2024 թվականի նախատեսվում է ոստիկանության զորքերն ապառազմականացնել եւ վերակազմակերպել ոստիկանության գվարդիայի, որին կվերապահվեն հասարակական կարգի անվտանգության եւ հասարակական անվտանգության ապահովման, պետական շենքերի եւ կարեւորագույն օբյեկտների պահպանության, պետական արարողակարգով նախատեսված պատվիրակությունների ուղեկցման, ինչպես նաեւ՝ ռազմական եւ արտակարգ դրության իրավական ռեժիմի ապահովման գործառույթներ։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց Ներքին գործերի նախարարի տեղակալ Արա Ֆիդանյանը։ Նա նշեց, որ արդյունքում կստեղծվի զուտ ոստիկանական ծառայություն՝ միջազգային չափորոշիչներին համապատասխանող նոր սպառազինությամբ ու վերապատրաստված անձնակազմով։ Ներկայում վերջնականացման փուլում է գտնվում «Ոստիկանության գվարդիայի մասին» ՀՀ նոր օրենքի նախագիծը։
«Բացի այդ, սկզբունքորեն կվերաիմաստավորվեն ոստիկանության տարածքային մարմինների կազմակերպական ձեւն ու գործառույթները։ Տեսլականի համաձայն՝ Երեւանի եւ մարզային մակարդակներում մարզային վարչություններում կձեւավորվեն քրեական ոստիկանության գլխավոր վարչության ենթակայությամբ գործող քրեական ոստիկանության ստորաբաժանումներ, որոնց կվերապահվի ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների բացահայտման նպատակով օպերատիվ հետախուզական միջոցառումների իրականացումը։ Իսկ ոտիկանության ներկայիս տարածքային բաժինները կվերակազմակերպվեն համայնքային ոստիկանության ստորաբաժանումների՝ ապահովելով բոլոր ուղղություններով հանցագործությունների կանխարգելումը, մասնավորապես, ընտանեկան բռնության դեպքերին հակազդելը, անչափահասներին հանցավորությունից զերծ պահելը, ինչպես նաեւ համայնքների հետ աշխատանքերը։ Տվյալ ստորաբաժանումներին կվերապահվի նաեւ ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունների դեպքերի օպերատիվ հետախուզական աշխատանքների իրականացումը»,- հավելեց նա։
Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ