասնակցում, չէ՞ որ շահույթ պետք է ստանաք այդ ծրագրերի իրականացման արդյունքում, նրանք ասում են, որ այնքան մրցույթներ են հաղթել՝ հազիվ այդ մրցույթներն իրականացնեն։ Հիմա եկել ենք այս փուլին հասել, որտեղ ունենք այս հիմնական մտավախությունը և մեր ծրագիրն այն է, և ուզում եմ հրապարակային ասել, նաև խնդրել մեր բոլոր գործընկերների աջակցությունն այս հարցում, մենք ուզում ենք, որ արտերկրյա ընկերություններ մասնակցեն մեր մրցույթներին: Եվ հիմա մեր նախարարություններն արտաքին կապերի ուղղությամբ աշխատում են, որպեսզի օտարերկրյա ընկերություններ կարողանան հրավիրել, որ նրանք գան և մասնակցեն մրցույթներին։ Գուցե թե մենք ձև գտնենք, որպեսզի նրանց համար ավելի գրավիչ ընթացակարգերով և արագությունն ապահովելու նկատառումով նրանց հատկացնենք որոշակի լոտեր։ Որովհետև օտարերկրյա ընկերությունը չի գա մի դպրոցի շինարարությանը մասնակցի։ Մեր նպատակադրումն այն է, որ մենք ձևավորենք լոտեր աշխարհագրորեն հնարավորինս մոտ դպրոցներից և մանկապարտեզներից և մրցույթները հայտարարենք ավելի խոշոր լոտերով։
Հարգելի գործընկերներ,
2023 և 2024 թվականների համար հանրակրթության ոլորտում մի շատ կարևոր լրաբարեփոխման մասին եմ ուզում հայտարարել, որ մենք առաջիկայում պետք է անենք։ Խոսքն ուսուցիչների կամավոր ատեստավորման գործընթացի մասին է։ Դուք տեղյակ եք, որ մենք այս պահին աշխատում ենք հետևյալ տրամաբանությամբ՝ ուսուցիչների ատեստավորումը տեղի էր ունենում ըստ նրանց ատեստավորման ընթացքում ցուցաբերած արդյունքների։ Նրանք, ովքեր խնդիրների 70-ից 79 տոկոսն էին լուծում, նախ նրանց դրույքաչափը 125,000 դրամից դառնում էր 200․000 դրամ և ստանում էին պլյուս 30 տոկոս հավելավճար, այսինքն՝ ևս 60․000 դրամի չափ։ Նրանք, ովքեր 79-ից 89 տոկոսն էին կատարում, ստանում էին հավելում դրույքաչափի և 40 տոկոս հավելավճար։ Նրանք, ովքեր 89-ից 100 տոկոսը, ստանում էին դրույքաչափի հավելում 125․000-200․000 դրամ և ևս 100․000 դրամ հավելում։ Եվ մեր մոտ կար ևս մի կատեգորիա՝ 60-ից 69 տոկոս հավաքած ուսուցիչներ, որոնք համարվում էին/են ատեստավորված, բայց նրանց աշխատավարձի հավելում չէր իրականացվում։ Ատեստավորված համարվելը նրանց տալիս էր միայն մի առավելություն, որ նրանք համարվում էին որակավորված՝ դպրոցում ուսուցիչ աշխատելու և կարող էին շարունակել աշխատանքը, բայց որևէ ձևով նրանց աշխատավարձը չէր բարձրանում։ Հիմա մենք կայացրել ենք հետևյալ որոշումը, որ 60-ից 69 տոկոս արդյունք ցուցաբերած ուսուցիչները կստանան հետևյալ ֆինանսական հավելումը՝ նրանց դրույքաչափը 125․000 դրամից կդառնա 200․000 դրամ, իսկ լրացուցիչ տոկոսը չեն ստանա, կստանան այն ժամանակ, երբ 69-ից բարձր արդյունք ցույց կտան։ Հիմա մենք արձանագրում ենք, որ արդեն իսկ ատեստավորվման 60-ից 69 տոկոս արդյունք ցույց տված ուսուցիչների վրա որոշումը կտարածվի և նրանց դրույքաչափն արդեն իսկ տեղի ունեցած ատեստավորման բերումով 125.000 դրամից կդառնա 200․000 դրամ։ Մենք, իհարկե, կաշխատենք այդ որոշումը հնարավորինս արագ կայացնել, որպեսզի այս տարվա աշխատավարձերի վրա արդեն կոնկրետ ազդեցություն ունենա։
Ուրախությամբ եմ արձանագրում, որ, ըստ էության, մենք անցել ենք Ակադեմիական քաղաք ծրագրի իրագործման գործնական փուլ։
Կառավարությունում ասել եմ և ուզում եմ խորհրդարանական մեր գործընկերներին նույնպես տեղյակ պահել. ես հիմա ունեմ վստահություն, որ մենք այդ ծրագիրը կիրականացնենք։ Ինչո՞ւմն է այդ վստահությունը, որովհետև մենք ունենք տարածք, ունենք արդեն իսկ իրականացվող ճարտարապետական աշխատանքներ և գերմանական ճարտարապետական ընկերություն, ով կիրականացնի գլխավոր հատակագծի պատրաստման աշխատանքները։ Իհարկե, հայաստանյան գործընկերների հետ համատեղ և այդ գործընկերներից առաջնայինը Հայաստանի Ճարտարապետության և շինարարության համալսարանն է և Հայաստանի պետական մարմինները։ Հույս ունեմ, որ արդեն 2024 թվականին կունենանք գլխավոր հատակագիծը, որն առանցքային նշանակություն ունի և որից հետո արդեն կսկսենք կոնկրետ շենքերի նախագծման և շինարարության աշխատանքը, իհարկե մինչև այդ արդեն ենթակառուցվածքների հասանելիության հարցը կլուծենք դեպի Ակադեմիական քաղաք։
Իրականում շատ բան կա ասելու կրթության ոլորտում տեղի ունեցող բարեփոխումներից, բայց այս հատվածով այստեղ կանգ առնեմ և շարունակեմ բյուջետային ցուցանիշների վերաբերյալ տվյալները։
Կապիտալ ծախսեր. 2018 թվականի նկատմամբ 2024 թվականին մեր կապիտալ ծախսերն աճում են 310 տոկոսով կամ 537 մլրդ դրամով։ Այսինքն, 2018 թվականին նախատեսված կապիտալ ծախսերն ամբողջ տարվա համար եղել են 173,2 մլրդ դրամ և հիմա, ըստ էության, ավելի քան 300 մլրդ դրամով միայն ավելացած մասն է 2018 թվականի նկատմամբ։
Պետք է արձանագրեմ, որ մեր պլանների մեջ է մտնում նաև 2024 թվականին ունենալ առնվազն 500 կմ հիմնանորոգված կամ նորոգված ճանապարհ։ Պետք է ուրախությամբ արձանագրեմ, որ Հյուսիս-հարավ ավտոճանապարհի կառուցման մասով ունենք լուրջ առաջընթաց և մենք վերջերս ստորագրեցինք շինարարության պայմանագիրն Ագարակ-Քաջարան հատվածի համար, որը կիրականացնի իրանական ընկերություն և հույս ունենք, որ օր առաջ այդ շինարարությունը կսկսվի։ Իհարկե, պետք է անկեղծ խոստովանեմ, որ մենք խնդիրներ ունեցանք կապված Սիսիան-Քաջարան հատվածի հետ, որովհետև այնտեղ մրցույթային ընթացակարգերի և որոշ պարամետրերի վերաբերյալ որոշակի տարընթերցումներ ունեցանք մեր միջազգային գործընկերների հետ, ինչի պատճառով մրցույթային ընթացակարգը տեղի չի ունենում այն ժամանակացույցով, ինչով մենք պլանավորել ենք։ Հիմա մենք բանակցությունների մեջ ենք և հույս ունենք, որ առաջիկայում շատ կոնկրետ հայտարարություն հնարավոր կլինի անել՝ շատ կոնկրետ ընկերության կողմից այդ ամբողջ հատվածի շինարարությունը ստանձնելու վերաբերյալ։
Ես չեմ ուզում առաջ անցնել, այդ թեմայով մենք ունենք նախնական պայմանավորվածություն, որն, իհարկե, դեռ վերահաստատման կարիք ունի։
Հատուկ ուզում եմ ընդգծել, որ պաշտպանության ոլորտում 2018 թվականի համեմատ 2024 թվականի բյուջեի ծախսերն ավելի քան կրկնապատկվում են՝ ավելանում են 125 տոկոսով։ Ավելացող մասը միայն 2024 թվականի բյուջեի 309 մլրդ դրամ է, իսկ 2018 թվականին նախատեսված ամբողջ տարվա բյուջեն եղել է 247,9 մլրդ դրամ։ Իհարկե, պետք է արձանագրենք, որ մեր պաշտպանական ծախսերն էականորեն և առանցքային են, մեզ համար առաջնային են մեր բանակի, զինված ուժերի բարեփոխումները։ Նաև պետք է ընդգծեմ, որ պաշտպանական ծախսերի այսպիսի դինամիկան որևէ կերպ չի հակասում խաղաղության մեր հայտարարած օրակարգին, որովհետև մարտունակ զինված ուժեր ունենալը յուրաքանչյուր պետության լեգիտիմ իրավունքն է, և ընդհակառակը, պարտադիր ատրիբուտ ցանկացած պետության համար։ Մենք այս ուղղությամբ առաջ ենք շարժվում և, իհարկե, ոչ այն տեմպով, որը մեզ համար ցանկալի է, որովհետև դրա համար կան օբյեկտիվ և սուբյեկտիվ խոչընդոտներ։ Բայց պետք է արձանագրեմ նաև, որ մենք մեր հռչակած կուրսն անվտանգության ոլորտում, մեր հարաբերությունների դիվերսիֆիկացիայի վերաբերյալ արդեն, ըստ էության, իրագործում ենք, և դուք հրապարակային տեղեկատվությամբ կարող եք այդ մասին որոշակի պատկերացում կազմել։
Մենք նաև այս մասով հրապարակայնության որոշակի սահմանափակումներ ունենք, ինչը, իհարկե, չի վերաբերում Անվտանգության հարցերով մշտական հանձնաժողովում դռնփակ ռեժիմով տեղի ունենալիք քննարկումներին և մեր հարգարժան պատգամավորներն այդ քննարկման ընթացքում կարող են ստանալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։ Պետք է արձանագրեմ, որ այդ առումով Պաշտպանության նախարարությունն, իհարկե, ասելիք ունի և այդ ասելիքը կներկայացվի դռնփակ ռեժիմով։
Ուզում եմ ասել, որ անվտանգության առումով էական եմ համարում նաև Հայաստանում Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումը: Այն արդեն ստեղծվել է և ձևավորման փուլում է գտնվում: Հույս ունեմ և համոզված եմ, այն ևս մի լրացուցիչ և էական գործոն կդառնա Հայաստանի Հանրապետության արտաքին անվտանգության ապահովման առումով:
Պիտի արձանագրեմ, որ 2018 թվականի համեմատ մենք նաև էականորեն ավելացրել ենք, ըստ էության՝ կրկնակիից ավելի, մեր հատկացումները ներքին անվտանգության ապահովման հարցերին: Իհարկե, այդտեղ էլ գաղտնիության որոշակի էլեմենտներ կան, բայց ուզում եմ արձանագրել, որ Հայաստանի Հանրապետությունում Ոստիկանության, Ազգային անվտանգության ծառայության կարողությունների մեծանումը Կառավարության ուշադրության կենտրոնում է։ Եվ եթե ներքին անվտանգության ապահովման համար 2018 թվականի ծրագրված հատկացումը եղել է 63.3 մլրդ դրամ, 2024 թվականի համար նախատեսված է 148 մլրդ դրամ։ Այսինքն` ավելացող մասն էականորեն ավելի է 2018 թվականին նախատեսված ամբողջ ծավալից։ Իհարկե, այդ կարողությունների ավելացման մի մասը տեսանելի է, ինչպես արդեն ասացինք, Պարեկային ոստիկանությունը, և պիտի արձանագրեմ, որ ըստ էության, Հայաստանի անկախության տարիներին Հայաստանի Հանրապետության Ոստիկանությունը երբեք միանվագ այդպիսի ներդրում չի ունեցել։ Մենք Պարեկային ոստիկանության ձևավորման համար ներդրել ենք 29 մլրդ դրամ, որից 20 մլրդ դրամը հատկացվել է Հայաստանի պետական բյուջեից, 6 մլրդը՝ Ամերիկայի Միացյալ Նահանգների կողմից և 3 մլրդը՝ Եվրամիության կողմից։ Ուզում եմ արձանագրեմ, որ Պարեկային ոստիկանության ձևավորման ընթացքում մեզ շատ կարևոր աջակցություն են ցույց տվել արդեն Ռուսաստանի Դաշնության մեր գործընկերները, որոնք Սևանում ջրային ծառայության համար հատկացրել են, նվիրաբերել են 2 մոտորանավակ, որը հենց գործարանային պարամետրերով նախատեսված է առափնյա ծառայություն իրականացնելու համար։ Առաջիկայում մենք նաև այդ ծառայության բացման արարողությունը կունենանք։
Հարգելի գործընկերներ, էական եմ համարում արձանագրել նաև, թե ինչ զարգացումներ ունենք սոցիալական պաշտպանության ոլորտում։ Այստեղ 2018 թվականի համեմատ մեր հատկացումներն ավելի են 346.6 մլրդ դրամով։ Պիտի արձանագրեմ, որ շատ էական փոփոխություն է տեղի ունեցել 2023 թվականին սոցիալական պաշտպանության ոլորտում։ Այստեղ մեր պատմության մեջ առաջին անգամ նվազագույն կենսաթոշակը համապատասխանում է նվազագույն պարենային զամբյուղին։ 2018 թվականի համեմատ մենք նվազագույն կենսաթոշակն ավելի քան կրկնապատկել ենք։ Աճը կազմում է 125 տոկոս։ Իհարկե, սա այն ոլորտն է, որ մենք հասկանում ենք՝ դեռ շատ անելիքներ ունենք: Բայց, ընդհանուր առմամբ, մենք նաև մեր միջնաժամկետ ծախսերի ծրագրով նախատեսել ենք, նաև կարևոր է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության մեր գործընկերներին տեղեկացնել այդ մասին, որ սոցիալական ոլորտում մինիմումների մեր նախընտրած խոստումը պիտի կատարված լինի։ Խոսքը վերաբերում է կենսաթոշակ-նվազագույն պարենային զամբյուղ և կենսաթոշակ-նվազագույն սպառողական զամբյուղ հարաբերակցությանը, և արդեն միջնաժամկետ ծախսերի ծրագրով մենք նախատեսել ենք այդ խոստման իրականացումը։
Հարգելի գործընկերներ, իհարկե, բյուջեի քննարկումները կշարունակվեն հանձնաժողովներում, արդեն ոլորտի մեր ղեկավարները, նախարարները և մյուս գերատեսչությունների ղեկավարներն ավելի մանրամասն կներկայացնեն իրենց ուղղություններով կատարվող փոփոխությունները: Ուզում եմ ընդգծել առողջապահության ոլորտում տեղի ունեցող գործընթացները՝ 2018 թվականի համեմատ առողջապահության ոլորտում նույնպես մենք հատկացվող միջոցներն ավելի քան կրկնապատկել ենք։ 2024 թվականին 2018 թվականի համեմատ ավելի ենք նախատեսել՝ 86.6 մլրդ դրամ։ 2018 թվականի ամբողջ բյուջեն եղել է 84.1 մլրդ դրամ։ Այսինքն` միայն ավելացող մասն ավելի է 2018 թվականի առողջապահության ամբողջ բյուջեից։ Ես շատ կարևոր եմ համարում, որ մենք 2024 թվականից սկսում ենք առողջապահության ապահովագրության համակարգի ներդրումը, ինչը չափազանց կարևոր աշխատանք է և մեր ինստիտուցիոնալ բարեփոխումներից մեկը պետք է լինի։ Ես ուրախ եմ արձանագրել, որ մենք ամենատարբեր ֆորմատներում շատ լայն քննարկումներ ենք իրականացրել և կշարունակենք քննարկումները, բայց պետք է նաև արձանագրել՝ նման փոփոխություններ, բարեփոխումներ անելու համար անհրաժեշտ է ունենալ շատ ուժեղ քաղաքական կամք։ Մեր քաղաքական թիմն այդ քաղաքական կամքն ունի, մնում է, որ մենք խորհրդարանում և կառավարությունում կարողանանք առավել կառուցողական մթնոլորտում առաջ տանել այդ աշխատանքը և հասնել վերջնական որոշումների կայացմանը։
Հարգելի գործընկերներ,
Իմ խոսքի առաջին մասում ես անդրադարձ ունեցա այն հարցին, որ մենք պետք է համաձայնության հասնենք կամ արձանագրենք, թե ի վերջո Հայաստանի Հանրապետությունը որպես գործիք, որովհետև ի վերջո պետությունը և՛ նպատակ է, և՛ միջոց է, ինչ նպատակի համար ենք նախատեսում և ինչ նպատակ ենք հետապնդում այդ շատ բարձր և արժեքավոր գործիքի կառավարմամբ, ստեղծմամբ, ուժեղացմամբ։
Ես ուզում եմ արձանագրել, որ այդ նպատակներից մեկն ի վերջո, իմ կարծիքով՝ պետք է ունենա հետևյալ ձևակերպումը, որ Հայաստանի Հանրապետությունը նրա համար է, որ իր քաղաքացիների ապրելը, անվտանգությունը և բարեկեցությունն իր տարածքում դարձնի որպես առանցքային նպատակ։ Մեծ հաշվով, հարգելի գործընկերներ, պետությունը պետություն է այնքանով, թե ինչքան մարդ է այնտեղ ապրում, ինչքան մարդ է այնտեղ ծնվում, ինչքան մարդ է այդ երկրի հետ կապում իր և իր երեխաների ապագան։ Այս առումով ուրախությամբ պիտի արձանագրեմ, որ առնվազն 2023 թվականի հունվար-օգոստոսին մենք վերջին 5 տարիների համար ծնելիության ամենաբարձր ցուցանիշն ունենք։ Սա շատ կարևոր ազդակ է։ Ընդ որում, մենք ունենք նաև բնական աճի ամենաբարձր ցուցանիշը վերջին տարիների համար, և ընդհանրապես, եթե չեմ սխալվում, նույնիսկ պատմականորեն։ Սրանով եմ ուզում ամփոփել իմ այսօրվա ելույթը` արձանագրելով, որ ահա սա է մեր առանցքային նպատակը, որ Հայաստանի Հանրապետությունում մարդիկ ապրեն, լինեն ազատ, ունենան ստեղծագործելու և երջանիկ լինելու հնարավորություն, ոչ միայն իրավունք, այլև իրագործելի հնարավորություն։ Իհարկե, այս առումով հիմնական և առանցքային խնդիրն անվտանգությունն է՝ և՛ ներքին, և՛ արտաքին անվտանգությունը։ Այդ անվտանգությունը և ստեղծագործելու ազատ, ժողովրդավարական հանրությունում բարեկեցիկ և երջանիկ ապրելու հնարավորությունը ստեղծելն է Հայաստանի Հանրապետության կառավարության առանցքային նպատակը և ուղենիշն այն ըմբռնմամբ, որ քաղաքացիներն իրենք անձամբ պիտի հնարավորություն ունենան աշխատանքով, ստեղծագործելով իրենց երջանկությունը և բարեկեցությունն ապահովել։ Մեր հավաքական ջանքերի արդյունքում է, որ մենք իրար հետ կարողանանք ապահովել Հայաստանի Հանրապետության և նրա քաղաքացիների արտաքին և ներքին անվտանգությունը։ Կրկին ուզում եմ ասել, որ անվտանգությունը սովորաբար կամ առավելապես հաճախ ընկալվում է որպես միայն սպառազինություն, բանակ և այլն և այդպես շարունակ, բայց ուզում եմ մեր ուշադրությունը հրավիրել, որ միայն բանակով երբևէ որևէ երկիր չի կարողացել և չի կարողանալու ապահովել անվտանգություն, եթե պետության հիմքում անվտանգային գործունակ հայեցակարգեր, մոտեցումներ և գաղափարախոսություն դրված չեն։ Եվ այսօր ես շատ կարևոր համարեցի, որ թվերին և ցուցանիշներին զուգահեռ ուշադրություն հրավիրեմ այս խնդրի վրա, որովհետև պետական բյուջեն ի վերջո միայն երկրորդ հերթին է ֆինանսատնտեսական փաստաթուղթ, այն առաջին հերթին քաղաքական փաստաթուղթ է և, կարծում եմ, այս կարևորագույն քաղաքական ուղերձները հղելու կարևորագույն առիթ և հարթակ։
Շնորհակալություն ուշադրության համար։
ՎԱՐՉԱՊԵՏԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ԵՎ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ