«Այն, ինչ կատարվում էր նախորդ դատական նիստի ժամանակ, եւ այն, ինչ կատարվում է Հայաստանի դատարանների դահլիճներում, իրենց բովանդակությամբ ոչնչով չէին տարբերվում Բաքվի դատարաններում մեր հայրենակիցների ու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության նկատմամբ իրականացվող վակխանալիայից»,- այսօր կայացած նիստի ժամանակ իր ելույթում հայտարարեց ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ հավելելով, որ հավանաբար միայն լեզուն էր տարբեր, եւ հայկական մեդիայի տրամադրած տեղեկատվությունն առաջին աղբյուրից, ինչի արդյունքում պարզ դարձավ, որ իր դեմ հարուցված քրեական հետապնդումը փուչիկ է, քաղաքական հետապնդում ու չարամտություն:
Հիշեցնենք, ՀՀ հակակոռուպցիոն դատարանում այսօր, դատավոր Վահե Դոլմազյանի նախագահությամբ, շարունակվում էր ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի գործով նիստը: ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի եւ մյուսների գործով նախնական դատական լսումները Հակակոռուպցիոն դատարանում մեկնարկել են հոկտեմբերի 9-ին: Արմեն Աշոտյանն արդեն հինգ ամիս է կալանավորված է, նրա կալանքի ժամկետը եւս երեք ամսով երկարացվել է: Նա մեղադրվում է պաշտոնական լիազորությունները չարաշահելու, փողերի վատնման, փողերի լվացման մեջ:
Արմեն Աշոտյանը դիրքորոշում էր հայտնում էր հայտնում դատավորի բացարկի միջնորդության վերաբերյալ:
«Ադրբեջանական դատարաններում այս ընթացքում կատարվածը ՀՀ գործող վարչախումբը ֆարս, կեղծ դատավարություն որակեց… ճիշտ են ասում… »,- Արմեն Աշոտյանի խոսքը կիսատ մնաց: Դատավորն ընդհատեց նրան՝ հորդորեց ըստ էության խոսել:
Կարդացեք նաև
«Ես հանրային խոսք եմ ասում, եւ ես գիտեմ ինչի մասին եմ խոսում»,- ասաց Արմեն Աշոտյանը: Բանավեճ ծագեց դատավորի եւ Արմեն Աշոտյանի միջեւ, դատավորը սկսեց Արմեն Աշոտյանին դիմել շեշտադրված՝ մեղադրյալ Աշոտյան, եւ ասաց՝ կարգը դատարանն է որոշում եւ կարծում է, որ Արմեն Աշոտյանը չարաշահում է իր իրավունքը: Արմեն Աշոտյանի պաշտպան Տիգրան Աթանեսյանն առարկեց դատավորի գործողությունների դեմ՝ «հենց ադրբեջանական եք լսում, նեղվում եք, էդ որ կալանքը երկարացնում եք՝ չեք նեղվում: Իր խոսքն է, իր գնահատականն է, թողեք մարդն իր կարծիքն արտահայտի»:
«Խոսքը ձեզ վստահություն հայտնելու մասին է: Երբ նեղվում եք ադրբեջանական բանտերի հետ զուգահեռներից, խի՞ եք նեղվում, ձեր վարչապետն է ասել՝ թուրք ասելուց չեմ վիրավորվում: Հիմա համաձա՞յն եք նրա հետ, մի նեղվեք, համաձայն չեք՝ այս ձեւով մի ներկայացրեք»,- ասաց Արմեն Աշոտյանը:
Դատավորը հայտարարեց, որ դատարանն անկախ է իր գործողություններում, ինչին զուգահեռ, դահլիճում լսվեց Նաիրա Զոհրաբյանի բարձր ծիծաղը: Դատավորը նրան զուշացրեց, որ նիստի կարգը խախտելու համար դուրս կհրավիրվի, իսկ Արմեն Աշոտյանին հորդորեց՝ շարունակել իր խոսքը՝ առանց ադրբեջանականի:
«Դուք կարող եք որոշել նիստի ընթացքը, բայց չեք կարող ինձ գրաքննության ենթարկել, սահմանափակել իմ խոսքը, իմ միտքը»,- շարունակեց Արմեն Աշոտյանը:
Դատարահնը հայտարարեց, որ թույլ չի տալիս Արմեն Աշոտյանին խոսքը շարունակել եւ զգուշացրեց, որ դատարանին դիմում են՝ պատվարժան դատարան:
Արմեն Աշոտյանը հակադարձեց. «Դատարանին՝ այո, բայց ես հիմա ձեզ հետ եմ խոսում», ու հավելեց՝ «եթե օրենքով է, «ցար ի բոգ» էլ դիմեմ, բայց դրանից բան չի փոխվում»:
«Ցար ի բոգ»-ով կդիմեք նրան, ով ձեզ համար «ցար ի բոգ» է»,- արձագանքեց դատավորը՝ հայտարարելով, որ Աշոտյանի ելույթը համեմված է ադրբեջանական վակխանալիա-դատավարական գործընթացների հետ, ինչն աղերս չի կարող ունենալ ՀՀ արդարադատական գործընթացների հետ, նաեւ՝ նրա խոսքը քաղաքականությամբ է համեմված, մինչդեռ դատարանն իրավական մարմին է:
Սանկցիա կիրառելու դատարանի դիտողությանն էլ Արմեն Աշոտյանը հակադարձեց. «Միանգամից վճիռը հրապարակեք՝ պրծնի, ինչի՞ համար է այս ամենը: Թողեք խոսեմ, ես գիտեմ ինձ ինչի համար են նստեցրել, ինձ նստեցրել են սրա համար, հիմա դուք իմ խոսքի իրավունքը սահմանափակում եք: Ադրբեջան բառից խի՞ եք նեղվում»:
Դատավորը, դիմելով Արմեն Աշոտյանին, ասաց՝ «Երեւի շատ եք սիրում այդ բառը»: «Շատ եմ սիրում, այո, հատկապես երկրի ղեկավարի կատսրմամբ, երեւ դուք էլ իրեն եք շատ սիրում»,-հնչեց Արմեն Աշոտյանի պատասխանը: «Ինչքան դուք եք սիրում»,- արձագանքեց դատավորը:
Դահլիճում ծիծաղ պոռթկաց:
Դատավորին բացարկի իր խոսքում էլ Արմեն Աշոտյանն ասաց միամիտ չէ, որ կարծի, թե այս դատավորը կգնա, մեկ ուրիշը կգա, եւ նա ավելի արդար կլինի, պարզապես, այս կերպ հնարավորություն է տալիս դատավորին. «Շունչ քաշեք, քցեք ձեր վրայից այս գործը, էս գործը ձեր վրայով չի, ոչ մեկի վրայով չի»:
«Պետությունը վերածվել է մեկ դերասանի թատրոնի, սպանեք ձեր միջի Նիկոլին»,- Արմեն Աշոտյանի ելույթի այս հատվածը կրկին վեճի առարկա դարձավ դատավորի եւ Արմեն Աշոտյանի պաշտպանների միջեւ: Դատավորն ընդհատեց Արմեն Աշոտյանի խոսքը՝ նկատելով, որ նրա խոսքն անցնում է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք արտահայտելու սահմանը:
Այլ մանրամասները՝ տեսանյութում:
Նելլի ԳՐԻԳՈՐՅԱՆ