Լրահոս
Օրվա լրահոսը

«Այն գումարները, որոնք հատկացվում էին ԼՂ-ին՝ որպես միջպետական վարկ, այդ գումարները այլեւս կկարողանանք ծախսել». ԶԼՄ-ի նոր «տաբուներով» մեկնարկեց բյուջեի քննարկումը

Հոկտեմբեր 30,2023 12:36

ԱԺ-ում 2024 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկումներն այս տարի սկսվեցին աննախադեպ «ժողովրդավարությամբ»: Վարչապետ Նիկոլ Փաշինյանի զեկույցի ժամանակ ԱԺ-ում հավատարմագրված լրագրողներին ընդհանրապես թույլ չտվեցին մոտենալ ոչ միայն այն սրահին, որտեղ զեկուցում էր Փաշինյանը, այլ նաեւ նախասրահին: Լրագրողները ԱԺ-ում ստիպված էին հետեւել նիստին հեռավար՝ ԱԺ-ի հեռարձակմամբ: Նախկինում երբեւէ նման սահմանափակում պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ չի եղել:

Մուտքի արգելքը հանվեց, երբ վարչապետը հեռացավ՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ուղեկցությամբ:

Ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանն ասաց, որ քանի որ նախագիծը մշակվել է սեպտեմբերին՝ մինչեւ Արցախից մեր հայրենակիցների բռնի տեղահանումը, իրականացվելիք շատ ծրագրեր ընդգրկված չեն նախագծում: Բյուջեն ներկայացվել է ՀՆԱ-ի մեջ 3,2% դեֆիցիտով, բայց նախարարն ասաց, որ իրենց պատկերացմամբ, 2024-ին այն կաճի մինչեւ 4,6%. «Սա որեւէ հավելյալ ֆիսկալ ծանրաբեռնվածություն մեզ վրա չի ավելացնի, որովհետեւ այն գումարները, որոնք հատկացվում էին ԼՂ-ին՝ որպես միջպետական վարկ, այդ գումարները այլեւս կկարողանանք ծախսել, հատկացնել տարբեր ծրագրերի իրականացմանը: Հույս ունենք, որ այդ գումարները բավարար կլինեն դրա համար»:

Նախարարը նաեւ ասաց, որ 2024-ի պետական բյուջեի նախագծով կապիտալ ծախսերը կկազմեն 695 մլրդ դրամ. «Կապիտալ ծախսերը ՀՆԱ-ում հասցնում ենք 6,6%-ի, որը աճում է 2023-ի նկատմամբ 0,7%-ային կետով: Կապիտալ ծախսերի 42%-ը պետք է ուղղվի պաշտպանության ոլորտին: ՊՆ-ի ծախսերը կազմելու են 555 մլրդ դրամ, դրանք 7%-ով ավելի են, քան 2023-ին ու կազմում են ՀՆԱ-ի 5,3%-ը: Սոցիալական պաշտպանության ոլորտին հատվացվելու է 755 մլրդ դրամ, դա 16%-ով ավելի բարձր է, քան 2023-Ին, ՀՆԱ-ի 7,2%-ն է կազմելու: Առավել նշանակալի է կրթության ոլորտին հատկացվող ծախսերի աճը, որը կազմելու է 289 մլրդ դրամ, դա 39%-ով ավելի է, քան 2023-ին: Արդյունքում կրթության ոլորտի ծախսերը կազմելու են ՀՆԱ-ի 2,8%-ը: Ավելացման կարեւոր մաս է կազմելու 300 դպրոցների եւ 500 մանկապարտեզների կառուցման ծրագիրը: Ինչպես վարչապետը նշեց, մենք սկսում ենք 200 դպրոցների շինարարության գնման աշխատանքները այս տարի եւ մյուս տարի սկսելու ենք իրականացնել դա: Այստեղ ներառված չեն այն հավելյալ ծախսերը, որոնք ԼՂ բնակչության կրթության համար են պետք: Հստակեցվում են: Առողջապահության ոլորտի ծախսերը կկազմեն 171 մլրդ դրամ, դրանք 14%-ով են ավելի 2023-ից, մենք պահպանում ենք ՀՆԱ-ում առողջապահության 1,6% մակարդակը»:

Վահե Հովհաննիսյանը նշեց, որ 2023-ի առաջին եւ երկրորդ եռամսյակներում գործազրկությունը նվազել է, աշխատավարձի 17,4% աճ կա, մասնավոր հատվածում դա 19% է, պետական հատվածում՝ 9,4%»:

Նախարարի գնահատմամբ՝ մեր հայրենակիցների աշխատավարձը զգալի ավելացել է՝ գնաճի պայմաններում: Վարձու աշխատողների թվաքանակը աճել է 5,8%-ով:

Կանխատեսվում է, որ 2024-ին կունենանք 2 մլն 570 հազար զբոսաշրջիկներ:

Ինչ վերաբերում է տնտեսական աճի ցուցանիշներին, կանխատեսվում է առնվազն 7,2% աճ: Տնտեսության հիմնական շարժիչ ուժը կմնան ծառայությունները:

Անդրադառնալով պարտքին՝ Վահե Հովհաննիսյանն ասաց, որ բոլոր ռիսկերի իրականացման դեպքում պարտքը կարող է ավելի լինել 60%-ից, սակայն դրա հավանականությունը փոքր է:

Հռիփսիմե ՋԵԲԵՋՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (2)

Պատասխանել

  1. Anush says:

    այդ գումարները այլեւս կկարողանանք ծախսել». ԶԼՄ-ի նոր «տաբուներով»…. …. Այս դեպքում “Այլևս” գրագետ հայերեն չէ, պետք է լինի այսուհետ/և/։ Սա ՄՈԴԱՅԻԿ անգրագետ ներմուծությունների շարքից է։ “Այլևս” ժխտական խոսքի դեպքում են օգտագործում։ կարծում եմ արժե վերանայել և սրբագրել հոդվածը։ Շնորհակալություն։

    Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այս հասցեով՝ https://www.aravot.am/2023/10/30/1379698/

    © 1998 – 2023 Առավոտ – Լուրեր Հայաստանից

    • Մելանյա ԲԱՐՍԵՂՅԱՆ says:

      Ձեր դիտարկումը տեղին է՝ լեզվաբանական առումով, սակայն հոդվածում այդ հատվածը չենք կարող փոխել, քանի որ դա մեջբերում է, ուրիշի ուղղակի խոսք, եւ չենք կարող մեզ իրավունք վերապահել նախարարի խոսքն ավելի գրագետ դարձնել, քան այն հնչել է: Շնորհակալություն:

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031