Նոյեմբերի 1-7-ն անցկացվելու է «Հանրապետական թատերական փառատոն»՝ նվիրված Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի պետական կարգավիճակ ստանալու 90 եւ շենքի կառուցման 80-ամյակներին:
«Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնը լեգենդար պատմություն ունեցող թատրոն է, շատ արժանի թատրոն, այդ իրադարձությունները պարտավոր էինք նշել, դրա համար էլ որոշեցինք փառատոն իրականացնել: Հանդիպում ունեցանք Արարատի մարզպետի հետ, ով ամեն ինչ արեց, որպեսզի փառատոնը կայանա»,-«Արմենպրեսի» մամուլի սրահում նշեց Հայաստանի թատրական գործիչների միության նախագահ Հակոբ Ղազանչյանը:
Նա տեղեկացրեց, որ փառատոնի բացումը կկայանա Համազգային թատրոնում՝ «Լոռեցի Սաքոն» ներկայացմամբ, այնուհետեւ հանրապետության մյուս թատրոնները կներկայանան իրենց լավագույն ներկայացումներով. «Ես կարծում եմ, որ թատերական տոնը կկայանա, եւ փառատոնը արժանի նվեր կլինի թատրոնի հոբելյանին: Արտաշատի Ամո Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնն այսօր բավական հստակ, ժամանակակից շնչով աշխատում է, հետաքրքիր ներկայացումներ են ցուցադրվում, իսկ Կամո Նաղդալյանի՝ տնօրեն դառնալուց հետո թատրոնի աշխատանքը մի նոր թափ է ստացել»:
Արտաշատի Ա. Խարազյանի անվան պետական դրամատիկական թատրոնի տնօրեն Կամո Նաղդալյանի խոսքով, թատրոնի հոբելյանի առիթով մի շարք ծրագրեր են իրականացնում. « Այս տարվա ընթացքում մեր թատրոնը մասնակցել է նաեւ երեք թատերական միջազգային փառատոների: Ունենք գրքի շնորհանդես, որի հեղինակը մեր թատրոնի գրական մասի վարիչ Ռոբերտ Առաքելյանն է: Նոյեմբերի 15–ից մեզ մոտ լինելու է նկարների ցուցահանդես: Նոյեմբերի 1-7-ն էլ կայանալու է Հանրապետական թատերական փառատոնը: Ծրագիրը բավականին հագեցած է լինելու, մասնակցելու են հանրապետության 9 թատրոններ: Եվ այս մեկ շաբաթն իսկական տոն է լինելու Արարատի մարզի մեր բնակիչների համար»:
Կարդացեք նաև
Կամո Նաղդալյանը հրավիրեց փառատոնին մասնակցելու նաեւ հարակից մարզերի բնակիչներին: «Սա բացառիկ հնարավորություն է՝ ձեր սիրելի թատրոններն ավելի մոտ են լինելու: Կարող եք վայելել նրանց ներկայացումները»,-ասաց թատրոնի տնօրենը:
Գոհար ՀԱԿՈԲՅԱՆ