Արցախցի ընտանիքը գոյատեւում է կառավարության տրամադրած աջակցությամբ
Ավանեսյանների ընտանիքը եւս բռնի տեղահանվել է Արցախից՝ Ստեփանակերտից: Հայրենի քաղաքից դուրս են եկել սեպտեմբերի 25-ին եւ այժմ ապրում են Նուբարաշենում։ Ընտանիքը բաղկացած է 7 անձից, ընտանիքի ավագներ տատն ու պապը, մայրն ու հայրը եւ իրենց երեք զավակները։
Արփի Ավանեսյանը 17 տարեկան է, այժմ սովորում է Երեւանի դպրոցներից մեկում՝ 12-րդ դասարանում։ Ցանկանում է Հայաստանի գեղարվեստի պետական ակադեմիան ընդունվել։ «Երկրորդ դասարանից հաճախում էի կարի խմբակի, հետո սկսեցի փափուկ խաղալիքներ պատրաստել մինչեւ օրս։ Մտածում էի՝ ինչո՞ւ ոչ, հավաքված գումարը կծառայի ուսումնական առարկաների պարապմունքներին, հետագայում նաեւ ուսման վարձին… Բոլոր նպատակներս Արցախի հետ էին կապված. թե՛ ուսումս, թե՛ հետագայում խաղալիքների աշխատանքս ընդլայնելու մտքերս։ Արցախից հետս Հայաստան եմ բերել միայն մի քանի խաղալիք եւ թելերս: Աշխատանքս կիսատ թողնել չեմ պատրաստվում, հուսահատվել՝ եւս»,-նշում է Արփին։
Կարդացեք նաև
Ընտանիքին մեքենայով Հայաստան է հասցրել հենց ինքը, իսկ բարեկամներին Հայաստան է տեղափոխել հայրը: Ընտանիքում երեք երեխա են՝ Արփին, Հայկն ու Արիանան։ Հայկը ազատ ոճի ըմբշամարտիկ է, Եվրոպայի արծաթե մեդալակիր, սովորում է Երեւանի օլիմպիական հերթափոխի պետական մարզական քոլեջում, ունի բազում պատվոգրեր եւ առաջին կարգի մեդալներ։
Ընտանիքի մայրը՝ Էսմիրա Ավանեսյանը պատմեց, որ տղան մտադիր է եղել թողնել սպորտը, որպեսզի աշխատանքի անցնի եւ օգնի ընտանիքին. «Որպես ծնողներ՝ դա թույլ տալ չէինք կարող, տղայիս մեծ ապագա է սպասվում։ Հողը կորցնելուց հետո շատ դժվար է նորից ամեն ինչ սկսել զրոյից, բայց մենք հանձնվել չենք կարող։ Արցախում հովանավորներ կային, որոնք օգնում էին տղայիս, իսկ հիմա՝ ոչ։ Բլոկադային, հացի հերթերին դիմանում էինք մի կերպ, հաճախ դատարկաձեռն էինք տուն վերադառնում։ Փոքրիկ հողամաս ունեինք, ապրում էինք հողամասում աճեցրած բանջարեղեններով, բայց էլի չէինք դժգոհում, երջանիկ էինք։ Հիմա անորոշության մեջ ենք։ Ապրում ենք վարձակալական հիմունքներով։ Բլոկադայի ժամանակ թանկարժեք զարդերը վաճառեցինք, որ ապրենք, հետո սկսվեց պատերազմը, մնացինք դատարկաձեռն, ամեն ինչ թողել ենք Արցախում։ Միակ բանը, որ բերել ենք Արցախից՝ տղայիս մեդալներն ու գավաթներն են։ Հայաստանում մեր հայրենակիցները մեզ շատ լավ են դիմավորել, երկիրը լքել չենք պատրաստվում, երեխաներս այստեղ պիտի մեծանան, կմնանք Հայաստանում, քիչ-քիչ էլի կստեղծենք ամեն բան, եթե իմանամ, որ հայկական հողում հիմնական տուն ունեմ»։
Ընտանիքն այժմ գոյատեւում է ՀՀ կառավարության կողմից, ընտանիքի յուրաքանչյուր անձին փոխհատուցված 100.000-ական աջակցությամբ, ընտանիքի մայրն ու հայրը աշխատանք են փնտրում:
Կատարվածի մասին ամենաքիչը պատկերացում ունի ընտանիքի ամենափոքրիկ անդամը՝ Արիանան, մայրը պատմում է, որ շատ հարցեր է տալիս Արցախի մասին, ասում է՝ կարոտել եմ Արցախը, հավատում է, որ իրենց տուն են գնալու:
Ընտանիքի մեծերից Իվան Ավանեսյանը ծնվել է 1956 թվականին՝ Ստեփանակերտում, այնտեղ ապրել է մինչեւ 2023 թվականի սեպտեմբերի 25-ը։
Իվան պապը արցախյան առաջին պատերազմի մասնակից է, 45 տարի որպես հացթուխ է աշխատել Ստեփանակերտում։ Ասում է՝ ամենաթանկ հիշողությունը հաղթանակն էր. «Առաջին պատերազմից հետո ոգեւորվածությունը մեծ էր, հաղթել էինք, հետո, երբ լավ ապրելու ժամանակը եկավ, նորից հողերը հանձնեցին»:
Իվան պապը պատրաստ է ընտանիքի հետ զրոյից սկսել ամեն բան, եթե հայրենակիցների օգնությամբ կարողանա մշտական կեցության վայր գտնել. «Տունը էլի կստեղծենք, եթե ձեռք մեկնող լինի, ամենակարեւորը հողն էր, որը կորցրինք։ Սեպտեմբերի 25-ին ես իմ պապական տնից դուրս եկա, հայրս փայտագործ էր, միակ ամենաթանկ հուշը, որը կարողացա բերել ինձ հետ Արցախից՝ նրա պատրաստած նարդին էր»։
Անժելա ՍԵԴՐԱԿՅԱՆ
«Առավոտ» օրաթերթ
28.10.2023