ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով դատական նիստն այսօր Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկեց 40 րոպե ուշացումով՝ ուղեկցող ոստիկանների կողմից Արմեն Աշոտյանին դատարան ուշ բերելու պատճառով:
Վահե Դոլմազյանը նիստի մեկնարկին կրկին անդրադարձավ լրատվամիջոցների կողմից նիստի լուսաբանման հարցին: Դահլիճում ներկա լրագրողները խնդրեցին մեկ անգամ անդրադառնալ այդ հարցին: Դատավորն ասաց, որ կողմերի կարծիքն ամեն անգամ հարցնելը իրավաչափ է, քանի որ հնարավոր է, որ մեկ անգամ առարկություն չունենան, հաջորդ անգամ՝ ունենան:
Արմեն Աշոտյանի պաշտպաններից Ռուբեն Մելիքյանն առարկեց դատավորի գործողության դեմ, քանի որ թե’ օրենսդրությունը, թե’ պրակտիկան սահմանում են այնպես, ինչպես լրագրողներն են առաջարկում, այլապես, ստացվում է «լրատվամիջոցների գործունեության ոչ իրավաչափ սահմանափակում»:
Դատավորը նկատեց՝ յուրաքանչյուր դատարան ինքն է որոշում իրավակիրառ պրակտիկան եւ կաշկանդված չէ դա անելու:
Կարդացեք նաև
Ապա դատարանն անցավ Արմեն Աշոտյանի պաշտպանների միջնորդության քննարկմանը: Միջնորդությունը վերաբերում էր դատավոր Վահե Դոլմազյանի ինքնաբացարկին: Պաշտպան Ռուբեն Մելիքյանը հիմնավորեց՝ սույն գործով նախորդ երկու նիստերի ընթացքում ի հայտ են եկել հանգամանքներ, որոնք պաշտպանական կողմի մոտ դատավորի անկողմնակալ լինելու հետ կապված կասկածներ են առաջացրել:
Մասնավորաբար, հոկտեմբերի 9–ին եւ 11–ին կայացած նիստերում դատավորն անտեսել է քրեական օրենսգրքի մի շարք պահանջներ՝ անտեսելով մեղադրյալներից մեկի բացակայությունը եւ այդ պայմաններում նիստ է գումարել: Այդ օրը բացակայել է նաեւ տուժողի մեկ ներկայացուցիչ, որի մասնակցությամբ նիստ գումարելու հարց եւս չի քննարկվել: Ապա, դատարանը հարցեր է տվել, որոնք ոչ թե հարցեր էին, այլ քողարկված դիրքորոշում, մինչեւ որոշում կայացնելը:
Ռուբեն Մելիքյանի դիտարկմամբ՝ դատավորը նաեւ ստանձնել է մեղադրանքի կողմի գործառույթ, ըստ էության, հակափաստարկելով պաշտպանական կողմին: Ըստ պաշտպանի՝ սրանով է բացատրվում այն, որ այս վարույթի շրջանակներում մեղադրողներն, ըստ էության, անգործության են մատնված, քանի որ իրենց գործառույթը մեկ այլ սուբյեկտ է իրականացնում՝ դատավորը: Նաեւ՝ անձնական երաշխավորության երկու դիմում դատավորը չի դիտարկել՝ պատճառաբանելով, թե անձնապես չի ճանաչում երաշխավորություն ներկայացնող անձանց: Խոսքը ԵԱՀԿ ԽՎ նախկին նախագահի եւ Կոլումբիայի նախկին նախագահի ներկայացրած անձնական երաշխավորությունների մասին է:
Այս բոլոր դեպքերում միակ ողջամիտ բացատրությունն, ըստ պաշտպանի, այն էր, որ դատավորը շտապում էր Արմեն Աշոտյանի կալանքի հարցը քննել եւ նրան եւս երեք ամսով կալանքի տակ պահել:
Արմեն Աշոտյանի պաշտպաններից Տիգրան Աթանեսյանն էլ հավելեց. «Դուք տեղ չեք թողնում, որ մի օր ձեր մասին արտահայտվելով՝ ասեն՝ հարգելի դատավոր Դոլմազյան»: Նրա մոտ տարակուսանք է առաջացնում այլ պետությունների բարձրաստիճան երեւելիների անձնական երաշխավորությունները չքննարկելու հիմքը՝ վիրավորանք համարելով տվյալ երկրի, այդ ժողովրդի, այդ կառույցի նկատմամբ՝ ժողովրդավար Հայաստանի դատավորի կողմից:
«Եթե այս հարցերում այս դիրքորոշումը, մոտեցումը եւ ձեւն ունեք, մենք չենք կարող ձեզ վստահել՝ բուն գործի քննությանը վերաբերող հարցերում»,- ասաց Տիգրան Աթանեսյանը:
Մյուս պաշտպանները եվս միացան միջնորդությանը:
Մանրամասները՝ տեսանյութում:
Հիշեցնենք՝ ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով նախնական դատական լսումները Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել են հոկտեմբերի 9-ին: Արմեն Աշոտյանն արդեն հինգ ամիս է կալանավորված է, նրա կալանքի ժամկետը եւս երեք ամսով երկարացվել է: Նա մեղադրվում է պաշտոնեական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման, փողերի լվացման մեջ:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ