Լրահոս
Օրվա լրահոսը

Րաֆֆի Քորթոշյան․ «Մենք տեսնում ենք թշնամու վանդալիզմը մեր քարակերտ հուշարձանների նկատմամբ, հետեւաբար, նա ինչպե՞ս կվարվեր այդ հուշարձանները կերտած հայ մարդու հետ»

Հոկտեմբեր 29,2023 23:35

Հայկական ճարտարապետությունն ուսումնասիրող հիմնադրամի փոխտնօրեն Րաֆֆի Քորթոշյանը, թերեւս, Հայ իրավաբանների համագումարի մասնակից ու բանախոս եզակի մասնակիցներից էր, որն իրավաբան չէ։

Aravot.am-ի հետ զրույցում նա տեղեկացրեց, որ արմատներով Սիրիայից է, սակայն 2006 թվականից տեղափոխվել է Հայաստան եւ այս համագումարում ներկայացնում է իրենց կազմակերպության երեւանյան գրասենյակը։

«Մենք հուշարձաններն ուսումնասիրում ենք արդեն 45 տարի եւ հսկայական բազա ունենք։ Առաջին սերունդը, որ սկսել է այս գործը, իսկ մենք հիմա երկրորդ սերունդն ենք եւ նույն հիմքի, նույն արխիվների վրա գործունեությունը շարունակում ենք,  սկզբնական նպատակ ունեցել է հայկական հուշարձանները պահպանել թեկուզ թղթի վրա։ Այսինքն, այդ սերունդը հստակաբար իմանալով, որ հայկական հուշարձաններն ավերվում են, փորձում էր գտնել այդ հուշարձանները, լուսանկարել, չափագրել, գրքեր պատրաստել դրանցով, որպեսզի թեկուզ թղթի վրա մենք ունենանք այդ հուշարձանների տվյալները։ Բայց աշխարհը փոխվում է եւ  հիմա իրավաբանների այս համագումարին մեր մասնակցության  նշանակությունն է՝ խթանել, որպեսզի մեր իրավաբանները արդեն իրավաբանորեն զբաղվեն, փորձեն պատժել այն վանդալներին, որոնք ավերում են մեր հուշարձանները՝ այդպես իսկ պաշտպանեն այն հուշարձանները, որոնք դեռ կանգուն են, որպեսզի դրանք պաշտպանված լինեն։

Սա է մեր խնդիրը։ Մենք մեր գործը անում ենք լավ։ Հավաքում ենք արխիվային նյութեր, որոնք կարող են ինչ-որ մի դատարան մտնել եւ դատարանից դատը շահած դուրս գալ։ Եվ իրավաբանները պետք են, որ այդ դատերը վարեն ու կռիվ տան։

Պարոն Քորթոշյանը նաեւ ասաց, որ չնայած իրականացվող դժվար ու ծանր աշխատանքին, իրենք ըստ էության գնում են իրադարձությունների հետեւից, երբ հուշարձանները քանդվում են։ Դրա համար նա կոչ է անում բոլորին, նաեւ իրավաբաններին, որպեսզի աշխարհը հեղեղեն իրականության մասին ճիշտ ինֆորմացիա հրապարակելով, դատարաններում՝ բողոքներով, որով մեծապես կկանխարգելվի հայկական պատմական հուշարձանների ոչնչացումը։

«Մենք ունենք ավերված հազարավոր հուշարձաններ։ Բայց նաեւ ունենք ինչ-որ չափով կանգուն հազարավոր հուշարձաններ։ Մենք խնդիրը տեսնում ենք ոչ միայն այդ հուշարձանները ավերողներին պատժելու մեջ, այլեւ նրանում, որ նոր ավերողներ ի հայտ չգան։ Օրինակ, ցեղասպանությունից 40-50 տարի հետո մեր ժողովուրդը դեռ ուշքի չէր եկել, այս ուղղությամբ ոչինչ չի արվել եւ Արեւմտյան Հայաստանում հայկական հուշարձանների 90 տոկոսն ավերվել է։ Հիմա նույնը իրատեսորեն սպառնում է Արցախի պարագայում։ Եվ եթե հիմա ոչինչ չանենք, ընդամենն արձանագրենք հերթական հուշարձանի ավերումը կամ յուրացումը, 50-60 տարի հետո այնտեղ էլ ոչինչ չի մնա»։

Մասնագետի համոզմամբ, այս գործընթացում շատ կարեւորվելու է նաեւ փորձի կուտակումը։ «Ամեն դատից հետո եւ իրավաբանները եւ մենք փորձ ենք շահում։ Օրինակ, տարիներ առաջ մի կազմակերպություն մեզ դիմեց, որ ուզում է Եվրոդատարանում Ջուղայի խաչքարերի ավերման վերաբերյալ դատ բացել եւ դրանք վերականգնել։ Նյութերը տրամադրելուց հետո այդ դատի ընթացքում մի խնդիր առաջացավ։ Ի՞նչ արժե այդ հուշարձանը՝ քարագործ  վարպետներ կային։ Բայց խնդիրն այն էր, թե խաչքարը որպես պատմական արժեք իրենից ի՞նչ է ներկայացնում եւ ի՞նչ արժեք ունի։ Դրա համար մեզ իրավաբաններն ասում էին, որ գտնենք այս հարցի լուծումը։ Եվ գտանք։ Լուվրի թանգարանում համարյա նույն դարի մի խաչքար կա, որն ապահովագրված է $ 1 միլիոնով։ Հետեւաբար, դա եղավ հիմքը, որ այդ դատի մեջ  ընդգրկվեց այդ $ 1 միլիոնը ամեն խաչքարի համար։ Բայց դատը ավարտին չհասցվեց, որովհետեւ դատարան ասաց, թե չի կարողանում ճշգրիտ իրավահաջորդ նշել դատ բացող կազմակերպությանը Ջուղայի խաչքարերում ամփոփված մարդկանց հետ։ Սա մի փորձառություն էր, որ հասկացանք, որ իրավահաջորդության ձեւակերպումը պետք է ինչ-որ մի ձեւով տրվի։

Փորձը ցույց է տվել, որ այս տարածաշրջանում, հատկապես թշնամի պետությունների հարեւանությամբ,  հայկական հուշարձանները հնարավոր է պահպանել միայն այն դեպքում, երբ այդ հուշարձաններն ստեղծող ժողովուրդը տեղում է։ Իսկ ժողովուրդը տեղում կարող է լինել իր ինքնությամբ։ Օրինակները շատ են․ Նախիջեւանը, Հադրութը, Հյուսիսային Արցախը, հիմա նաեւ ամբողջ Արցախը։ Մենք տեսանք, թե Ադրբեջանը Հադրութում ինչ է անում։ Հային տեղահանեց եւ սկսեց հայի ստեղծագործած քարի նկատմամբ վանդալիստական գործողություններ անել։ Քարի նկատմամբ, որն իրենից ոչ մի իրավունք չի պահանջում․ պարզապես, իր տեղում կանգնած է։ Պատկերացնո՞ւմ եք, թե Ադրբեջանն ինչպես կվերաբերվի այդ քարը ստեղծագործած հայի նկատմամբ, որն ուզում է իր մայրենի լեզուն սովորել, ուզում է ազատություն, ուզում է մարդու իրավունքներին համարժեք կյանք ապրել։ Հետեւաբար, նրանք իրար հետ չեն կարող ապրել, անհամատեղելի են։ Մենք պետք է պաշտպանենք մեր հուշարձանները, որոնք մեր ինքնության վկաներն են ոչ միայն Արցախում, որտեղ հայ արդեն չկա, այլեւ այն տարածքներում, որոնց վրա աչք ունի թշնամին>,-ասաց Րաֆֆի Քորթոշյանը։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031