«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում այսօր շարունակվում է «Հանուն հայկական շահերի եւ օրենքի գերակայության» խորագրով Հայ իրավաբանների համագումարի աշխատանքը, որի շրջանակներում կայացան նոր թեմաներով պանելային քննարկումներ:
Փաստաբան Գայանե Շտոյանը, որը Մոսկվայում «Հայ իրավաբանների ասոցիացիայի» հիմնադիրներից է, խոսեց ազգային շահերի պաշտպանության մասին: Aravot.am-ի հետ զրույցում նա ասաց, որ այս հարցում առաջնային է ընտանիքի պաշտպանությունը՝ ներառյալ երեխաների իրավունքը:
«Մենք շատ ենք խոսում անվտանգային, տնտեսական չպաշտպանվածության, ինտելեկտուալ իրավունքի մասին, սակայն իմ համոզմամբ՝ մեր ազգային կերպարի ամենամեծ արժեքը ընտանիքն է, որի շնորհիվ մենք որպես ազգ գոյություն ունենք: Դրա համար այս համագումարում շատ կարեւոր է ուշադրություն դարձնել բռնի տեղահանված մարդկանց իրավունքների պաշտպանությանը, հատկապես՝ երեխաների, որոնց կտրել են այն միջավայրից, որտեղ նրանք ադապտացված էին: Միջազգային բառապաշարում ադապտացիան շատ կարեւոր իրավական տերմին է: Գոյություն ուն 1970 թվականի Հաագայի հատուկ կոնվենցիան, որն արգելում է երեխաներին կտրել այն միջավայրից, որում նրանք սովոր են ապրել, եթե չկա կողմերի ծնողների համաձայնությունը: Եվ եթե զուգահեռ անցկացնենք, թե ինչ է կատարվում մեր երեխաների հետ, այստեղ վեճը ոչ թե ծնողների, այլ պետությունների միջեւ է: Արդյունքում, մեծահասակների կոնֆլիկտների պատճառով տուժում են երեխաները: Ես այսօր այս մասին խոսեցի եւ իմ բոլոր գործընկերներն աջակցեցին ինձ, հավանություն տվեցին, որ երեխաների պաշտպանությունը կարեւոր է եւ անհրաժեշտ»:
Գայանե Շտոյանը նաեւ խնդրի լուծման կոնկրետ մեխանիզմների առաջարկություններ ուներ, որոնք ավելի մանրամասն ներկայացնելու էր աշխատանքային քննարկումների ժամանակ:
Կարդացեք նաև
Ի տարբերություն շատերի մեջ տարածված տեսակետի, թե ամեն ինչ արդեն ավարտված է, Գայանե Շտոյանը որպես իրավաբան համոզված է, որ չպետք է հետ նայել: «Ես չեմ կարծում, թե ամեն ինչ ավարտված է: Հակառակը, այսօրվա դրությամբ ամեն ինչ շարունակվում է: Մեր այս պանելային քննարկման ժամանակ շատ է խոսվում անհետաձգելի գործունեությունների մասին: Այստեղ հավաքվել են մարդիկ, որոնք ոչ միայն կարողանում են գեղեցիկ խոսել, խոստումներ տալ: Մենք օտար երկրներից եկել ենք ասելու՝ պատրաստ ենք աշխատել եւ ունենք առաջարկներ: Ուղղակի մեզ ուղղություն ցույց տվեք: Եվ որ այս համաժողովի խոսնակների, բանախոսների 60 տոկոսից ավելին կառավարությունից չեն այլ սփյուռքի ներկայացուցիչներն են, ես կարծում եմ, որ կառավարությունը տեղ է տալիս մեր կարծիքին ու, ինչու չէ, պատրաստ է համագործակցել»,-ասաց նա:
Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ