Լրահոս
Օրվա լրահոսը

«Ասում են՝ հոկտեմբեր ամսվա թոշակն ստանալու համար պետք է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերենք»․ արցախիցներին վճարվում է սեպտեմբերի թոշակը

Հոկտեմբեր 30,2023 14:26

ՀՀ-ում Արցախի Հանրապետության օպերատիվ շտաբի դիմաց մեծ հերթեր են այս օրերին․ բռնի տեղահանված արցախցիներին բաժանվում են սեպտեմբեր ամսվա թոշակները։ Թոշակներն ստանալու համար Երեւան էին եկել նաեւ հարակից մարզերում բնակություն հաստատած արցախցիները՝ Արարատի, Կոտայքի, Արմավիրի, այլ մարզերից։

«Առավոտի» հետ զրույցում այցախցիներն ասացին, որ ովքեր Ստեփանակերտից դուրս են բնակվել, սեպտեմբեր ամսվա թոշակները չեն ստացել, քանի որ դիզվառելիքի բացակայության պատճառով շրջաններից չեն կարողացել հասնել մայրաքաղաք Ստեփանակերտ։

«Արդեն մեկ շաբաթ է՝ սեպտեմբեր ամսվա թոշակն այստեղ տալիս են, բայց հոկտեմբեր-նոյեմբեր ամսվա թոշակները չեն տալու»,- մեզ հետ զրույցում ասաց Մարտակերտի շրջանի Մոխրաթաղ գյուղից բռնի տեղահանված Վերա Ասրյանը։ Նրա ընտանիքը բնակվում է Կոտայքի մարզի Աբովյան քաղաքում, բնակարանի վարձավճարը, տիկին Վերայի խոսքով, թանկ է՝ 150 հազար դրամ։ Մեկ բնակարանում բնակվում է նրանց 11 հոգանոց ընտանիքը։ «Վարձի գները շատ թանկ է, մի երկու կոպեկ աջակցության փող տվել են, չգիտենք՝ վարձ տանք, թե ուտենք» Արցախցիներից շատերը հրաժարվել են Հայաստանի սահմանամերձ բնաավայրերում իրենց առաջարկված անհատույց կացարաններից։ «Մենք սահմանից ենք տեղափոխվել, երեխեքին մի կերպ հանել ենք կրակի տակից, չենք ուզում նորից սահմանին ապրել»,- նշեց նա։

Մեզ հետ զրույցում Արցախից բռնի տեղահանված անձինք ասում էին, որ իրենց մեծ մասը չեն ուզում ՀՀ քաղաքացիություն ստանալ։ Արցախցիները գերադասում են կառավարության առաջարկած փախստականի ժամանակավոր կարգավիճակ ստանալ, քանի որ հույս են փայփայում, որ մի օր կվերադառնան Արցախ։ Նրանց խոսքով՝ ՀՀ քաղաքացիություն տալով արցախցիներին՝ Հայաստանի կառավարությունը փորձում է փակել Արցախի հարցը։

Մարտունու շրջանից բռնի տեղահանված Վերա Շիզյանի ամուսինը զինվորական է, եկել էին ամուսնու թոշակն ստանալու։ «Մեզ ասել են, որ սեպտեմբեր ամիսը տալիս են, բայց հոկտեմբեր ամսվա թոշակն ստանալու համար Արցախի զինվորականները պետք է ՀՀ քաղաքացիություն ձեռք բերեն, որից հետո կտան։ Բայց մենք դեռ չգիտենք՝ ՀՀ քաղաքացիություն ստանանք, թե ոչ, ցանկանում ենք Արցախ գնալ։ Ամեն ինչ թողել, եկել ենք, երեք տուն գյուղում ենք թողել, երեք տուն՝ քաղաքում։ Տղաներս երկուսն էլ զինվորական են, մասնակցել են ե՛ւ քառօրյա, ե՛ւ 44-օրյա պատերազմներին, իսկ վերջին մեկօրյա պատերազմի ժամանակ ավագ որդիս շրջափակման մեջ էր մնացել, վեց օր չէինք գտնում, Կարմիր խաչի միջոցով մի կերպ հանել ենք»,- ասաց տիկին Վերան։ Նրա խոսքով՝ սեպտեմբերի 19-20-ի ադրբեջանական հարձակման օրերին Արցախում իրավիճակը սարսափելի էր, մտածում էին միայն փրկվելու մասին։ «Ես այդ օրերին ընդամենն ասել եմ՝ միայն թե կարողանամ երեխաներիս փրկել այդտեղից։ Մենք 9 ամիս բլոկադայի մեջ մի կերպ գոյատեւել ենք, մեծերը չեն կերել, տվել են փոքրերին, ասել են՝ թող երեխեքն ուտեն, միայն թե ապահով լինեն։ Հարձակման օրերին այնպիսի վիճակ էր, որ անընդհատ ասում էին՝ թուրքերը գալիս են, ամբողջ գյուղի ժողովուրդը լաց ու կոծի մեջ էր, ահավոր վիճակ էր։ Թողել ենք փախել, ասել ենք՝ միայն թե կարողանանք երեխեքիս փրկել»,- պատմեց նա։

Վերա Շիզյանը նշեց, որ իրենց ընտանիքը գերադասում է փախստականի կարգավիճակ ստանալ։ «Այդ հողը, որն այդքան երիտասարդների արդյունով է լցված, չենք կարող թողնել, ես մտածում եմ, որ պետք է վերադառնանք։ Բայց թուրքերի հետ էլ հնարավոր չէ ապրել Արցախում»,- ասաց նա։

Ռոզա ՀՈՎՀԱՆՆԻՍՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031