Լրահոս
Օրվա լրահոսը

Զարեհ Սինանյան. «Դուք ուզում եք, որ ես այս համաժողովի ծանր թեմաները այստեղ մի քանի բառով արտահայտե՞մ։ Չի ստացվի, ես չեմ էլ կարող սպառիչ պատասխաններ տալ»

Հոկտեմբեր 28,2023 23:51

«Արմենիա Մարիոթ» հյուրանոցում «Հանուն հայկական շահերի եւ օրենքի գերակայության» խորագրով Հայ իրավաբանների համագումարի պանելային քննարկումներից մեկը նվիրված էր ԼՂ հիմնախնդրին եւ հետպատերազմական գործընթացներին։

Aravot.am-ը զրուցեց համաժողովի կազմակերպիչ, ՀՀ սփյուռքի գործերի գլխավոր հանձնակատար Զարեհ Սինանյանի հետ։

-Պարոն Սինանյան։ Որքան հնարավոր է հակիրճ ներկայացրեց այս նախաձեռնության նպատակը։

-Եթե շատ կարճ պատասխանեմ, խորացնել, ընդլայնել սփյուռքի հայ իրավագիտական մտքի ներգրավվածությունը հայաստանյան գործընթացների մեջ։

-Առաջին պանելային քննարկումը եղավ։ Այն ինչպե՞ս անցավ ձեր կարծիքով։

-Պանելային քննարկման այդ խումբը եւ մյուսները նույնպես, վաղը բաժանվելու են փոքր աշխատանքային խմբերի, որտեղ, եթե կարելի է ասել, բոլոր ծալքերը, այսօր հնչեցված մտքերը ավելի մանրամասն ու ըստ էության քննարկելու են ավելի գործնական մթնոլորտում։ Մենք ձեւաչափն այնպես ենք մշակել, որ լինի ոչ միայն պանելային քննարկում, որը սահմանափակ է էությամբ, մարդիկ քիչ ժամանակ ունեն խոսելու, մանրուքների մեջ մտնել չեմ կարող, չեմ կարող պատասխանել բոլոր հարցերին։ Այսինքն, բոլոր պանելային քննարկումները ունենալու են նաեւ խմբակային քննարկումներ։

-Եկեք զրուցենք արցախյան հիմնախնդրի քննարկման մասին։ Ժամանակավրեպ չէ՞ արդյոք այն իմաստով, որ Արցախի խնդիրը միշտ եղել է ազգային ինքնորոշման իրավունքի մակարդակում, իսկ հիմա նշաձողն իջեցվել է տարածքային խնդրի մակարդակի։

-Ասեմ։ Դեռ կան արցախցիներ, չէ՞։ Իրենք իրենց իրավունքներն ունեն։ Այդ իրավունքների հաստատման, կայացման խնդիրը կա, չէ՞։ Այդ մարդիկ այսօր բռնի ուժով իրավազրկվել են։ Մի քանի խնդիրներ կան․ իրենց հողի վրա ապրելու իրավունքի խնդիրը։ Երկրորդը՝ այդ մարդկանց՝ Հայաստանում ապրելու իրավունքի խնդիրը։ Մարդիկ լրիվ ունեզրկվել են։ Դա նույնպես խնդիր է, որը պետական դաշտում է։ Բայց ինքնին հարցը չի մեկուսացել։

Ժամանակավրեպ լինելու մասով։ Մեր համաժողովների ժամանակ մենք օրակարգերը ձեւավորում ենք մասնակիցների հետ համագործակցաբար։ Այսինքն, ձեւավորում ենք աշխատանքային խումբ, որը չի բաղկացած զուտ մեզնից, այլ բաղկացած է պոտենցիալ շահառուներից, որոնց հետ խորհրդակցելով մենք ձեւավորում ենք այնպիսի օրակարգ, որը հետաքրքրում է այն մարդկանց, որոնք մասնակցելու են։ Այլ կերպ ասած, մենք համադրում ենք պետական հետաքրքրվածությունը, պետական շահը եւ սփյուռքի իրավաբանական դաշտը։ Եվ արդյունքում ստանում ենք օրակարգ։ Այս օրակարգը արտահայտում է դա։

-Եթե արցախցիներն ուզենան գնալ եւ իրենց հողի վրա ապրել, պայման կա․ պետք է ընդունեն Ադրբեջանի սահմանադրությունը, դառնան այդ երկրի քաղաքացի։ Ինքնորոշման իրավունքն այդ դեպքում ո՞ւր մնաց։ Դա հնարավոր համարո՞ւմ եք։

– Դուք ուզում եք, որ ես այս համաժողովի ծանր թեմաները այստեղ մի քանի բառով արտահայտե՞մ։ Չի ստացվի։ Ես չեմ էլ կարող սպառիչ պատասխաններ տալ։

-Սփյուռքի հայ իրավաբանների հետ նախնական քննարկումների ժամանակ խոսք եղե՞լ է այն մասին, որ իշխանությունը Արցախը ճանաչում է Ադրբեջանի մաս ու սփյուռքի մեր հայրենակիցներն արդյո՞ք համաձայն են դրան։

-Չեմ հիշում նման բան։

-Այսինքն, այդ թեման ուժի մեջ է եւ հնարավոր է այստեղ քննարկվի՞։

-Ամեն ինչ հնարավոր է։ Բաց հասարակություն ենք։ Աշխատանքային խմբերում, եթե այդ թեման առաջ քաշվի, իհարկե, կարող է քննարկվել։

Աշոտ ՀԱԿՈԲՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031