Լրագրողի նկատմամբ կատարվածը քրեորեն պատժելի է
Իրավապաշտպան Սոսե Չանդոյանը անդրադարձել է 2023 թվականի սեպտեմբերի 15-ին Newday.am լրատվական կայքի լրագրող Անի Գևորգյանի և նույն լրատվամիջոցի օպերատորի մասնագիտական գործունեությանը խոչընդոտվելու դեպքին` գնահատելով այն որպես քրեորեն պատժելի արարք։
Հրապարակային նյութերի ուսումնասիրման արդյունքում փաստաբանն արձանագրում է, որ Երևանի ավագանու ընտրությունների նախաշեմին անցկացվող երթի ժամանակ լրագրող Անի Գևորգյանը, կատարելով իր մասնագիտական պարտականությունը՝ փորձել է հանրությանը ներկայացնել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության գաղափարախոսության ջատագովների, այլ խոսքով՝ երթի մասնակիցների տեսակետները։
Այդ ժամանակ քայլերթի մասնակիցներից մեկը անհարկի կերպով միջամտելով լրագրողի և մեկ այլ քաղաքացու զրույցին նախ անհիմն հայտարարություններ ու մեղադրանքներ է հնչեցրել Անի Գեւորգյանի հասցեին, փորձելով չորրորդ իշխանության ներկայացուցչին ասոցացնել քաղաքական ուժերից մեկի հետ, որից հետո հայհոյելով լրագրողին և օպերատորին՝ շշով հարվածել է նրանց, ապա՝ ոչ նորմատիվային բառապաշարով հնչեցրել սպառնալիքներ՝ ֆիզիկական հաշվեհարդարի ձեւաչափով։ Ինքնաոգեւորված տղամարդկանցից մեկն էլ դրոշի փայտով հարվածել է լրագրողի ձեռքին:
Փաստաբան Սոսե Չանդոյանն ընդգծում է, որ լրագրողը մասնագիտական գործունեություն իրականացնելիս էթիկական որեւէ նորմ չի խախտել:
Կարդացեք նաև
«Առհասարակ ժողովրդավար երկրներում ԶԼՄ ներկայացուցիչների, լրագրողների նկատմամբ նման ագրեսիվ վարքագիծը պարզապես անընդունելի է: «Զանգվածային լրատվության մասին» ՀՀ օրենքի 4-րդ հոդվածի 1-ին մասով հստակ ամրագրված է. «Լրատվական գործունեություն իրականացնողները և լրագրողները գործում են ազատորեն` իրավահավասարության, օրինականության, խոսքի (արտահայտվելու) ազատության և բազմակարծության սկզբունքների հիման վրա:
Լրագրողն իր մասնագիտական օրինական գործունեության ընթացքում, որպես հասարակական պարտք կատարող անձ, պաշտպանվում է Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ», Քրեաիրավական բնութագիր տալով քաղաքացիների վարքագծին նշենք, որ այն ամբողջությամբ ընդգրկում է ՀՀ քրեական օրենսգրքի 237 հոդվածի 3-րդ մասը (Լրագրողին տեղեկություն տարածելուն կամ տարածելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նրա մասնագիտական օրինական գործունեությունն այլ կերպ խոչընդոտելը…. լրագրողի կամ նրա մերձավոր ազգականի կամ մերձավորի նկատմամբ բռնություն գործադրելով կամ բռնություն գործադրելու սպառնալիքով` պատժվում է ազատազրկմամբ` երեքից վեց տարի ժամկետով). կարող է ընդգրկել նաեւ նույն օրենսգրքի 297, միաժամանակ 166, 167,171, 195, 196, հոդվածները՝ կախված փորձագետի եզրակացությունից», – շեշտում է նա։
Ոչ ծավալուն անդրադարձ կատարելով Եվրոպական դատարանի նախադեպային որոշումներին՝ Սոսե Չանդոյանը հիշեցնում է, որ ԶԼՄ-ն կամ նրա ներկայացուցիչը ունի ոչ միայն տեղեկատվություն և գաղափարներ տարածելու խնդիր, այլ նաև հասարակությունն ունի դրանք ստանալու իրավունք (տե՛ս Բլադետ Տրոմսոն և Ստենսաասն ընդդեմ Նորվեգիայի (Bladet Trօmsօ and Stensaas v. Nօrway) գործով 1999 թվականի մայիսի 20-ի վճիռը, գանգատ թիվ 21980/93, կետ 62: Տորգեիր Տորգեիրսոնն ընդդեմ Իսլանդիայի (Thorgeir Thorgeirson v. Icland) գործով վճիռը, գանգատ թիվ 13778/88, կետ 63):
«Ամփոփելով վերոգրյալը, հարկ ենք համարում ընդգծել, որ նմանօրինակ հանցագործությունները կանխարգելելու միակ եղանակը իրավապահ մարմինների օպերատիվ արձագանքն է եւ գործի թափանցիկ, օբյեկտիվ քննությունը»,- եզրափակել է փաստաբան Սոսե Չանդոյանը:
«ՀԱՆՈՒՆ ՉՈՐՐՈՐԴ ԻՇԽԱՆՈՒԹՅԱՆ»
ՀԱՍԱՐԱԿԱԿԱՆ ԿԱԶՄԱԿԵՐՊՈՒԹՅՈՒՆ