Լրահոս
Օրվա լրահոսը

Եվրոպայի չեմպիոնի «Աղասյան» ապրանքանիշը․ կապանցի թեթեւատլետ Լեւոն Աղասյանի նոր նախասիրությունը (ֆոտոշարք)

Հոկտեմբեր 28,2023 20:43

«Ծանոթներիցս մեկի դրամապանակը հավանեցի, ասաց՝ որ ձեռքի աշխատանք է։ Սկսեցի հետաքրքրվել, համացանցից ուսուցողական ֆիլմեր նայեցի․․․ Ընկերներիցս մեկն էլ պարզվեց՝ զբաղվում է այդ արհեստով, մի քանի հմտություններ սովորեցրեց ու սկսեցի», – իր նոր նախասիրության մասին պատմում է Եվրոպայի չեմպիոն, 2 օլիմպիական խաղերի մասնակից, Բալկանյան երկրների առաջնության յոթակի չեմպիոն, միջազգային կարգի սպորտի վարպետ,  կապանցի թեթեւատլետ Լեւոն Աղասյանը։


Արդեն չորս ամիս է, ինչ նա կաշվից դրամապանակներ ու քարտապանակներ է կարում։ Հերթական մրցաշարում հաղթելուց հետո՝ ստացած պարգեւավճարով անհրաժեշտ գործիքներ է գնում ու մայրիկի հին երկարաճիտք կոշիկի ճիտքից փոքրիկ դրամապանակ է կարում՝ համոզվելու համար՝ ստացվո՞ւմ է թե ոչ։ «Ըստ իս՝ բավականին լավ էր ստացվել ու սկսեցի զբաղվել այդ գործով», – ասում է Լեւոնը՝ նշելով, որ նպատակ ունի հմտանալու եվրոպացի հանրահայտ վարպետների մոտ։

Լեւոն Աղասյանի կարած առաջին դրամապանակը


Չի հաշվել, թե մինչեւ օրս քանի հատ դրամապանակ ու քարտադարան է կարել, բայց, ընդհանուր առմամբ, մոտ 400.000 դրամի վաճառք է իրականացրել․ գները տատանվում են՝ 7000-ից մինչեւ 35.000 դրամ՝ կախված չափերից, կաշվի տեսակից։ Վաճառքից ստացած գումարը հիմնականում գործիքներ եւ հումք գնելու վրա է ծախսել։


Մեկ ապրանքանիշի վրա, սովորաբար, աշխատում է 4-ից 12 ժամ՝ կախված նմուշի ձեւից․ եթե այն փոքր տարրեր է ներառում, ապա երկար ժամանակ է պետք՝ մանրազնին է աշխատում։ «Գուցե ուրիշները չկարողանան նկատել, օրինակ կարերից մեկի թեք լինելը, բայց մասնագետները կտարբերեն։ Դրա համար պիտի սրտանց եւ ուշադիր աշխատել»,-ասում է Լեւոնը։


«Սիրում եմ հատկապես կարելու պահը, երբ ասեղը մտնում ու դուրս է գալիս, յուրահատուկ ձայն է գալիս, այդ ձայնից մի տեսակ ոգեւորվում եմ», – ասում է Լեւոնն ու մանրամասն բացատրում կարերի տեսակը։ Յուրաքանչյուր ապրանքանիշ ստեղծելիս՝ իմպրովիզ է անում։ «Նաեւ սրա համար եմ սիրում այս զբաղմունքը, քանի որ ազատ ես քո որոշումներում՝ կաշիների համադրելը, դիզայնը, կարատեսակներն որոշելը», – ասում է միջազգային կարգի սպորտի վարպետը։

Ապրանքանիշն իր ազգանունով է կոչել՝ «Աղասյան», որը դրոշմում է իր կարած յուրաքանչյուր դրամապանակի ու քարտադարանի վրա։ Զարմացա՝ երբ զրույցի ընթացքում նշեց, որ պետական եկամուտների կոմիտեում գրանցված է եւ արտադրանքի համար հարկեր է վճարում։ «Մի զարմացի, խնդիրներ չեմ ուզում ունենալ, մտադիր եմ հետագայում բիզնեսս ընդլայնել, մի քանի աշխատեղ ստեղծել։ Ծրագրերս շատ են, առաջ չընկնեմ։ Հենց դրա համար ցանկացա՝ որ ամեն ինչ օրենքի սահմանում լինի», – պատմում է զրուցակիցս։ Լեւոնն օգտագործում է իր իսկ ձեռքով կարած դրամապանակը։ «7-րդ թե 8-րդ կարածս է, ցույց տվեցի տեղացի վարպետներին՝ գովեցին․չնայած հիմա արդեն զգում եմ, որ կարատեսակը ուրիշ ձեւ պիտի անեի»,-նշում է Եվրոպայի չեմպիոնը։

Դժվարանում է ժամկետ նշել, բայց երբ արդեն բավականին քանակությամբ ունենա դրամապանակներ ու քարտապանակներ՝ պաշտոնապես ներկայացնելու է ապրանքանիշը։ Մտադիր է նաեւ ժամացույցի նորաոճ գոտիներ կարել։

Լեւոնի հոբբին մարզվելուն չի խանգարում․ ուղղակի երբ երկար է նստում՝ աշխատելու, հաջորդ օրը՝ վազելիս՝ ոտքերում մի փոքր լարվածություն է զգում։ Այդ ժամանակ, պարզապես, նախավարժանքը սովորականից երկար է տեւում։ «Հա, երբեմն էլ տնեցիներն են դժգոհում, երբ ուշ ժամերի թխկթխկացնում եմ։ Հետո, տեսնելով կարածս, ասում են՝ ընտիր է ու լրիվ տարաձայնություններն ավարտվում են», – ժպտալով խոստովանում է Լեւոնը։ Ասում է՝ տնեցիները սկզբում լուրջ չեն վերաբերվել իր նախաձեռնությանը։ Մտածել են՝ մի քանի օր կզբաղվի, ու կկորի հետաքրքրությունը։

«Եթե մի բան սկսում ես, պիտի լավ անես։ Սպորտից եկած բնավորություն է, սպորտը շատ է օգնում ոչ միայն ֆիզիկապես առողջ լինելուն, այլ օրինակ համառ ես դառնում։ Մի բան, որ չի ստացվում՝ նորից ես փորձում սկսել՝ մինչեւ հասնես ուզածիդ», – նշում է 28-ամյա Լեւոն Աղասյանը՝ խոստանալով, որ հաջորդ հանդիպմանը խոսել մարզական հաջողությունների մասին։

Արմեն ԴԱՎԹՅԱՆ

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Մեկնաբանություններ (0)

Պատասխանել

Օրացույց
Հոկտեմբեր 2023
Երկ Երե Չոր Հնգ Ուրբ Շաբ Կիր
« Սեպ   Նոյ »
 1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031