2023-2024 թթ. ուսումնական տարում AMAA-ի Ավետիսյան դպրոցում սովորող 800 աշակերտից 40-ը սեպտեմբերի 17-ից սկսած՝ բռնի տեղահանվել են Արցախի Ստեփանակերտ, Մարտունի քաղաքներից, ինչպես նաեւ Ճարտար, Հաթերք եւ Խնուշինակ գյուղերից։
1-12-րդ դասարաններում սովորող արցախցի աշակերտների համար ստեղծվում են բոլոր պայմանները՝ կրթօջախի նոր միջավայրում ինտեգրվելու եւ բարձրորակ ուսում ստանալու համար։ Նրանց հետ աշխատում է դպրոցի հոգեբանը։ Կրթօջախը տեղահանված աշակերտներին օժանդակել է գրենական պիտույքների եւ դասագրքերի ձեռքբերման հարցերում: Եվս 4 արցախցի երեխա ընդգրկվել է Ավետիսյան կրթահամալիրի մանկապարտեզում:
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցության (AMAA) Խորեն եւ Շուշանիկ Ավետիսյան դպրոց եւ համայնքային կենտրոնը կրթական հաստատություն է, որը տրամադրում է 12-ամյա բարձրորակ, համակողմանի եւ անվճար կրթություն։
Դպրոցի շենքի ժամանակակից ճարտարապետությունը դյուրացնում եւ բարելավում է ուսումնական գործընթացը։ Կրթահամալիրն արժանացել է «LEED Արծաթ» հավաստագրի՝ որպես բնապահպանական պահանջներին համապատասխանող նախագիծ եւ տարածաշրջանում նման եզակի կառույցներից մեկը։
Կարդացեք նաև
Նորագույն տեխնոլոգիաներով հագեցած այս դպրոցն աջակցում է Երեւանի Հարավ-արեւմտյան թաղամասի՝ գլխավորապես ցածր եկամուտ ունեցող համայնքին։
AMAA-ի առաքելությունը հասարակության խոցելի խմբերին անհրաժեշտ գործիքակազմով զինելն է՝ դառնալու բազմակողմանի զարգացած քաղաքացիներ եւ իրացնելու սեփական ներուժը։
Վերջին չորս տարիների ընթացքում կրթահամալիրի ավագ դպրոցն ունեցել է 111 շրջանավարտ, որոնց 100%-ը կրթությունը շարունակել է երկրի առաջատար բուհերում։
Արցախից տեղահանված աշակերտների հոսքը Ավետիսյան դպրոց շարունակվում է։
Ամերիկայի Հայ Ավետարանչական ընկերակցություն