Լրահոս
Օրվա լրահոսը

Հանցագործությունների թիվն աճել է 12,1 տոկոսով․ ՆԳ նախարարությանը կհատկացվի մոտ 90 մլրդ դրամ

Հոկտեմբեր 30,2023 15:03

Ներքին գործերի նախարարության բյուջեն 2024 թվականին կազմելու է 89 մլրդ 484 մլն դրամ։ Դրա 98 տոկոսը ընթացիկ ծախսերն են, 1,8 տոկոսը՝ կապիտալ ծախսերը։ Այս մասին Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներում 2024 թվականի բյուջեի նախագծի քննարկման ժամանակ ասաց ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը։

Ներքին գործերի նախարարի տեղակալ Արա Ֆիդանյանն էլ ասաց, որ ՀՀ-ն հանցավորության ցածր մակարդակ ունեցող 137 երկրների շարքում զբաղեցնում է 9-րդ հորիզոնականը, իսկ տարածաշրջանի երկրների շարքում՝ առաջին հորիզոնականը։ Ըստ նրա՝ բացահայտված հանցագործությունների մակարդակի աճը 2022 թվականի 41,8 տոկոսից 2026 թվականին նախատեսվում է սահմանել 50 տոկոս։ Առավել լատենտային հանցագործությունների հայտնաբերման մակարդակը 2022 թվականի 10,9 տոկոսից նախատեսվում է 2026 թվականին սահմանել 12 տոկոս։ Թիրախային ծրագրերի թվում է  նաեւ ծանր հետեւանքով ճանապարհատրանսպորտային պատահարների քանակի նվազեցումը։

Անդրադառնալով հանցավորության դեմ պայքարին՝ Արա Ֆիսանյանն ասաց, որ այս տարվա ինն ամիսներին հանրապետությունում գրանցված հանցագործությունների ընդհանուր թվաքանակն աճել է 12,1 տոկոսով կամ 3193 դեպքով։ 2022 ինն ամսիներին հանցագործությունների թիվը կազմել էր 26 489, այս տարվա նույն ժամանակահատվածում՝ 29 682։ «Աճը գլխավորապես պայմանավորված է առավել լատենտային համարվող թմրամիջոցների ապօրինի շրջանառության, զենքի եւ ռազմամթերքի ապօրինի շրջանառության եւ կաշառակերության դեպքերի հայտնաբերման աճով։ Աճի վրա ազդել է նաեւ այն, որ 2022 թվականի հուլիսի մեկից սկսած ՀՀ նոր քրեական եւ քրեադատավարական օրենսգրքերի փոփոխություններով պայմանավորված՝ հանկարծամահության դեպքերով եւս նախաձեռնվում են վարույթներ՝ սպանության հատկանիշներով»,- ասաց նա։ Ֆիդանյանի խոսքով՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության բացահայտումներն այս տարվա ինն ամիսներին աճել են 2294 դեպքով։ Ըստ նրա՝ թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքերի հայտնաբերման թվի զգալի աճը կապված է այդ աշխատանքներում առավել համակարգված եւ լայնամասշտաբ միջոցառումներով, քանի որ ընթացիկ տարին հայտարարվել է թմրամիջոցների դեմ պայքարի տարի։

Ֆիդանյանը նաեւ հավելեց, որ գրանցված 29 682 դեպքերի հիմնական մասը կազմում են ոչ մեծ եւ միջին ծանրության հանցագործությունները, որոնք համարվում են առավել նվազ հասարակական վտանգավորություն ներկայացնող հանցատեսակներ եւ կազում են գրանցված ընդհանուր հանցագործությունների 81,2 տոկոսը։

 

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031