Լրահոս
Դա պե՞տք է մեզ. «Ազգ»
Օրվա լրահոսը

«Համաս»-ի ֆիդայիները, ինչպես կոչենք, կարողացան ուժ թելադրել աշխարհին

Հոկտեմբեր 30,2023 12:30

Հարցազրույց միջազգայնագետ, քաղաքական վերլուծաբան, արեւելագետ Արարատ Կոստանյանի հետ

– Պաղեստինա-իսրայելական պատերազմը ինչու տեղի ունեցավ, արդյոք, «Համաս»-ը լավ հաշվարկե՞լ էր իր քայլերը, իսրայելյան հնարավոր պատասխանը:

– Եթե դիտարկենք երկարամյա այս թնջուկը, առճակատումը, բախումը, ինչպես կուզեք ասեք, սա պայքար է: Վերջին տասնամյակներում, «Համաս»-ը, նրա ենթակայության տակ գտնվող ուժերն ավելի համարձակ գործողություններ ձեռնարկեցին, սկսեցին տեղերում իրենց ռազմական պատրաստությունները տեսնել, գետնանցումներով, թունելների միջոցով զենք ստացան, հարցը լուրջ տեսք ստացավ:

Միեւնույն ժամանակ Իսրայելը նույնպես կարծես կջանար «քրքրել» պաղեստինյան կողմին: Երկու եւ ավելի տարի առաջ Ակսայի վրա ամեն անգամ հարձակվելը, անզեն կրոնականներին հարվածներ հասցնելը: Այսպիսով, ամեն կողմից անզիջող, քաղաքականության, դիվանագիտության տեսակետից խնդիրը հանգեցրեց նրան, որ երկու կողմերն էլ փորձում էին հարցերը լուծել ռազմական ճանապարհով:

Պաղեստինյան կողմը, վստահ եմ, հաշվարկվել էր, թե ինչ պիտի լիներ, հաշվարկել էր իսրայելական պատասխան գործողությունները: Ես ռազմագետ չեմ, որ հստակորեն խոսեմ, թե ինչպես երեք ուղղություններով պաղեստինցիներն իրականացրին իրենց ռազմական հարձակումները… դրոնների տեսքով՝ օդով, ծովով, ցամաքով…հարյուր տոկոսանոց կիրառված զենքի արդյունավետությունը չեմ կարող նշել: Քաղաքական գործիչները, ռազմական մեկնաբանները կարող են հստակ ասել, որ այսպիսի պատրաստվածություն երբեք չի եղել, այսպես յոթ հազար հրռիթ չի արձակվել, այսքան ավեր Իսրայելի գետնի վրա չի եղել, այսպիսի հարված Թել Ավիվի օդանավակայանի վրա երբեւէ չի եղել: Մենք պիտի խոստովանենք, որ այո, «Համաս»-ի, նրա ենթակայության տակ գտնվող ուժերի կողմից պատրաստվածություն կար, դա մեկ-երկու օրվա պատրաստություն չէր: Իսրայելի միֆը հօդս ցնդեց, որը կարողացել էր կարծիք ձեւավորել արեւմտյան մեդիայի միջոցով, որը համախոհ էր նրա ներքին եւ արտաքին քաղաքականության հետ, թե՝ ամենամարտունակ բանակը Իսրայելինն է, տեխնիկապես ամենահզորը նրանն է:

Իսկ նրանք չկարողացան առաջն առնել, Իսրայելի ռազմական անվտանգությունը, հետախուզությունը չկարողացավ իմանալ այսպիսի լուրջ հարձակման նախապատրաստման մասին:

Իրականությունն այս է, իմ պատասխանով հստակորեն կարող եմ ձեր հարցի վերջաբանը դնել. աշխարհի վրա այսօր չկա գեթ մեկ գերհզոր բանակ, որն անպարտելի է, աշխարհում չկա գեթ մի կողմ, որը միշտ թույլ ու ճնշված պիտի համարվի: Մենք շատ լավ գիտենք, մասնավորապես, Մերձավոր Արեւելքի իրականությունը, որտեղ ծնվել ենք ու ապրել, երկարամյա պաղեստինյան պայքարի հաջողությունը, այս անգամ պիտի շոշափելի հաջողություն ունենա:

– Իսրայելն ի վիճակի չի ռազմական հաջողության: Շատերը մոռացել էին, որ տարիներ շարունակ Գազան շրջափակման մեջ էր: Աշխարհն այս անգամ կտեսնի իրականությունը, Արեւմուտքի ժողովուրդը ընդվզած է, նոր ցեղասպանությունը չպիտի մարսվի: «Համաս»-ին գաղափարակիր չեմ, բայց պաղեստինյան իրավունքները պիտի հարգվեն: Ի՞նչ պիտի աներ ժողովուրդը:

– Ճիշտ նկատեցիք, հայ ընթերցողներն, անգամ քաղաքական վերլուծաբանները տեղյակ չեն, թե քանի-քանի տարի ինչպիսի շրջափակման մեջ է Գազայի ժողովուրդը, ինչպիսի պայմանների մեջ են:

Մարդիկ դրա համար գետնի տակ էին անցել, որովհետեւ էլեկտրականություն ժամերով չուներ, դժվար էր սննդի հարցը լուծել, ջուրը կտրված էր: Ամենախիտ տարածքի վրա Հայաստանի չափ բնակչություն ունեցող այդ ժողովուրդը չուներ այլ պայքար, քան՝ պարտիզանականը: Դժբախտաբար, մենք ինչքան էլ իդեալիստ լինենք, աշխարհը ռեալիստ է, եւ իր կանոններով է գործում… Երբ նայում ենք արեւմտյան երկրների քաղաքական, միջազգային, պաշտոնական հայտարարություններին, այլեւս նշվում է, որ Պաղեստինի պետությունը միջազգայնորեն պետք է ճանաչի Արեւելյան Երուսաղեմը Պաղեստինի մեջ, որին Իսրայելը բացեիբաց իր տարածքը լայնացնելով, մարդկանց նույնիսկ քշելով, տիրացել էր … այդ տարածքը Իսրայելի երկրի հետ կապ չուներ (խոսքը ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեայի կողմից ընդունված հանրահայտ N181 (II) բանաձեւի մասին է։ Այդ բանաձեւով նախատեսվում էր վերացնել բրիտանական մանդատը Պաղեստինում եւ այնտեղ ստեղծել երկու անկախ պետություն՝ արաբական եւ հրեական։ Հրեական պետությանը հատկացվում էր 14 100 քառ. կմ կամ Պաղեստինի տարածքի 56%-ը։ Արաբական պետությանը տրվում էր 11 100 քառ. կմ, որն էլ կազմում էր Պաղեստինի տարածքի 43%-ը։ Պաղեստինի բնակչությունը, որի թիվը հասնում էր 1 միլիոն 845 հազար մարդ, պետք է տեղաբաշխվեին հետեւյալ կերպ՝ արաբական պետությունում՝ 725 000 արաբներ եւ 10 000 հրեաներ, հրեական պետությունում՝ 498 000 հրեաներ եւ 407 000 արաբներ։ Ինչ վերաբերում է Երուսաղեմին, որը կազմում էր Պաղեստինի տարածքի 1%-ը, ապա այն վեր էր ածվում ինքնուրույն վարչական միավորի՝ միջազգային հատուկ ռեժիմով, պահպանելու համար Երուսաղեմում հուդայականության, քրիստոնեության եւ իսլամի սրբատեղիները։ Այստեղ պետք է ապրեր 100 000 արաբ եւ 100 000 հրեա-խմբ): Պաղեստինյան կողմի համար պաղեստինյան պետության սահմաններից ներս Արեւելյան Երուսաղեմն ունենալու պահանջն էր կարեւոր՝ այլապես Երուսաղեմի միջազգային ստատուսը ապագայի նոր բախումների առիթ էր տալու:

Աշխարհը պրոպաղեստինյան կեցվածք ցույց տվեց, մինչ այդ ջերմ չէր նայում այս խնդրին, նշենք, որ Արեւմուտքը լուրջ չէր վերաբերվում այս խնդրին: Բայց այսօր «Համաս»-ի ֆիդայիները», ինչպես կոչենք, նրանք կարողացան ուժի թելադրանքին աշխարհին եւ Իսրայելին կանգնեցնեն պարտադրանքի առաջ: Անկախ ռազմական գործողություններից, պաղեստինյան կողմի հաջողությունները, առավելությունները ճանաչման գնալու մոտ են:

– Հայաստանում, դժբախտաբար, վերլուծաբաններից շատերը սկսել են պրոիսրայելյան քարոզչություն անել, մոռանալով, որ արցախյան վերջին պատերազմին Իսրայելյը տեխնիկապես օգնեց, իսկ Էրդողանը կարողացավ կրոնական զգացումները շոյելով, պրոպաղեստինյան կեցված ընդունել, որ հայերի դեմ թշնամական հայտարարություններ անել: Մենք արաբ ժողովրդին պետք է հասկացնենք, որ   զորակից ենք եղել: Մանավանդ որ, արաբական աշխարհում շատ հայեր ունենք:

– Վերջին տարիներին Հայաստանում ապրելով, այսինքն, քաղաքական վերլուծական միջավայրի մեջ լինելով, ի զարմանս ինձ, տեսա, որ կա հստակ պրոիսրայելյան կեցվածք: Մարդիկ կան ասում են՝ «մենք պետք է օրինակ վերցնենք Իսրայելից, մենք պետք է Իսրայելի հետ դաշնակից լինենք», հաճախ ավելի ծայրահեղական մտքեր են հնչեցնում հանրային կարեւոր կշիռ ունեցող դեմքերը… այս ի՞նչ լոբբինգ է Հայաստանի մեջ, դրսից բերվա՞ծ է: Տարիներ շարունակ գրում եմ, որ պաղեստինյան շրջանակների հետ մեր հարաբերությունները ոչ թե կենդանացնենք, պետք է վերակենդանացնենք, որովհետեւ մենք պաղեստինյան պայքարի ժամանակներից ունեցել ենք թե Պաղեստինում, թե տարածաշրջանում եղբայրական, բարիդրացիական հարաբերություններ: Հստակ մատնանշենք Յասեր Արաֆաթի բարի կամքը, ով Երուսաղեմի մեջ հայերին սատար եղավ, իսրայելական ճնշումների դեմն առավ…

Նշեմ բարիդրացիական, եղբայրական, ընկերական հարաբերությունները հայ- մերձավորարեւելյան, արաբական երկրների հետ: Մեր ներկայիս կացությունը, նաեւ՝ Արցախի կորստից հետո, շատ նման է Պաղեստինին: Այսօր մենք Արցախի դրոշն ենք բարձրացնում,   նրանք՝ կբարձրացնեն Պաղեստինի դրոշը: Երկու ժողովուրդների իրավունքները ոտնահարված են, երկու ժողովուրդների հայրենիքը գրավված է:

Հարց պիտի տամ, մեր իրավունքները կվերագտնե՞նք, թե՞ կգնանք Ադրբեջանի դաշնակից Իսրայելի կողքը կանգնենք…

Լավ, կհարցնեն, Ադրբեջանն իր գազն է վաճառում, դրա դիմաց զենք է ստանում, որն է սխալը, բոլոր երկրները ազատ են, կարող են առեւտրի մեջ մտնել: Սակայն այս տեսակետը չի կարող արդարացնել ի զորակցությունն Ադրբեջանին՝ Իսրայելի կեցվածքը, որովհետեւ դա ոչ միայն առեւտուր է, Իսրայելի արդարացումը վիրավորական է, թե Իրանի վրա ճնշման համար է, դրա համար սատարում է Ադրբեջանին: Իրանի հետ եթե խնդիր ունես, խնդրեմ, պատերազմ հայտարարիր: Այդ արդարացումը մեր կողմից վիրավորական է: Եղան անգետներ, որոնք այդպես երազային քաղաքականությունն ու ու իրականը կխառնեն:

Սատարումը, թե իսրայելական զորավոր բանակ ունենանք «հաղթական տարածաշրջանում», մենք էլ պիտի այդպիսի հնարավորություն ունենանք: Կհնչի այսպիսի միտք էլ, Արեւմուտքը մեր հետ պիտի դաշնակից լինի, քանի որ մենք առաջին քրիստոնյա ժողովուրդն ենք: Եվրոպան, թեկուզ, Եվրամիությունն այսօր չի առաջնորդվում կրոնական քաղաքականությամբ, կրոնական միություններ չեն Եվրամիության մեջ, Եվրոպան ֆրանսիական, անգլիական հեղափոխություններով ջանքեր գործադրեց, որ կրոնական առաքելությունից ձերբազատվի, շարունակե՞նք, թե՞ քրիստոնյա ասելով ՆԱՏՕ մտնենք, դրա՞ն է մեր վերլուծական միտքը տանում: Ժամանակն է այս փոփոխվող աշխարհում հասկանանք, որ տարածաշրջանի մեջ ենք, ովքեր են մեր հարեւանները:

Հարցազրույցը՝ Պետրոս ՄԱՆՈՒԿՅԱՆԻ

«Առավոտ» օրաթերթ
28.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031