Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք հիանալի ենք կառավարել գնաճը, գնաճի խնդիրը լուծել ենք». ԿԲ նախագահ

Հոկտեմբեր 30,2023 14:33

Այսօր ԱԺ ֆինանսավարկային եւ բյուջետային հարցերի հանձնաժողովի նիստում քննարկվեց 2024-ի պետական բյուջեի նախագիծը, որի ժամանակ հանձնաժողովի նախագահ Գեւորգ Պապոյանը ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին հարցրեց. «Հիմա պետական համակարգում կան հսկայական քանակի մեքենաներ, որոնք տարեկան ավելի շատ բենզին են ծախսում, քան իրենց արժեքն է: Այսինքն, մեզ թվում է, թե մենք լավ բան ենք անում, որ 2010, 2008, 2009 թ-ի ծառայողական մեքենաները չենք փոխարինում նոր մեքենայով, բայց  կարող է պարզվի, որ դրանց բենզինի եւ տարեկան սպասարկման ծախսերը իրենց արժեքին մոտ լինեն, կա՞ն այդ առումով հաշվարկներ»:

ԿԲ նախագահը պատասխանեց. «Մենք անցյալ տարի ԿԲ խորհրդի անդամների բոլոր մեքենաները փոխեցինք, ձեռք բերեցինք KIA 3 մակնիշի փոքր էլեկտրական մեքենաներ, որի արդյունքում մեր միայն վառելիքի վրա խնայողությունը 3-5 անգամ է, բայց քանի որ այս մեքենաներն ունեն իրենց հետ եկող երաշխիքային սպասարկման վճար, այդ վճարն էլ եթե համեմատենք, 3 անգամ տարբերություն է եղել բենզինային շարժիչով մեքենայի համեմատությամբ»: Ըստ ԿԲ նախագահի, իսկապես, թվացյալ է, որ հին մեքենաները շահագործելով՝ գումար է տնտեսվում, նորը չեն գնում:

Անդրադառնալով գնաճին՝ ԿԲ նախագահը հայտարարեց. «Մենք հիանալի ենք կառավարել գնաճը, որովհետեւ, եթե նայեք շուրջբոլորը, ընդ որում, չեմ մատնանշում ԱՊՀ երկրները, տարածաշրջանի երկրները, այլ՝ աշխարհի երկրները, մենք այսօր գնաճի խնդիրը լուծել ենք, ու այսօր տոկոսադրույքներ ենք նվազեցնում, մինչդեռ աշխարհի բոլոր երկրները դեռեւս շարունակում են տոկոսադրույք բարձրացնել, որովհետեւ գնաճի խնդիրը չեն լուծել»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031