Լրահոս
Օրվա լրահոսը

Մեկ գլուխգործոցի պատմություն

Հոկտեմբեր 30,2023 12:00

Խաչատրյանի «Դիմակահանդեսն» այս օրերին շրջում է Ֆրանսիայում

Արամ Խաչատրյանի ստեղծագործական հարուստ ժառանգության մեջ կան բազմաթիվ գործեր, որոնցով հիանում է աշխարհը։ Դրանց թվում է հիասքանչ «Վալսը»՝ գրված Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի համար։ Հաճախ ասվում է, որ Խաչատրյանն ունի երեք բալետ՝ «Սպարտակ», «Գայանե» եւ «Դիմակահանդես», բայց դա այդպես չէ։ 1982թ. կոմպոզիտորի սանը՝ Էդգար Հովհաննիսյանը ստեղծել է «Դիմակահանդես» բալետի պարտիտուրը, որի հիմքում նշյալ դրամայի երաժշտությունն էր։ Խորեոգրաֆիկ այս ներկայացումն առաջին անգամ բեմադրվել է Օդեսայի օպերայի եւ բալետի թատրոնում, 1982թ.։ Երեւանի օպերայի եւ բալետի ազգային ակադեմիական թատրոնում «Դիմակահանդեսը» բեմադրվել է 2017թ.՝ Վիլեն Գալստյանի խորեոգրաֆիայով, բեմադրող դիրիժոր՝ Հարություն Արզումանյան։

Խաչատրյանի հոբելյանական տարվա շրջանակներում հոկտեմբերի 26, 27-ին Փարիզի «Կոնգրեսների պալատում» (5572 հանդիսատեսի համար նախատեսված) ցուցադրվել է մեր թատրոնի «Դիմակահանդեսը», իսկ ամսի 29-ին այն կներկայացվի Ստրասբուրգի «Զենիթ Եվրոպա» համերգասրահում (12079 հանդիսատես)։ Ներկայացումներում ներգրավված են, բնականաբար՝ բալետային խումբը եւ մենապարողներ Մերի Հովհաննիսյանը, Սյուզաննա Փիրումյանը, Անահիտ Վասիլյանը, Ռուբեն Մուրադյանը, Րաֆֆի Գալստյանը, Ռազմիկ Մարուքյանը, ինչպես նաեւ թատրոնի նվագախումբը։ Ներկայացումները ղեկավարում է Հարություն Արզումանյանը։


Բալետի վերածված Խաչատրյանի այս գլուխգործոցը հետաքրքիր պատմություն ունի. 1941թ. Լերմոնտովի մահվան 100-ամյա տարելիցի առիթով Մոսկվայի Վախթանգովի անվան թատրոնը բեմադրել է վաղամեռիկ բանաստեղծի ամենանշանավոր գործերից մեկը՝ «Դիմակահանդես» դրաման։ Պիեսն արգելված է եղել գրաքննության կողմից եւ Լերմոնտովը 1835-36թթ. այն երեք անգամ վերափոխել է, բայց այդպես էլ կենդանության օրոք չի տեսել բեմադրված։ Բանաստեղծի մահից հետո՝ 1843թ., ռուս մեծանուն դերասան Մոչալովը փորձում է թույլտվություն ստանալ պիեսը բեմադրելու համար, բայց ապարդյուն։ Դրաման բեմ է բարձրացել միայն 1862թ., թեեւ գրաքննության ենթարկված, բայց փոքր կրճատումներով։

Վախթանգովի անվան թատրոնը դրամայի համար երաժշտություն է պատվիրում Արամ Խաչատրյանին, ով հետագայում պետք է անկեղծանար. «Իմ կիրքը թատրոնի նկատմամբ այնպիսին է, որ եթե երաժշտությունը ժամանակին չլցներ իմ մտքերը, ես հավանաբար դերասան կդառնայի»։ Կոմպոզիտորը ուրախությամբ է ընդունել պատվերը։ «Ես երբեք չեմ դադարի զարմանալ այդ հրաշքով, որը կոչվում է «Դիմակահանդես» դրամա, որը գրել է Լերմոնտովը ընդամենը 21 տարեկանում,- ավելի ուշ ասել է կոմպոզիտորը, հետո էլ հավելել,- ես շատ լուրջ եմ աշխատել այս երաժշտության վրա։ Դրա համար մի քանի պատճառ կար.  նախ՝ ես սիրեցի Վախթանգովի անվան թատրոնը, որն ինձ պատվիրեց այս երաժշտությունը եւ հաճախակի այցելեցի այնտեղ։ Երկրորդ՝ ես գիտեի, որ շատ տարիներ առաջ «Դիմակահանդեսի» բեմադրության համար, որը Սանկտ Պետերբուրգում բեմադրվել է Վսեւոլոդ Մեյերհոլդի կողմից, երաժշտությունը գրել է Գլազունովը։ Երբ 1938թ. այս ներկայացումը վերականգնվեց եւ ես տեսա այն, զարմացա. Գլազունովի երաժշտության մեջ չկար վալս, մինչդեռ Լերմոնտովը գրել է.

Ինչ լավն է նոր վալսը։ Ինչ-որ հիացմունքի մեջ

Ավելի արագ պտտվեց – եւ հիանալի ցանկություն

Մտքերս եւ ես ակամայից նետվեցինք հեռավորության վրա,

Եվ սիրտս խորտակվեց. ոչ միայն տխրություն,

Ոչ թե դա ուրախություն է…

Գլազունովի ցուցումով Մեյերհոլդը օգտագործեց Գլինկայի հայտնի վալս-ֆանտազիան։ Անկեղծ ասած՝ «Դիմակահանդեսի» երաժշտությունը ստեղծելիս ինձ ամենաշատն այս վալսը հիացմունք պատճառեց։ Ես անվերջ կրկնում էի Լերմոնտովի խոսքերը եւ չէի գտնում մի թեմա, որն իմ կարծիքով եւ նոր էր, եւ լավ։ Այլ կերպ ասած՝ արժանի… Ես բառացիորեն կորցրի հանգստությունս, համարյա զառանցում էի վալսի հնչյունները։ Այդ ժամանակ ես նկարահանվեցի նկարչուհի Եվգենյա Պաստեռնակի դիմանկարի համար եւ սեանսներից մեկում անսպասելիորեն լսեցի մի թեմա, որը դարձավ իմ ապագա վալսի երկրորդ թեման։ Կարո՞ղ եմ բացատրել, թե ինչպես է այն ծնվել իմ մեջ։ Դժվար թե…»։

Լերմոնտովի «Դիմակահանդես» դրամայի տիտղոսաթերթը՝ գրաքննության արգելքով, 1835թ.

Իսկ երաժշտությունը ստեղծվել է արագ, ներկայացումն էլ կայացել է 1941թ. հունիսի 21-ին՝ պատերազմի նախօրեին։ Իհարկե, ներկայացումը շատ արագ լքեց բեմը, մինչդեռ խաչատրյանական երաժշտությունը՝ Վալսը, կենդանի մնաց կոմպոզիտորի՝ 1943թ. գրված սյուիտի տեսքով։

Սամվել ԴԱՆԻԵԼՅԱՆ

Լուսանկարներում՝ տեսարաններ «Դիմակահանդես»-ից

«Առավոտ» օրաթերթ
28.10.2023

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031