Սեպտեմբերի 19-ին զանգվածային անկարգություններին մասնակցելու ու ոստիկանին հարվածելու դեպքով հոկտեմբերի 28-ին կալանավորվել է մարտակերտցի անչափահաս Սամվել Միրզոյանը: Կալանքի միջնորդությունը վարույթ իրականացնող մարմինը ներկայացրել էր դեռ հոկտեմբերի 6-ին, ապա անչափահաս տղային հայտնաբերելու համար հայտարարվել էր հետախուզում:
Սամվել Միրզոյանի պաշտպան Աբգար Պողոսյանը Aravot.am-ին ասաց, որ սեպտեմբերի 22-ից քննչական մարմինը պարզել է Սամվելի ինքնությունը, դրանից հետո հետախուզում է հայտարարվել, ապա նրա բացակայության պայմաններում հոկտեմբերի 6-ին արդեն եղել է կալանքի որոշում. «Սամվելը հայտնաբերվել է հանրային վայրում, քաղաք Երեւանում, պուրակներից մեկում: Եթե փորձեր թաքնվել վարույթ իրականացնող մարմնից, փախուստի դիմեր, չէր կարող իր առօրյան անցկացնել հանրային վայրում: Իր հասցեն, կենցաղը նա չի փոխել, իր սովորական կյանքով է ապրել»:
Փաստաբանը պատրաստվում է բողոքարկել կալանքի որոշումը, քանի որ այն իրավաչափ չի համարում. « Իրավաչափության հեռ որեւէ առնչություն չունի: Ըստ էության, նաեւ վարույթ իրականացնող մարմինն է փաստել, որ գործողությունների առյուծի մասը բաժին են ընկնում տեսաձայնագրություններին ու դրա զննություններին, հետեւաբար, ողջամիտ չէ, կարծել, թե մեղադրյալը որեւէ կերպ կարող էր խոչընդոտել քննիչի տիրապետության տակ գտնվող տեսաձայնագրությունների զննությանը: Բացի այդ՝ անձը անչափահաս է, ծանր սոցիալական վիճակում, միակողմանի ծնողազուրկ, քույրն ու մայրը ունեն առողջական խնդիրներ, հաշմանդամության կարգ, այդ տղան եւս ունի սրտի հետ կապված խնդիրներ, ինչի պատճառով թողել է սպորտը, ու այս ամենը փաստարկված ներկայացվել է դատարանին, բայց կալանավորվեց խոչընդոտելու հիմքով: Դատավորը կարծում է, որ սոցիալական ծանր պայմաններում ապրող անչափահաս երեխան կարող է ապացույցների հավաքագրմանը խոչընդոտել»:
Փաստաբանը նկատեց, որ վարույթն իրականացնող քննիչը հոկտեմբերի 6-ին էլ էր կալանքի վերաբերյալ միջնորդության հիմքում դրել գործով անցնող վկաների հարցաքննություն, ապացույցների հավաքագրմանն ուղղված գործողություններ, բայց հոկտեմբերի 6-ից մինչեւ հիմա բացարձակ որեւէ գործողություն չի արվել:
Կարդացեք նաև
Աբգար Պողոսյանը նաեւ ասաց, որ մեղադրանք է առաջադրվել ոստիկանին հարվածելու համար, բայց գործով չկա տուժող ոստիկան:
Արփինե ՍԻՄՈՆՅԱՆ