Լրահոս
Օրվա լրահոսը

1999թ. Հոկտեմբերի 27-ին ԱԺ-ում ոչ միայն մարդ են սպանել, սպանել են նաեւ ՀՀ տնտեսությունը. Անահիտ Բախշյան

Հոկտեմբեր 29,2023 21:44

ԱԱԾ-ում քննվող հոկտեմբերի 27-ի վերաբացված գործով Անահիտ Բախշյանը օրեր առաջ ԱԱԾ է գնացել, հանդիպել գործը քննող քննիչին: Ինչպես նա պատմեց Aravot.am-ին, միայնակ չի եղել, իր հետ է եղել նաեւ ՀՀ ԱԺ երկրորդ գումարման պատգամավոր Տարոն Սահակյանը: Հիշեցնենք, որ վերջինս 1999-ի հոկտեմբերի 27-ի ահաբեկչության օրը ԱԺ նիստերի դահլիճում չի եղել ու այդ գործի շրջանակում չի ճանաչվել տուժող:

Տիկին Բախշյանը նկատում է, որ նախկին պատգամավորը ահաբեկչության դեպքով բազմաթիվ փաստեր է արձանագրել ու հրապարակել:

Վերջինը, ըստ տիկին Բախշյանի, նախկին պատգամավորի բաց հաղորդումն էր հանցագործության մասին, ինչից հետո տիկին Բախշյանը ԱԱԾ տնօրեն Արմեն Աբազյանին է դիմել նամակով՝ միջնորդելով, որ այդ հաղորդմանը ընթացք տան ու հետեւողական լինեն:

Պատասխան նամակով տիկին Բախշյանին հայտնել են, որ ընթացքի մեջ է, սակայն համապատասխան գործողությունների մասին տեղեկություններ չստանալով՝ տիկին Բախշյանը համոզվելու համար, թե այդ հաղորդմանը ընթացք տալով՝ իրականում ինչ են անում, հանդիպում է խնդրել իր եւ նախկին պատգամավորի՝ Տարոն Սահակյանի մասնակցությամբ: Հանդիպումը կազմակերպվել է օրեր առաջ այդ գործը քննող քննիչի հետ. «Ես հասկացա, որ Տարոն Սահակյանի բարձրացրած հարցերն այնքան էլ ուշադրության չեն արժանացել, կիսատ տրամադրությամբ դուրս եկանք հանդիպումից: Ի՞նչ է ուզում Տարոն Սահակյանը, ուզում է, որ իրեն տուժող ճանաչեն, որովհետեւ իր բերած փաստարկները հոկտեմբերի 27-ի տնտեսական ահաբեկչության մասին է, այնտեղ ոչ միայն մարդ են սպանել, սպանել են նաեւ ՀՀ տնտեսությունը:

Տարոն Սահակյանի բերած փաստերը դրա մասին են: ԱԱԾ-ում էլ ասում են՝ քանի որ դրանք տնտեսական հարցեր են, մենք շատ չենք խորանում: Տարոն Սահակյանն էլ ասում է՝ էդ մասն անջատեք քրեական վարույթից, գրեք տնտեսական ու առանձին վարույթով ուսումնասիրեք: Տարոնը թվեր է ասում, փաստեր է ներկայացնում, մարդկանց անուններ է ասում, որոնք վկայում են Հայաստանի նկատմամբ տնտեսական ահաբեկչության մասին: Այն ծրագիրը, որը Տարոնը բերել էր «Միասնություն» դաշինքի հետ միասին որպես կառավարության ծրագիր տնտեսական բլոկին վերաբերող, հոկտեմբերի 27-ից հետո Քոչարյանը դարձրեց՝ գույք-պարտքի դիմաց ու Հայաստանը վաճառեց »:

Հիշեցնենք, որ 2004 թվականի նոյեմբերի 11-ին Հոկտեմբերի 27-ի գործը կարճվել էր, 2019 թվականի դեկտեմբերի 18-ին Անահիտ Բախշյանը իր ներկայացուցիչ, փաստաբան Զարուհի Մեժլումյանի հետ բողոք էր ներկայացրել այն ժամանակվա գլխավոր դատախազ Արթուր Դավթյանին. 37 էջանոց բողոքում փաստաբանը վերծանել էր գործի նյութերին վերաբերող մի շարք կարեւոր դրվագներ, որոնց պատշաճ քննության վերաբերյալ շատ հարցեր են մնացել անպատասխան: Տիկին Բախշյանը մեզ հետ զրույցում թվարկում է իրենց առանձնացրած մի քանի դրվագները. «Հարցադրումներից մեկն այն էր, որ Հոկտեմբերի 27-ի ահաբեկչության հիմքում դրված էր նաեւ Մեղրիի տարածքի զիջման վարկածը եւ Ռոբերտ Քոչարյանի ու Սերժ Սարգսյանի ցուցմունքները բոլորովին արժանահավատ չէին, ինչու իրենք չեն հարցաքննվել կոնկրետ հարցով:

Քննության նյութ չի դարձել Մուշեղ Սաղաթելյանի ցուցմունքը, ասում էր՝ հրաժարվում ենք Հոկտեմբերի 27-ի քննչական խմբին ցուցմունք տալուց, քանի որ նրանք քաղաքական պատվեր են կատարում: Ուրեմն քննչական խումբը քաղաքական պատվեր է կատարում, իսկ ահաբեկչությունը քաղաքական պատվերով չե՞ն կատարում՝ մտնելով ԱԺ, սպանելով քաղաքական էլիտային: Հարցին, թե ինչ ապացույցներ ունեք, Սաղաթելյանը նշել է, 1999-ի հոկտեմբերի 27-ից հետո մինչեւ 2000 թվականի փետրվար- մարտ ամիսը ամեն օր երեկոյան գտնվել է զինդատախազ Գագիկ Ջհանգիրյանի աշխատասենյակում:

Յուրաքանչյուր օր քննիչներից նա հավաքում էր քննչական գործողությունների արձանագրությունները ու տանում էր ՀՀ նախագահի նստավայր՝ նրան զեկուցելու համար, բազմաթիվ անգամներ ես եմ անձամբ նրան ուղեկցել նախագահի նստավայր: Այս ամենից ելնելով՝ չեմ վստահում քննչական մարմնին ու չեմ ցանկանում ցուցմունք տալ: Մուշեղ Սաղաթելյանը, կարծեմ հիմա կոմայի մեջ է»:

Տիկին Բախշյանի խոսքով, բողոքում անդրադարձել էին նաեւ նրան, թե ինչու քննության առարկա չի դարձել Պն նախարարի առաջին տեղակալ Մկրտիչ Աբրահամյանի ցուցմունքի այն տեղեկատվությունը, որը էական նշանակություն կարող էր ունենալ հնարավոր կազմակերպիչների հայտնաբերման ուղղությամբ. «Իսկ ցուցմունքում ասել էր, դեկտեմբերի 28-ին նախագահին հանդիպում ենք երեք բարձրաստիճան զինվորականներ, վերջինը նրանց պատմում է, որ 27-ին նախկին ու ներկա զինվորականներ ՊՆ կողմից գրավոր պահանջ են ներկայացրել կառավարության որոշ ուժային նախարարների փոխելու մասին, այդ նամակը գրված էր կարմիր թանաքով:

Քոչարյանը ցույց տվեց ու ասաց, որ բերված է Վահան Շիրխանյանի ձեռքով ՊՆ-ի կարգադրությամբ: Իսկ ում պաշտոններին նշանակել. վարչապետ՝ Վահան Շիրխանյանին, վարչապետի տեղակալ՝ Անդրանիկ Քոչարյանին, ՀՀ դատախազ՝ Ջհանգիրյանին, Անվտանգության նախարար՝ Վյաչեսլավ Հարությունյանին, Ներքին գործերի նախարար՝ Մուրադ Կիրակոսյանին: ՊՆ նախարար Վաղարշակ Հարությունյանը նշել է, որ ոչ մի կապ չունի այդ տեքստի հետ: Հաջորդը՝ Ալեքսան Հարությունյանի, Մանվել Գրիգորյանի տեսագրված զրույցի ժապավենը չի հայտնաբերվել, ուր է չկա, չի հայտնաբերվել նաեւ այն ժամանակվա նախագահ Քոչարյան- ահաբեկիչ զրույցի ժապավենը, բաներ, որոնք բոլորը գիտեն: Չեն էլ անդրադարձել, դատաքննությունն այդ հարցերին չի էլ անդրադարձել»:

 

Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031