Լրահոս
Օրվա լրահոսը

«Մենք անընդհատ մտածում ենք՝ մեր դժբախտությունների պատճառը փողի քանակի մեջ է, մեր նախարարներն էլ զերծ չեն այդ մտայնությունից». Վահե Հովհաննիսյան

Հոկտեմբեր 30,2023 13:16

Այսօր, երբ ԱԺ հանձնաժողովի նիստում ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանը ներկայացնում էր պետական բյուջեի նախագիծը, ՔՊ պատգամավոր Բաբկեն Թունյանը հարցրեց. «Մենք հիմա խոսում ենք, որ եկող տարի մեր բյուջեի ծախսային մասը գերազանցելու է 3 տրիլիոն դրամը, դա աննախադեպ մեծ ցուցանիշ է, 2009-ի մեր ամբողջ ՀՆԱ-ի ծավալին համարժեք է: Ես գիտեմ, որ բյուջեի քննարկումների ժամանակ տարբեր գերատեսչություններ ձեզ հետ թեժ բանավեճեր են ունենում ֆինանսավորման առումով: Միշտ ուզում են ավելի շատ գումար, քան դուք տրամադրում եք, ու վերջում միշտ բոլորը դժգոհ են մնում: Բայց հետո, երբ գալիս է բյուջեի կատարողականների քննարկման ժամանակը, պարզվում է՝ այդ գումարների մի զգալի մաս չի ծախսվել: Մի մասը՝ օբյեկտիվ, մի մասը՝ սուբյեկտիվ պատճառներով: Մեզ մոտ այնպես է ստացվում, որ երբ ինչ-որ մեկը, օրինակ, 1 մլն դրամի խախտում է անում,կամ ինչ-որ չարաշահում է լինում, ինքը կարող է քրեական հոդվածով դատվի, բայց այն դեպքում, երբ մի քանի միլիարդ, կամ տասնյակ միլիարդ դրամի ծրագիր չի իրականացվում, ու եթե հաշվենք, գումարենք, կարող է դրա արդյունքում ավելի շատ վնաս է պատճառվում պետությանը, բայց այդ դեպքում մենք պատասխանատվության մասին այնքան չենք խոսում: Հիմա դուք քննարկո՞ւմ եք այնպիսի տարբերակ, որ չեմ ասում մարդկանց դատեն, բայց գոնե գումարը չծախսելու համար էլ որոշակի պատասխանատվություն լինի, որովհետեւ այդ գումարը չծախսելով, ոչ արդյունավետ ծախսելով՝ ոչ պակաս վնաս են հասցնում տնտեսությանը»:

Նախարար Վահե Հովհաննիսյանը պատասխանեց. «Ինչպես գիտեք, մեր հասարակության եւ երեւի ոչ միայն մեր հասարակության մեջ կա մի այսպիսի խնդիր՝ մենք անընդհատ մտածում ենք՝ մեր դժբախտությունների պատճառը փողի քանակի մեջ է, ցավոք, մեր նախարարներն ու նախարարություններն էլ զերծ չեն այդ մտայնությունից: Երբ նրանք ուզում են մեծ աշխատանք անել, հաջորդ տարի մեծ արդյունքներ ունենալ եւ այլն, իրենք իրենց ուժի զգալի մասը դնում են՝ փողը ապահովագրելու համար, որպեսզի մյուս տարի փող ունենան, բայց մենք համոզվում ենք, որ այդ աշխատանքը ոչ ամբողջ ծավալով իրականացնելու մեղավորը փողի քանակը չի: Սա ֆունդամենտալ հարց է: Առաջինը, որ մենք անում ենք՝ բյուջեի կատարողականի նկատմամբ հանրային հետաքրքրության մեծացումն է: Եթե հանրությունը հետաքրքրված լինի, եռամսյակի հաշվետվությունները կարդա, կառավարությունում ակտիվ քննարկումներ լինեն, այն մարդիկ, որոնք պատասխանատու են, իրենց գոնե հարցեր տրվեն, այդ իրավիճակը կբարելավվի: Մենք ունենք լավ արդյունքներ արդեն իսկ, որովհետեւ որոշ նախարարություների դեպքում ունենք բյուջեի պակասեցում, այդքան փող արդեն չեն ուզում, որովհետեւ տեսնում են, որ չեն կարողանում ծախսել, հարցեր տվողների քանակը գնալով շատանում է»:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031